«Crumbs». հյուրերի հետ «հաց կիսելու» արվեստը

«Crumbs»-ի սրճարաններներն առաջիններից էին Երևանում, որտեղ կարելի էր ոչ միայն պարզապես համեղ սնվել, այլև գտնել առանձնահատուկ հացի տեսականի, որի մի մասը Հայաստանում մինչ այդ չի եղել: «Crumb the factory»-ի գաղափարն Անի Հարությունյանի մոտ ծնվել էր 2010 թ.-ին, իսկ արդեն մեկ տարի անց  բացվել է «Crumbs»-ի արտադրամասն ու առաջին սրճարանը: Հիմա Երևանում այդպիսի սրճարաններն երեքն են: WomenNet.am-ը զրուցում է  «Crumb the factory»-ի հիմնադիր-տնօրեն Անի Հարությունյանի հետ նրա հաջողության ճանապարհի, եղած դժվարությունների  ու «Crumbs»-ը  գրավիչ  ու սիրելի պահելու բանաձևի մասին:

 

Անի, ինչո՞ւ հաց:

 

-Ի սկզբանե միտքը թթխմորով հաց արտադրել էր: Ժամանակի ընթացքում ավելացան նաև տարատեսակ թխվածքները: Նման ընտրության ամենակարևոր պատճառը երևի այն էր, որ ես սիրում եմ համով ուտել: Մինչ այդ այլ բիզնես ունեի և հասկացա, որ չեմ կարող դրանով զբաղվել, դա ինձ չի գրավում: Բացի այդ 2010-2011թ.-ին, երբ «Crumbs»-ի գաղափարը ծնվեց, Հայաստանում շատ քիչ տեղեր կային, որտեղ լավ հաց կարելի էր գտնել: Օրինակ` մայրս ուներ սիրելի հացեր ու  հաճախ ասում էր` «չկա Հայաստանում, հնարավոր չէ գտնել», այդպես ծնվեց հացի գաղափարը: Քանի որ, այս առումով չունեի գիտելիքներ, սկսեցի զրոյից սովորել: Պետք էր ավելի լավ պատկերացնել` ինչի մեջ եմ մտնում:

 

-Գաղափարներ շատերի մոտ են ծնվում, սակայն հաճախ չիրագործված են մնում: Ձեր օրինակով` ինչպե՞ս «բռնել գաղափարի պոչից»  ու այն իրականություն դարձնել, նյութականացնել:

 

-Տարվա ընթացքում ես էլ շատ-շատ գաղափարներ եմ ունենում: Մեկ-մեկ տարվա վերջում հետ եմ նայում ու տեսնում, որ բավականին շատ ժամանակ եմ ծախսել գաղափարներիս շուրջ  տեղեկտվություն հավաքելու վրա: Ընդհանրապես որևէ բանի մասին մտածելիս մաքսիմալ փորձում եմ ինֆորմացիա հավաքել ու դրա հիման վրա արդեն իսկ հասկանում եմ ` դա ինձ հետաքրքի՞ր է, ուզու՞մ եմ  շարունակել, թե` ոչ: Ցանկացած գաղափարի ծնվելուց հետո պետք է սկսես ուսումնասիրել այն:

 

 

– Ինչպե՞ս  հասկացանք, որ հացի արտադրության գաղափարը  Ձերն է:

 

-Միշտ մտածել եմ, որ ուտելիքը միավորում է մարդկանց` թե’ պատրաստման փուլում, թե’ հետո` վերջում, ստացվածը վայելելիս: Կարծում եմ` շատ կարևոր է, երբ ուտելիքդ կիսում ես որևէ մեկի հետ: Շատ եմ կարևորում ընտանեկան, միասնական ընթրիքները: Ինձ համար դա շատ ավելի խորը երևույթ է, քան ուղղակի միասին սնվելը: Իսկ հացը` խորհրդանիշ է: Ցանկացածի տանը հաց լինում է ու դա ամենաշատն օգտագործվող, ամենասիրելի մթերքներից է: Հացի պատրաստման գործընթացն է շատ սիրուն, շատ հետաքրքիր, շատ համբերություն պահանջող: Իզուր չէ, որ ճաշելուն մենք առօրյա խոսքում «հաց ուտել» ենք ասում:

 

– Կհիշե՞ք  «Crumbs»-ի արտադրության առաջին հացը, պահը, երբ  երազանք-գաղափարը շոշափելի դարձավ:

 

-Երբ նոր էինք սկսում արտադրությունն ունեինք վարպետ, որը պիտի սովորեցներ անձնակազմին: Նա Կանադայից էր, այստեղի հումքին բավականին բարդ էր հարմարվում և ուսուցման գործընթացը, կարծես, չէր ստացվում: Ամեն օր բավականին մեծ քանակությամբ հաց էինք փչացնում: Հասկացա, որ կամ արդեն հավաքված թիմն այդպես էլ ոչինչ չարած կգնա կամ պետք էր մի բան ձեռնարկել: Ամեն գիշեր գնում էի արտադրամաս, մի քանի տեսակ հաց փորձարկում, հետո ընտրում լավագույները և հաջորդ օրն արդեն աշխատում էինք ընտրված տարբերակները կատարելագործելու վրա: Առաջին հացը եղել է «բագետը», դա ֆրանսիական «խրթխրթան» հաց է, ես այն շատ եմ սիրում: Թխվում է բավականին պարզ բաղադրիչներից, բայց այնքան համեղ է, որ եթե սկսես ուտել` մինչև ծայրց ծայր հացը չվերջացնես` չես թողնի:

 

 

Առաջին փուլում կադրերի պատրաստման  մասին խոսեցիք, իսկ հետագայում այլ դժվարություններ  եղա՞ն:

 

-Երևի ամենամեծ դժվարությունն, իսկապես, լավ կադրեր գտնելն է, ճիշտ թիմ հավաքելը: Նաև  երբեմն որոշակի բարդություններ են լինում Հայաստանում այս կամ այն հումքի բացակայության պատճառով:

 

-Ցանկացած գործում դժվարություններից բացի նաև հաղթանակներ, հաճելի զգացողություններ են լինում: Ո՞րոնք են ամենահիշվողները Ձեզ համար:

 

-Ճիշտ եք, ու նման պահեր շատ-շատ են եղել: Օրինակ`ամեն անգամ նորովի հաճելի է, երբ հաճախորդից որևէ լավ, դրական գնահատական ենք ստանում կամ որևէ մեկն ասում է` «իմ երեխան միայն ձեր մոտի այսինչ բանն է ուտում, որովհետև շատ է սիրում»: Ամեն անգամ շատ եմ ուրախանում, ոգևորվում նման խոսքերից: Բայց մի հստակ դրվագ էլ եմ հիշում, երբ հաղթանակի զգացողություն ունեցա: 1,5 տարի անընդմեջ աշխատելուց հետո` Նոր տարուն ընդառաջ, որոշեցի արձակուդրդ մեկնել: Դա մեզ համար ամենազբաղված ժամանակն էր, բազմաթիվ պատվերներ ունեինք: Թիմն ինձ ասում էր`«հանգիստ գնացեք, ամեն բան կկարողանանք անել, ոչինչ չենք ուշացնի»: Հիշում եմ`թռիչքս Վրաստանից էր ու այնտեղ հասնելու ամբողջ ճանապարհին անընդհատ զանգել եմ այստեղ, ի վերջո ինձ ասացին` «գնացեք ու չանհանգստանաք»:

 

Արդյունքում իսկապես, ամեն բան առանց ինձ էլ շատ լավ արել էին: Դա իրոք հաղթանակ էր: Հասկացա, որ մենք թիմ ենք: Այդ թիմում մարդիկ ունենք, ովքեր քանի տարի է մեզ հետ են, ընդունում ենք նաև նոր մարդկանց: Ընդ որում, եթե մեզ մոտ ընդունվելու համար գալիս են առանց փորձի` նույնիսկ ավելի ենք ուրախանում, որովհետև երբեմն եղած փորձը խանգարող հանգամանք է հանդիսանում ու դժվար է լինում մարդկանց մտափոխել կամ նորը սովորեցնել: Ինձ համար ամենակարևորը մարդու ազնվությունն է ու թիմում աշխատելու կարողությունը, հարգանքը մյուսների հանդեպ:

 

-Արտադրության մասին խոսեցինք, իսկ սրճարաննե՞րը: Ինչո՞վ են, ըստ Ձեզ, առանձնանում «Crumbs»-ի սրճարանները:

 

-Գիտեք, երբ բացվեց մեր սրճարանն, այն իսկապես առաջիններից էր, որ ընտրեց մինիմալիստական, փայտային ինտերյերը: Մենք հենց սկզբից ձգտել ենք աշխատել տեղացի վարպետների հետ, տեղական արտադրանք գնել, դրանով զարդարել սրճարանները: Մի հետաքրքիր առանձնահատկություն էլ կա: Բոլոր մասնաճյուղերում ունենք «կոմոդներ»: Դրանցից առաջինը` «Glendale hills»-ի մասնաճյուղում դրվածը, շատ հին է ու պատկանել է իմ պապիկի մայրիկին:

 

Սրճարաններում փորձել ենք օգտագործել նման փոքրիկ ուշագրավ ատրիբուտներ, դրանք միջավայրն ավելի ջերմ են դարձրել: Ու երկորդ ամենակարևորը, որ կուզեմ առանձնացնել, մեր աշխատակիցներն են: Նրանք դիմավորում, ընդունում են մեր հաճախորդներին, ինչպես իրենց հյուրերին, ինչպես կդիմավորեին սեփական տանը:

 

 

-«Crumbs»-ը նաև փորձում է աջակցել սոցիալական, բարեգործական նախաձեռնություններին, կազմակերպում բարեգործական ընթրիքներ:

 

-Փորձում ենք: Ես, որպես կամավոր, մի բարեգործական կազմակերպության հետ դեռ դպրոցական տարիներից համագործակցում եմ ու անպայման ուզում էի, որ իմ թիմը մասնակցեր դրան: Այստեղ խնդիրը կազմակերպության երևալը չէր, ընդհանրապես մենք նման PR-ով չենք զբաղվում, իմ համար պարզապես շատ կարևոր է, որ «Crumbs»-ի թիմը հասկանա` իրենք պիտի մասնակից դառնան ու բարությունը պիտի շղթայական փոխանցվի մեկը մյուսին: Ես, օրինակ, շատ դեմ եմ մթերքի աննպատակ օգտագործմանը կամ փչացնելուն: Ճիշտ է, հաշվարկները հիմնականում ճշգրիտ են արվում, բայց ասենք ձվի սպիտակուցը միշտ ավելանում է ու մենք որոշել ենք այն նպատակային օգտագործել:

 

Դրանով պատրաստում ենք գունավոր բեզեներ և ուղարկում Երևանում գործող հատուկ կարիքներ ունեցող երեխաների ցերեկային դպրոց: Սա համախմբում է թիմին, սովորեցնում, որ հասարակությունը կարող է զարգանալ միայն մեկը մյուսին օգնելու պարագայում: Աջակցություն ասելով չեմ ուզում, որ մարդիկ միայն գումար պատկերացնեն: Աջակցություն կարող է լինել ամեն ինչը: Օրինակ` մենք պարբերաբար թույլ ենք տալիս, որ հետաքրքրվող երեխաները գան մեր արտադրամաս,, շրջեն, տարբեր հմտություններ սովորեն: Ի դեպ, երեխաների հետ կապված, «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքում գործող «Հացթուխարան» սրճարանը նույն «Crumbs»-ն է ու երեխաները այնտեղ գնում են, սովորում թխելու հմտություններ:

 

 

-Այսօր բավականին հաջողված կին-գործարար եք: Երբևէ դժվարությունների հանդիպե՞լ եք կին լինելու հետ կապված: Հատկապես, որ «Crumbs»-ի բացման տարիներին նախաձեռնող կանայք համեմատաբար ավելի քիչ էին:

 

-Ճիշտ նկատեցիք, այս` 6-7 տարիների ընթացքում իսկապես բավականին փոխվել է իրավիճակը, բայց սկսելու ժամանակ ինձ համար ավելի շատ տարիքս է դժվարություն եղել, քան` կին լինելը: Ընդհակառակը` կին լինելը հաճախ քեզ առավելություններ է տալիս. մարդիկ ավելի հարգալից, ուշադիր են լինում քո նկատմամբ:
Նաև կարծում եմ, որ ամեն բան քեզանից է կախված, եթե դու քեզ զոհի կարգավիճակում չզգաս` երբեք չես լինի զոհ:  Ինչ վերաբերում է տարիքին` սկսել եմ 21 տարեկանում ու դժվար էր քեզանից 20-30 տարով մեծ մարդկանց ղեկավարել: Դժվար էր թիմ հավաքելիս, ակնկալել, որ քեզ մոտ եկած   60 տարեկան աշխատակիցը միանգամից կհարմարվի, որ   դու կարող ես լինել իր տնօրենն ու ինչ-որ կարգադրություններ տալ:

 

 

 Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ կանանց, ովքեր ունենում են գաղափարներ, սակայն հետ են կանգնում դրանցից` տարբեր պատճառաբանություններով:  

 

 

-Ինձ համար ամենակարևորն է մի աշխատանք սկսելիս այն լավ անել ու հասցնել ավարտին: Այդ պայմանը միայն դու կարող ես  ինքդ քո առաջ դնել և այդ ժամանակ քեզ ոչինչ չի խանգարի: Բացի այդ հասկանաս` անկախ տարիքից դու միշտ, անվերջ սովորելու ու կատարելագործվելու ես: Ու մի բան էլ`երբեք չվախենաս սխալվելուց: Մեզանից ոչ ոք չի ծնվում գիտելիքի պաշարով, այն ժամանակի հետ ենք կուտակում: Պետք է առաջ գնալ ու չհիասթափվել:

 

Սոնա Մարտիրոսյան

Դիտումների քանակը` 2560

Գլխավոր էջ