CSW 63 . «Գենդերային  հավասարությունն իրականում իշխանության հարց է»

 Այս օրերին   Նյու Յորքում՝   ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում անցնում է  Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի  63-րդ նստաշրջանը:  Այն մեկնարկել է  մարտի 11-ին  և կտևի մինչև մարտի 22 –ը: Այս  տարվա կենտրոնական  թեման  է՝  «Սոցիալական պաշտպանության համակարգերը, հանրային ծառայությունների մատչելիությունը եւ կայուն ենթակառուցվածքները  հանուն  գենդերային հավասարության և կանանց եւ աղջիկների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման»: Նստաշրջանին մասնակցում են ՄԱԿ-ի կառույցների և անդամ պետությունների, ինչպես նաև ECOSOC -ի հավատարմագիր ունեցող  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:  Նստաշրջանի աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: 

 

 

«Երբ ներգրավվում ենք  կանանց՝  շահում է ողջ աշխարհը»

 

Նստաշրջանի բացմանը  ՄԱԿ-ի  գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նստաշրջանի բացմանը իր ելույթում  ուշագրավ դիտարկում  էր արել՝ նշելով, որ «գենդերային հավասարությունն  իրականում իշխանության  հարց է » , և  այդ տեսակետից, իր խոսքով,   Կանանց կարգավիճակի հանձնաժողովը  ճիշտ կլինի անվանել իշխանության կարգավիճակի հանձնաժողով: Անվանելով  իրեն «հպարտ ֆեմինիստ»  նա  նշեց, որ իշխանության մեջ հարաբերությունների փոփոխությունը,  բացերի և կողմնակալությունների հաղթահարումը պահանջում է , որ կանայք ներգրաված լինեն հասարակական գործընթացներում   որպես հավասար մասնակիցներ:   «Երբ մենք դուրս ենք մղում կանանց, յուրաքանչյուրն իր գինն է վճարում, իսկ երբ ներգրավվում ենք  կանանց՝  շահում է ողջ աշխարհը» , – եզրափակեց  նա:

 

 

«Հայաստանը շարունակում է լուրջ քայլեր ձեռնարկել գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ»

 

ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ելույթում նշել է, որ իր  համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում՝ կառույցի, որը ստեղծված է՝ հանուն գենդերային հավասարության խթանման և կանանց հզորացման: Նա ասել է, որ  Հայաստանը որպես ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանի անդամ՝ վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու գենդերային հավասարության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց հնարավորությունների խթանման և հզորացման համընդհանուր ջանքերին և իր կառուցողական ներդրումն ունենալու hանձնաժողովի աշխատանքներում:

 

Անդրադառնալով նախորդ տարի՝ գարնանը Հայաստանում տեղի ունեցած պատմական փոփոխություններին, նախարարը նշեց, որ Հայաստանի կանայք, այդ թվում՝ երիտասարդ կանայք, Սիրո և համերաշխության ժողովրդական  հեղափոխության շարժիչ ուժն էին՝ միևնույն ժամանակ լինելով ամբողջ գործընթացի խաղաղության երաշխավորը։

 

«Տարիներ շարունակ որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ակտիվիստ, ես պայքարել եմ խտրականության դեմ, կանանց և փոքրամասնությունների հավասար հնարավորությունների, ինչպես նաև՝ մեր հասարակություններում արժանապատիվ տեղ ունենալու համար:  Այսօր, որպես որոշում կայացնող, որպես կառավարության անդամ, կարող եմ հայտարարել, որ մարդու իրավունքները և մարդկային արժանապատվությունը իմ երկրում տեղի ունեցող բոլոր փոփոխությունների հիմքում են:

 

Հայաստանի նոր կառավարությունը տարբեր առիթներով հայտարարել է, որ մտադիր է խրախուսել երկրում կանանց քաղաքական մասնակցությունը և որոշումների կայացման գործընթացում նրանց ներգրավվածության ավելացումը՝ ոչ միայն ժողովրդավարության, այլև՝ երկրում կայուն զարգացման հասնելու համար:

 

Հայաստանը շարունակում է լուրջ քայլեր ձեռնարկել գենդերային հավասարության ապահովման և կանանց նկատմամբ բռնության վերացման ուղղությամբ: Հայաստանը վավերացրել է գենդերային հարցերին առնչվող միջազգային հիմնական գործիքները: Որպես ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի անդամ՝ Հայաստանը ստանձնել է որոշակի պարտավորություններ` համապատասխանեցնելու ազգային օրենսդրությունը՝ միջազգային դրույթների հետ: 2018-ին Հայաստանը ստորագրեց Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան։

 

Կառավարության քաղաքականությունն ու ձեռնարկվող բարեփոխումները համահունչ են ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030թ. օրակարգին և նպաստում են Կայուն զարգացման նպատակների իրագործմանը, մասնավորապես՝ 5-րդ նպատակի, որը սահմանում է «Հասնել գենդերային հավասարության և հզորացնել բոլոր կանանց և աղջիկներին», – ասել է  Զարուհի Բաթոյանն իր ելույթում:

 

 

Զարուհի Բաթոյանի ելույթին  ամբողջությամբ կարելի է ծանոթանալ  ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր պաշտոնական կայքում :   

 

 

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասին ռազմավարությունը մեր ուշադրության կենտրոնում է»

 

Հատկաաշական է, որ  այդ նույն օրերին  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հյուրընկալել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Փաստահավաք խմբի ներկայացուցիչներին:

 

Ըստ  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության  խմբի համազեկուցող Յուլիա Լյովոչկինան տեղեկացրել է, որ այցի հիմնական նպատակը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների իրականացման ընթացքի, նոր կառավարության ծրագրի և քաղաքական առաջնահերթությունների, ինչպես նաև՝ արդի քաղաքական զարգացումների վերաբերյալ համապարփակ տեղեկությունների հավաքագրումն է:

 

Եվրոպացի գործիչներին հուզող հարցերից առաջինը վերաբերում էր գենդերային հավասարության հիմնախնդրին: Թեման որակելով որպես «խիստ զգայուն»՝ Յուլիա Լյովոչկինան տեղեկացրեց, որ հանդիպումներ են ունեցել նաև քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների հետ, որոնք մատնանշել են գենդերային հավասարության վերաբերյալ ռազմավարական փաստաթղթի անհրաժեշտությունը:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ թեման կարևոր է նաև նախարարության համար։  

 

«Կանանց և տղամարդկանց  հավասար իրավունքների ևհավասար հնարավորությունների վերաբերյալ համապարփակ, ռազմավարական փաստաթղթի գոյությունը մեր ուշադրության կենտրոնում է: Մի քանի օրից մենք հանրային քննարկում կունենանք այս թեմայով՝ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ՝ հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մտահոգությունները և արտացոլելով նրանց կոնկրետ առաջարկները այս փաստաթղթում: Իհարկե, նախարարությունն ունի իր սեփական առաջարկները, որոնք ևս կներկայացվեն հանրային քննարկմանը», – ասել է փոխնախարարը:

 

Նշենք, որ փոխնախարարի կողմից  խոստացված   Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասին ռազմավարության շուրջ  քննարկումը արդեն տեղի է ունեցել  մարտի 15-ին: Այն կազմակերպվել էր  Հոդված -3 ակումբում  շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և փոխնախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ, և , ինչպես հայտարարվել է հանդիպման ավարտին  ,  այժմ  նախարարությունը  բաց է ռազմավարության շուրջ  առաջարկներ  ընդունելու  համար:   

 

Դիտումների քանակը` 2008

Գլխավոր էջ