Հրապարակվել է «Դայակ պետության հաշվին» ծրագրի նախագիծը. այն բաց է առաջարկների համար

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը  հունվարի 26-ին   հանրային քննարկման է ներկայացրել «Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագրի» նախագիծը՝ հրապարակելով այն կառավարության  e-draft կայքում՝  https://www.e-draft.am/projects/692/about հասցեով  և  14-օրյա ժամկետ սահմանելով առաջարկություններ ներկայացնելու համար :

 

Այսինքն,  բոլոր շահագրգռված անձինք ու կազմակերպությունները՝ ծանոթանալով  նախագծի հետ ,  կարող են նույն այդ  էջում գտնվող պատուհանի միջոցով  ներկայացնել իրենց առաջարկներն կամ դիտարկումները կառավարությանը, որն, ի դեպ, պարտավոր է արձագանքել այդ առաջարկներին՝ ընդունելով դրանք կամ հիմնավորելով դրանց մերժումը:

 

Հիշեցնենք, խոսքն այսպես կոչված «դայակ պետության հաշվին» ծրագրի մասին է, որը նախատեսում է, որ պետությունը մասամբ կփոխհատուցի դայակների աշխատավարձը այն մայրերին, որոնք ցանկանում են մինչև երեխայի 2 տարին լրանալը վերադառնալ աշխատանքի: Ծրագիրն, ինչպես հայտնի է, բխում է «Զբաղվածության մասին» ՀՀ  օրենքում անցյալ տարվա դեկտեմբերին ընդունված  փոփոխություններից  և լրացումներից,  և , ընդհանուր առմամբ,  դրական արձագանք ստացավ, սակայն սկզբնական ոգևորության հետ մեկտեղ  որոշակի հարցեր ու մտահոգություններ առաջացրեց  մանրամասների հետ  ծանոթանալուց հետո:  Դատելով  հրապարակված նախագծում  առկա  պահանջներից կարելի է փաստել, որ այդ հարցերն ու մտահոգությունները չեն փարատվել, ավելին դրանց ավելացել են  բյուրոկրատական քաշքշուկն ու որոշ սահմանափակումները: Դրա հետ մեկտեղ,   նախագծում  դրական միտում ևս կա, որ նախկինում աննկատ էր մնացել՝ պետությունը հանձն է առնում փոխհատուցել ոչ միայն դայակների, այլև վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությունների վարձավճարի մի մասը:

 

Հրապարակված նախագծով ներկայացվում   է  ծրագրից օգտվելու կարգը,   հստակեցվում է , ովքեր են լինելու  հնարավոր շահառուները,  ինչպես են նրանք ստանալու   ծրագրով նախատեսված ֆինանսավորումը և տարվա կտրվածքով քանի՞ ամիս է պետությունը պատրաստ փոխհատուցելու դայակի  կամ նախադպրոցական հիմնարկի  վարձավճարի մի մասը:

 

Ովքե՞ր են լինելու շահառուները

 

Նշենք, որ ծրագրի ներկայացման սկզբնական փուլում արդեն իսկ  հայտարարվել էր, որ   պետությունը, բնականաբար, չի կարողանա փոխհատուցում տրամադրել բոլոր ցանկացողներին: Ու  թեպետ նախագիծը հստակ թիվ չի ամրագրում,  դեռևս Ազգային Ժողովում քննարկումների ժամանակ ասվեց, որ  ծրագրից կկարողանան  օգտվել  ոչ ավելին քան 200 մայրեր: Դրա մասին էր վկայում նաև ծրագրի իրականացմանը  բյուջեով հատկացվող գումարը: Ներկայացված նախագծով հստակեցվում է ինչպիսի առաջնահերթությունների հիման վրա է կատարվելու  շահառուների ընտրությունը:

 

 Մասնավորապես, նշվում է, որ ծրագրի շահառուներն են Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերը, որոնք մինչև երեխայի 2 տարին լրանալը վերադառնում են աշխատանքի և ում ամսական միջին աշխատավարձը չի գերազանցում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ ՀՀ-ում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը:

 

Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է այն անձանց, ովքեր՝

1) ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ են.

2) ունեն երեք և ավելի երեխա.

3) ունեն հաշմանդամ երեխա.

4) համարվում են միայնակ մայր:

Ընդ որում, այս կետերով նախատեսված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքում ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է առավել երկար ժամկետով հաշվառված անձանց: Կա նաև սահմանափակում՝ շահառուն կարող է ծրագրում ընդգրկվել միայն մեկ անգամ: 

 

Նշենք, որ Զբաղվածության  գործակալությունում հաշվառված լինելու պահանջը, մեղմ ասած, անհասկանալի է, և նշանակում է, որ  աշխատելու ցանկություն ունեցող շատ մայրեր, որոնք այդ պահանջին չեն համապատասխանում, քանզի նախկինում աշխատանք ունեցել են, անարդարացիորեն զրկվում են ծրագրի շահառու դառնալու հեռանկարից: Դրան գումարվում է ընտանեկան նպաստ ստանալու առաջնահերթությունը, և ակնհայտ է դառնում, որ նշված  բոլոր  սահամանափակումների պարագայում  ծրագիրն չի կարողանա  ծառայել այն  հավակնոտ նպատակներին, որոնք  մատնանշում է պետությունը:  

 

Հիշեցնենք, որ կառավարությունն այս ծրագրով ակնկալում է մոտիվացնել  մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին, որպեսզի նրանք վերադառնան աշխատանքի երեխայի մինչև երկու տարին լրանալը և այդ նպատակով պատրաստ է մեծացնել երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու նրանց  հնարավորությունները:  Իսկ հեռահար  նպատակների թվում  նույնիսկ ժողովրդագրական ցուցանիշների բարելավումն է ակնկալում … 

 

Ֆինանսական աջակցության տրամադրման կարգը

 

Այստեղ ևս հարցերը շատ են, քանզի գործ ունենք ակնհայտ  բյուրոկրատական քաշքշուկի հետ: Նախևառաջ, զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնի տնօրենը ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձի հետ կնքում է աջակցության տրամադրման պայմանագիր, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն տարածքային կենտրոն է ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերի տրցակը: Ծրագրի ընթացքում՝ յուրաքանչյուր տարի ոչ ավելի, քան 11 ամիս ամսական կտրվածքով շահառուին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար վճարվում է գումար՝ ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձավճարի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

 

Շահառուն գումարը դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությանը փոխանցելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում էլփոստի միջոցով տարածքային կենտրոն է ներկայացնում փոխանցման անդորրագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը:

 

Ծրագիրն սկսելուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 2-րդ աշխատանքային օրը տարածքային կենտրոնները, դայակի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու փաստը ստուգելու նպատակով կատարում են անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալների հետ համադրում: Եվ եթե օրենքով նախատեսված պահանջները խախտվում են, ապա տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:  Նախագծում ներկայացվում է նաև բանաձևը, որով հաշվարկելու են ծրագրի արդյունավետությունը:

 

Շտապե՛ք ներկայացնել  ձեր առաջարկները

 

Անշուշտ այս ծրագիրն հասարակական մեծ հնչեղություն ունի, իսկ նրա հաջողությունը մեծապես կապված է իրականացման կարգից , շահառուների ընտրությունից և բազմաթիվ այլ գործոններից, որոնք պետք է , ի սկզբանե հաշվի առնվեն նախագծում:  Հույսով ենք, որ հասարակական լայն քննարկումը  և շահագրգիռ կողմերի և կազմակերպությունների կողմից արված առաջարկները կնպաստեն նախագծի բարելավմանը: 

 

Հիշեցնենք, որ առաջարկների ու մեկնաբանությունների  պատուհանը  հասանելի է  e-draft կայքի https://www.e-draft.am/projects/692/about   էջում  մինչև փետրվարի 12-ը:

 

Լիա Խոջոյան

 

Կարդացեք թեմայի շուրջ  մեր կայքում.

 

«Դայակ պետության հաշվին». հարցերն ավելի շատ են, քան պատասխանները

 

«Նախագծի նպատակն է ՝ աջակցության ձեռք մեկնել մանկահասակ երեխա ունեցող մայրերին» . հավաստիացրեց նախարարը

 

Դայակ պետության հաշվին. մայրիկների արձագանքը

 

Մանկապարտեզներն ու Երևանի բյուջեն

 

Պետությունը կփոխհատուցի ձեր դայակի աշխատավարձի  50 տոկոսը

 

Պետությունն աշխատելու  և սովորելու հնարավորություններ է ընձեռում երիտասարդ մայրերին. նոր մանրամասներ  

 

Աշխատող մայրերը կկարողանան դայակ վարձել պետության հաշվին

 

Մինչև 30 տարեկան մայրերը մասնագիտական ուսուցում և կրթաթոշակ կստանան

 

Կառավարությունը մերժեց «Ելք»–ի նախաձեռնությունը  աշխատանքային ժամերը կրճատելու մասին

 

 

Դիտումների քանակը` 6650

Գլխավոր էջ