«Դայակների ծրագիրը» կկրկնապատկի շահառուների թիվը տնտեսումների  հաշվին

Պետությունը պատրաստ է դայակի վճարը փոխհատուցել ոչ թե նախապես ամրագրված 200 շահառուի, այլ ավելի մեծ թվով ցանկացողների համար: Այս մասին վերջերս  Աղվերանում կայացած  «Աշխատանքային իրավունքների խթանում տնտեսական զարգացման համատեքստում. կանայք աշխատանքի շուկայում»  տարածաշրջանային աշխատաժողովի շրջանակում հայտարարեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչություն պետ Ժորա Սարգսյանը:

 

Նա հիշեցրեց, որ այսպես կոչված  «դայակ պետության հաշվին» ծրագիրը պետք է կյանքի կոչվեր 2018 թվականի մարտից, բայց հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, ծրագրի մասով որոշումը գործադիրի կողմից ընդունվեց ավելի ուշ և այն սկսեց իրականացվել հուլիսի 7-ից հետո: Սա էլ հենց հնարավորություն տվեց ֆինանսական հատկացումների տնտեսում անել.

 

«2018 թվականի համար նախատեսված էր իրականացնել 200 շահառուի փոխհատուցում ՀՀ ամբողջ տարածքում` 51 տարածքային կենտրոնների միջոցով: Հուլիս ամսից մինչ օրս իրականացվել է 180 փոխհատուցում և մինչև 2018 թվականի ավարտը պլանավորվում է ընդգրկել  մինչև 350-360 շահառուներ: Սա նշանակում է, որ մենք գերակատարելու ենք այս տարվա համար նախատեսված թիվը: Մյուս տարվա համար, նախնական քննարկումներով, նախատեսված է 400 շահառուի համար ծրագրի  իրականացում և չի բացառվում, որ այս թիվն էլ ավելանա` հաշվի առնելով ծրագրի հնչեղությունը»,- ասաց նա:

 

Փաստորեն, ծրագրի մեծ պահանջը բերել է նրան, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաջորդ տարվա համար էլ  է դիտարկում  ծրագրի շահառուների թվի կրկնապատկում: Ժորա Սարգսյանի խոսքով, իրենք շարունակելու են  աջակցել երիտասարդ մայրերին, որպեսզի նրանք իրենց երեխայի խնամքը կազմակերպեն դայակի միջոցով ու կարողանան վերադառնալ աշխատանքի, որովհետև շատ դեպքերում մայրերը չեն կարողանում դուրս գալ  աշխատանքի, քանի որ ունեն երեխային խնամելու խնդիր:  «Մենք փորձելու ենք այդ ծախսը ծնողների հետ կիսել, դայակի վճարի որոշակի մասը վճարելով պետական բյուջեից, որը բավականին մեծ հնարավորություն է տալիս ծրագրի շահառու կանանց»,- նշեց նա` ևս մեկ անգամ  հավաստիացնելով, որ միանշանակ հաջորդ տարի շահառուների թիվը կավելանա:

 

WomenNet.am-ի հարցին ի պատասխան, թե ինչի հաշվին է տեղի ունեցել տնտեսումը, պաշտոնյան արձագանքեց՝  ծրագրի ուշ մեկնարկի շնորհիվ, քանի որ ծրագիրը սկսել են տարվա կեսից: Նրա խոսքով,  որևէ այլ ծրագիր չի կրճատվել այս մեկն իրականացնելու համար: «Հավատացնում   եմ, որ շահառուների թվի ավելացումը հնարավոր է դարձել ոչ թե ինչ-որ այլ ծրագրի հաշվին, այլ տնտեսումների շնորհիվ»,- ընդգծեց նա:

 

Մեզ հետ զրույցում Սարգսյանը նաև նշեց, որ այս պահի դրությամբ ծրագրին դիմած բոլոր  շահառուների նկատմամբ  ծրագիրը իրականացվել է, այսինքն նախարարությունը որևէ դիմում չի մերժել, առավել ևս, որ  բյուջեն այդ հնարավորությունն ընձեռում է: Այլ կերպ ասած, եթե հաջորդ տարի փոխհատուցում ստանալու համար դիմի 400 շահառու, ապա իրենք պատրաստ են իրականացնել այդ ծրագրերը: Ընդ որում, պարզաբանեց նա, փոխհատուցումը տրվում է ծնողին մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

 

Հիշեցնենք, որ ծրագիրը մշակվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանի պաշտոնավարման ժամանակ, սկսեց կիրառվել արդեն Մանե Թանդիլյանի նախարար նշանակվելուց հետո։ Նախարարության տվյալներով, ծրագրից օգտված շահառուների կեսը Երևանից են: 

 

Եվս մեկ ուրախալի լուր բոլոր շահառուների կամ շահառու դառնալ ցանկացող ծնողների համար. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է ՊԵԿ, որպեսզի վերանայվի այս ծրագրով հարկման մեխանիզմը, ինքնազբաղվածների տողով անցնեն շահառուները և ըստ այդմ չհարկվեն: Հիշենք, որ այդ հարկումը ավելորդ ֆինանսական բեռ էր ենթադրում ծնողների համար և փորձագետները նշում էին, որ հենց այդ պատճառով շատ մայրեր ուղղակի կհրաժարվեն ծրագրի շահառու դառնալու գայթակղությունից:  Այսօր հայտնի դարձավ, որ  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել  օրինագիծ, որով առաջարկվում է հարկային արտոնություն սահմանել դայակների համար։

 

Լիա Խոջոյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հարկային արտոնություներ դայակների համար

 «Դայակների ծրագիրը» կկրկնապատկի շահառուների թիվը տնտեսումների  հաշվին

 «Դայակ պետության հաշվին».  կառավարությունը վերահաստատել է ծրագրի կարգը

 Ինչու ես չեմ կարողանա  օգտվել «դայակ պետության հաշվին» ծրագրից

Լենա Նազարյան. «Փոխհատուցման չափն ու կարգն այնպիսին չեն, որ  խրախուսեն ծնողին վերադառնալ աշխատանքի»

 «Արդյո՞ք «դայակ պետության հաշվին» ծրագիրը կծառայի իր իսկ հայտարարած նպատակին». երկու կարծիք 

Երիտասարդ մայրերը  դժվար ընտրության առաջ են կանգնում

«Մայրերին աջակցելու գաղափարն իսկապես ողջունելի է, սակայն այս տեսքով ծրագիրն իր նպատակներին չի կարողանա ծառայել»

Հրապարակվել է «Դայակ պետության հաշվին» ծրագրի նախագիծը. այն բաց է առաջարկների համար

  «Դայակ պետության հաշվին». հարցերն ավելի շատ են, քան պատասխանները

 «Նախագծի նպատակն է ՝ աջակցության ձեռք մեկնել մանկահասակ երեխա ունեցող մայրերին» . հավաստիացրեց նախարարը

 Դայակ պետության հաշվին. մայրիկների արձագանքը

 Մանկապարտեզներն ու Երևանի բյուջեն

 Պետությունը կփոխհատուցի ձեր դայակի աշխատավարձի  50 տոկոսը

 Պետությունն աշխատելու  և սովորելու հնարավորություններ է ընձեռում երիտասարդ մայրերին. նոր մանրամասներ  

 Աշխատող մայրերը կկարողանան դայակ վարձել պետության հաշվին

 Մինչև 30 տարեկան մայրերը մասնագիտական ուսուցում և կրթաթոշակ կստանան

 Կառավարությունը մերժեց «Ելք»–ի նախաձեռնությունը  աշխատանքային ժամերը կրճատելու մասին

 

Դիտումների քանակը` 2875

Գլխավոր էջ