«Դայակ պետության հաշվին». կառավարությունը վերահաստատել է ծրագրի կարգը
ՀՀ կառավարությունը հունիսի 8-ի նիստում ընդունել է «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» կարգը: Խոսքը նախկինում բազմիցս քննարկված «Դայակ պետության հաշվին» ծրագրի մասին է, որի միջոցով, ըստ էության, դայակների ինստիտուտի հիմք է դրվում:
«Այս ծրագրի արդյունքում, մեծանում են մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադառնալու հնարավորությունները՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով: Ծրագրի շնորհիվ մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությանը վճարվում է գումար՝ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը», – գրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր ֆեյբուքյան էջում:
Ինչպես հայտնի է , այս ծրագրի իրականացման կարգը հրապարակվել էր այս տարվա հունվարին կառավարության e-draft կայքում և բազմաթիվ հարցերի առիթ էր դարձել։ Կարծիքները բազմաթիվ էին՝ սկսած վերնագրի և բովանդակության անհամապատասխանությունից , շահառուների ընտրությունից, փոխհատուցման չափից, պայմաններից և այլն։ Տարբեր հարթակներում բարձրացվում էին գրեթե նույն հարցերը՝ այդյոք այս ծրագրով իրապես կբարելավվի ժողովրդագրական իրավիճակը, նշված գումարը բավարա՞ր է, որ կանայք վերադառնան աշխատանքի, թե կնախընտրեն երեխայի 2 տարին լրանալուց հետո միայն վերադառնալ աշխատանքի՝ շարունակելով ստանալ ամսական18 հազար դրամ նպաստը, ինչու՞ է պարտադիր հաշվառումը Զբաղվածության գործակալությունում չէ՞ որ ծրագիրն ուղղված է աշխատանքի վերադարձող կանանց և այլն: Հիշեցնենք, որ առավել մանրամասն բոլոր հնչեցված մտահոգություններին WomenNet.am-ը անդրադարձ էր կատարել Ինչու ես չեմ կարողանա օգտվել «դայակ պետության հաշվին» ծրագրից հոդվածում:
Ինչպես պնդում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ծրագրի իրականացման կարգի վերջնական տարբերակում հաշվի են առնվել քննարկումների արդյունքում ստացված բազմաթիվ առաջարկությունները: Սակայն առաջին հայացքից նկատելի է միայն փոփոխությունը վերնագրում , որն առաջ վերաբերում էր միայն աշխատանքի վերադարձող կանանց և կոչվում էր «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» կարգ , իսկ այժմ ուղղակի մեխանիկորեն ավելացվել է նաև «աշխատանք փնտրող» բառակապակցությունը:
Այլ փոփոխություններ կառավարության կողմից հաստատված փաստաթղթում չնկատելով դիմեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանին, ով WomenNet.am-ի հետ զրույցում ներկայացրեց՝ ինչ է փոխվել ծրագրի կարգում և որ կետերն են պահպանվել։
Վարչության պետը նշեց, որ , ինչպես և նախկինում, այժմ էլ դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագիրն իրականացվելու է 200 շահառուի համար։ Պահպանվել են առաջնահերթությունները , սակայն, ըստ իր պարզաբանման, դրանք կիրառվելու են ծրագրում ընդգրկվել ցանկացողների թիվը գերազանցելու դեպքում: «Այսինքն՝ եթե դիմեն 100 հոգի, ապա բոլորն էլ կարող են ծրագրի շահառու լինել, իսկ եթե դիմի 205 մարդ, այս դեպքում առաջնահերթությունները հաշվի կառնենք»,- նշեց վարչության պետը։
Նշենք, որ առաջնահերթություն, ինչպես և նախկինում, տրվում է հետևյալ անձանց՝
1) ում միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը, որը 2017թ․ նախնական տվյալներով կազմել է 195 074 դրամ կամ
2) ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ են կամ
3) ունեն մինչև երկու տարեկան երկու և ավելի երեխա կամ
4) ունեն երեք և ավելի երեխա կամ
5) ունեն հաշմանդամություն ունեցող երեխա:
Բացի այդ կարգում նշված է, որ այդ պայմանների հավասարության կամ բացակայության դեպքում ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է զաբաղվածության տարածքային կենտրոնում առավել երկար ժամկետով հաշվառված անձանց: Այսինքն կարելի է ենթադրել, որ բոլոր կանայք, ովքեր հավակնում են օգտվել այս ծրագրից այնուամենայնիվ պետք է շտապ գրանցվեն զբաղվածության կենտրոնում, անկախ նրանից ունեն աշխատանք, որին ուզում են վերադառնալ թե ոչ:
Կարգի համաձայն՝ պետությունը աջակցությունը կտրվի ծրագրում ընդգրկված անձանց յուրաքանչյուր տարի ոչ ավելի, քան 11 ամիս ամսական կտրվածքով՝ մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը, որը ներկայումս 55 000 դրամ է:
Ծրագրում ընդգրկված անձը երեխայի խնամքի կազմակերպման նպատակով կարող է պայմանագիր կնքել վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության (մասնավոր մանկապարտեզ), կամ իր բնակության վայրում չհաշվառված անձի, (կարող է լինել նաև իր բնակության վայրում չհաշվառված ազգականը)` դայակի հետ: Երեխայի խնամքի կազմակերպման պայմանագիրը կարող է լինել կամ քաղաքացիաիրավական, կամ աշխատանքային: Աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում գործատու հանդիսացող մայրը պետք է կատարի ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված բոլոր պարտավորությունները:
Նշենք, որ որպես դայակ՝ մայրը կարող է ընտրել երեխայի տատիկին, քանի որ Հայաստանում աշխատանքի վերադարձող մայրիկների երեխաներին հիմնականում խնամում են հենց տատիկները: Սակայն, եթե տատիկը հաշվառված է նույն հասցեում, ինչ ծրագրի շահառուն, ապա տվյալ կարգը նրանց համար չի գործելու։
Ժորա Սարգսյանի խոսքով՝այդ կետը կար ծրագրի նախնական տարբերակում և այսօր էլ դա պահպանվել է։ «Մենք չենք ասում, որ տատիկը կամ հարազատը չեն կարող երեխային խնամել և դրա դիմաց գումար ստանալ, ուղղակի միակ պայմանն այն է, որ միևնույն հասցեում հաշվառված չլինեն։ Եթե մեկ հարկի տակ են ապրում, ստացվում է, որ արհեստականորեն բերում, երեխայի դայակ են դարձնում, ինչն այդքան էլ ճիշտ չէ։ Սա տրամաբանական սահմանափակում է»,- նշեց վարչության պետը։
Դիտարկմանը, թե շատ կանայք հաշվառված են իրենց հայրական տանը, բայց ապրում են այլ հասցեում՝ վարձակալական հիմքունքներով կամ ամուսնու տանը, բայց նրանց մայրերն ամեն օր գալիս են իրենց տուն՝ թոռնիկին խնամելու, այս դեպքում հարցն ինչպես պետք է լուծվի, բանախոսը նշեց, որ, բնականաբար, նման դեպքեր կարող են լինել, բայց իրավական տեսանկյունից անձը պետք է հաշվառված լինի այն հասցեում, որտեղ բնակվում է։ Իսկ այն տատիկները, որոնք հաշվառված չեն նույն հասցեում, ինչ շահառուն, նրանց հետ կարող են պայմանագիր կապել, և արդյունքում, դայակները, այդ թվում՝ տատիկները կունենան նաև աշխատանքային ստաժ, հավելեց Սարգսյանը։
Կարգին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ նախարարության պաշտոնական կայքում .
Մ.Մարգարյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ինչու ես չեմ կարողանա օգտվել «դայակ պետության հաշվին» ծրագրից
Լենա Նազարյան. «Փոխհատուցման չափն ու կարգն այնպիսին չեն, որ խրախուսեն ծնողին վերադառնալ աշխատանքի»
«Արդյո՞ք «դայակ պետության հաշվին» ծրագիրը կծառայի իր իսկ հայտարարած նպատակին». երկու կարծիք
Երիտասարդ մայրերը դժվար ընտրության առաջ են կանգնում
Հրապարակվել է «Դայակ պետության հաշվին» ծրագրի նախագիծը. այն բաց է առաջարկների համար
«Դայակ պետության հաշվին». հարցերն ավելի շատ են, քան պատասխանները
Դայակ պետության հաշվին. մայրիկների արձագանքը
Մանկապարտեզներն ու Երևանի բյուջեն
Պետությունը կփոխհատուցի ձեր դայակի աշխատավարձի 50 տոկոսը
Պետությունն աշխատելու և սովորելու հնարավորություններ է ընձեռում երիտասարդ մայրերին. նոր մանրամասներ
Աշխատող մայրերը կկարողանան դայակ վարձել պետության հաշվին
Մինչև 30 տարեկան մայրերը մասնագիտական ուսուցում և կրթաթոշակ կստանան
Կառավարությունը մերժեց «Ելք»–ի նախաձեռնությունը աշխատանքային ժամերը կրճատելու մասին
Դիտումների քանակը` 5042