Դաշտադեմի կին համայնքապետը վերընտրվեց
Ապրիլի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն կին թեկնածուներից մեկն է ընտրվել համայնքի ղեկավար:
Լոռու մարզի Դաշտադեմ համայնքում վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ-անդամ Մարինե Խռոյանը: Նրա միակ մրցակիցը՝ անկուսակցական Վահան Աղայանն ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել:
ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, Խռոյանի օգտին քվեարկել է 66 ընտրող: Դաշտադեմն ունի 177 ընտրող: Քվեարկությանը մասնակցել է 68 մարդ: Քվեաթերթիկներից մեկն անավավեր է ճանաչվել:
Մ. Խռոյանը 2011թ.-ից մինչև 2012թ. հունիս ամիսը աշխատել է Դաշտադեմ համայնքի ղեկավարի տեղակալ: Նա 2012թ. հունիսի 10-ին ընտրվել է Դաշտադեմ համայնքի ղեկավար: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Լոռու մարզի Խնկոյան համայնքում կին թեկնածուն՝ Ռուզաննա Համբարձումյանը, ով գործող գյուղապետի եղբոր աղջիկն էր, ինքնաբացարկ էր հայտնել:
Ինքնաբացարկ էր ներկայացրել նաև նույն մարզի Սարչապետ համայնքում առաջադրված կին թեկնածուն՝ անկուսակցական Անժելա Մարտիրոսյանը: Նա աշխատում է գյուղապետարանում՝ որպես աշխատակազմի քարտուղար: Պայքարում միայնակ մնացած ՀՀԿ-ական գյուղապետն այստեղ հաղթանակ է տոնել:
Արմավիրի մարզի Այգեկ համայնքում գյուղապետի կին թեկնածուի՝ Քնարիկ Եղիազարյանի օգտին քվեարկել է 41 ընտրող: Նա գյուղապետարանում աշխատում է որպես օպերատոր, ՀՀԿ-ական է: Գործող գյուղապետ, ՀՀԿ կողմից առաջդրված Վարուժան Աբրահամյանի օգտին քվեարկել է 431 ընտրող:
Ապրիլի 17-ին ավագանու անդամների ընտրություններ են կայացել Արագածոտնի մարզի Թալին, Արմավիրի մարզի Նոր Կեսարիա, Լոռու մարզի Սարամեջ ու Սարչապետ, Սյունիքի Կուրիս ու Չափնի համայնքներում: Նախապես նշենք, որ ինքնաբացարկ հայտնած թեկնածուների թվում կանայք չկան:
Թալինում ավագանու անդամի ընտրության համար առաջադրվել է 32 թեկնածուներից 2-ն ինքնաբացարկ են հայտնել: 30 թեկնածուներից երեքը կանայք են: Թալինի գործող ավագանին ունի 11 անդամ: Նախնական տվյալներով, նրանից միայն մեկը՝ 177 ձայն հավաքած Թամարա Գևորգյանը կընդգրկվի ավագանու կազմում: Նա գործող ավագանու միակ կին անդամն է: Մյուս թեկնածու կանանցից Կարինե Առաքելյանը ստացել է 108, Անահիտ Հարությունյանը՝ 66 քվե:
Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում ավագանու միակ կին թեկնածուն՝ ԲՀԿ-ական Նաթելլա Գալինյանը, նախնական տվյալներով, ևս կընդգրկվի ավագանու կազմում: Նա համայնքի բուժմիավորումում է աշխատում՝ որպես բուժքույր: Նշենք, որ գործող ավագանու 7 անդամների թվում կանայք չկան:
Լոռու մարզի Սարամեջ համայնքում ավագանու միակ կին թեկնածուն ամենաքիչ ձայներն է ստացել: Անկուսակցական Նատալյա Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 23 ընտրող: Նա ավագանու կազմում, ըստ նախնական տվյալների, չի ընդգրկվի: Հիշեցնենք, որ ավագանու վեց անդամի տեղի համար պայքարում էր 8 թեկնածու:
Սյունիքի մարզի Կուրիս համայնքում ավագանու հինգ անդամի տեղի համար պայքարում էր 5 թեկնածու: Միակ կին թեկնածուն՝ Նունե Ավետիսյանը ստացել է առավելագույն թվով ձայներ: Նրա օգտին քվեարկել է 5 ընտրող: Նա գործող ավագանու կազմում ընդգրկված միակ կինն է:
ԿԸՀ տվյալների համաձայն, այս գյուղում ընտրողների ցուցակում ընդրկված է 41 քաղաքացի: Քվեարկությանը մասնակցել է 17 մարդ:
Չափնիում գործող ավագանին ունի 5 անդամ, որից երեքը կանայք են: Առաջադրված 6 թեկնածուներից երկուսն են կանայք, երկուսն էլ ավագանու գործող անդամներ: ՀՀԿ-ական Իննեսա Մկրտչյանի օգտին քվեարկել է 7 ընտրող, իսկ անկուսակցական Մայրանուշ Պողոսյանի՝ 4 ընտրող: Վերջինս չի ընդգրկվի նոր ավագանիում: Այստեղ ընտրողների ցուցակում ընդգրկված է 61 մարդ, քվեարկությանը մասնակցել է 40 ընտրող:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
ՏԻՄ ընտրություններ. առաջադրված կանանց թվում նաև «ոչ իրական» թեկնածուներ են նկատվում
Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված
ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք
2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել
Դիտումների քանակը` 2889