Դիանա Գասպարյանը նշանակվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար / լրացված

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էջմիածնի քաղաքապետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Դիանա Գասպարյանի վրա:  Ինչպես հայտնի է,  Էջմիածին համայնքի նախկին ղեկավար Կարեն Գրիգորյանը, ով ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է, հրաժարական է  տվել:

 

««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Դիանա Մնացականի Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ։

 

 

Հիշեցնենք, որ երրորդ հանրապետության պատմության մեջ  կանայք քաղաքապետի պաշտոն երբևիցե չեն զբաղեցրել :

 

 

«Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ,  Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար 30-ամյա Դիանա Գասպարյանը ծնվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: 2004-2011 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Գասպարյանը սովորելու վերջին տարիներին՝ 2008-2009 թվականներին աշխատել է Երեւանի քրեական դատարանում՝ որպես դատարանի նախագահի գործավար, այնուհետեւ 2009-2012 թվականներին՝ վերաքննիչ քրեական դատարանում: 2013 թվականից աշխատել է արդարադատության նախարարության եվրոպական կապերի վարչությունում՝ որպես քաղաքացիական-տնտեսական գործերով բաժնի առաջատար մասնագետ, այնուհետեւ նույն բաժնի գլխավոր մասնագետ, ապա 2016-ից այդ բաժնի պետ: Դիանա Գասպարյանը դասավանդել է նաեւ Արդարադատության ակադեմիայում՝ դատավորների, դատախազների, դատական ծառայողների վերապատրաստման շրջանակներում՝ քրեական եւ քաղաքացիական գործերով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումների հետ կապված:  Անկուսակցական է, սակայն , իր իսկ խոսքով,  գաղափարներով հարում է ներկայիս վարչապետի քաղաքական թիմին՝ կուսակցությանը: Ասում է, որ  առաջիկայում հնարավոր է  համալրի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության շարքերը:

 

Դիտեք նաև  1in.am Live -ի հարցազրույցը Դիանա Գասպարյանի հետ.

 

 

Դիտումների քանակը` 5235

Գլխավոր էջ