Դեկտեմբերի 8-ի ՏԻՄ  ընտրություններին միայն երեք կին է առաջարդրվել/ լրացված

Դեկտեմբերի 8-ին համայնքապետ ընտրող 12 գյուղերում առաջադրված  35 թեկնածուների թվում կանայք չկան։ Ավագանի ընտրող չորս համայնքներում գրանցված 40 թեկնածուներից ընդամենը 3-ն են կին։

 

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին մի շարք համայնքներում կայանալու են  ինչպես հերթական, այնպես էլ արտահերթ ՏԻՄ  ընտրություններ:

 

 

Հերթական  ընտրություններ

 

Հերթական  ընտրություններ են նշանակված  Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի 12 համայնքներում։ Երկուսում՝ Գեղարքունիքի Դդմաշեն և Շիրակի մարզի Անուշավան գյուղերում ավագանու անդամի ընտրություններ են կայանալու։

 

ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված տվյալների համաձայն, գյուղապետի ընտրություններ նշանակված տասը համայնքներից որևէ մեկում կին թեկնածու չի առաջադրվել։ Հիշեցնենք, որ բոլոր այդ տասը համայնքներում գործող գյուղապետերը տղամարդիկ են, նրանց մեծ մասը կրկին առաջադրվել են։

 

 

Ինչ վերաբերում է ավագանու ընտրություններին, ապա այստեղ երեք կին է առաջադրվել: 

 

 

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցված  ութ թեկնածուներից մեկն է կին։  Ժաննա Սարգսյանը գործող ավագնու անդամ է,  անկուսակցական է, գյուղի միջնկարդ դպրոցում աշխատում է որպես ուսուցչուհի։ Համայնքի ավագանին կազմված է վեց անդամից, նրանցից մեկն է  կին։

 

 

Շիրակի մարզի Անուշավան գյուղում էլ առաջադրված 11 թեկնածուների թվում երկու կանայք կան՝ Մարտիրոսյան Ռուզաննան ու Հակոբյան Ռոզան։ Նրանք երկուսն էլ անկուսակցական են, երկուսն էլ աշխատում են գյուղի դպրոցում՝ որպես ուսուցչուհի։ Ռոզա Հակոբյանը գործող ավագանու անդամ է։ Անուշավան գյուղի  գործող ավագանու յոթ անդամներից երկուսն են կանայք են։

 

 

Արտահերթ ընտրություններ

 

Դեկտեմբերի 8-ին արտահերթ  կարգով ընտրելու են համայնքապետեր ու ավագանու անդամներ չորս համայնքներում։

 

 

Արարատի մարզի Տափերական գյուղում գրանցված բոլոր ութ թեկնածուները տղամարդիկ են։ Նախկին գյուղապետն էլ էր տղամարդ։

 

Արագածոտնի մարզի Ավան համայնքում գրանցված երեք թեկնածու կա, նրանց թվում կին չկա։ Այս համայնքն էլ նախկինում տղամարդու կողմից էր ղեկավարվում։

 

Արարատի մարզի Նորաշեն գյուղում արտահերթ կերպով ավագանի են ընտրելու։ 9 տեղի համար պայքարող 15 թեկնածուների թվում կանայք չկան։ Նախկինում էլ ՏԻ այս մարմնում կին չի եղել։

 

Արմավիրի մարզի Ծիածան համայքում էլ ավագանու անդամի 5 տեղի համար մրցակցող վեց թեկնածուների թվում կանայք չկան։ Նախկինում համայնքի ավագանու կազմում գոնե մեկ կին կար։

 

 

Հերթական ընտրությունների մասնակիցների համար նախընտրական քարոզչությունը մեկնարկել է նոյեմբերի 20-ին ու կավարտվի դելտեմբերի 6-ին։ Գրանցված թեկնածուներն ինքնաբացարկ կարող են հայտնել մինչև նոյեմբերի 28-ը։

 

 

Նոյեմբերի 28-ին լրացել է ՏԻՄ ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը: Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 35 քաղաքացիներից 7-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 40 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել մեկ թեկնածու, որոնց թվում կանայք չկան: Այսպիսով,  ընտրություններին մասնակցող ավագանու անդամի 39 թեկնածուներից 3-ը  իգական սեռի ներկայացուցիչ են:

 

 

Արտահերթ ընտրություններին մասնակցելու համար առաջադրված թեկնածուների գրանցումն ավարտվել էր նոյեմբերի 19-ին:  Արթահերթ ընտրությունների մասնակիցների համար նախընտրական քարոզչությունը կմեկնարկի նոյեմբերի 26-ին ու կավարտվի դեկտեմբերի 6-ին։ Դեկտեմբերի 7-ը լռության օր է:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 1561

Գլխավոր էջ