COVID-19-ը և գենդերային հիմնախնդիրները. ուղեցույց խորհրդարանների համար

Միջխորհրդարանական միությունը  հրապարակել է ուղեցույց ազգային խորհրդարանների համար, որում ներկայացվում են COVID-19-ի ազդեցության գենդերային առանձնահատկությունները և այդ համատեքստում խորհրդարանների դերը համավարակի դեմ պայքարում: 

 

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում կանայք առաջնագծում են, նշվում է Միության պատրաստած ուղեցույցում: Այս հանգամանքը հիմնավորվում է մի շարք փաստարկներով.

 

  • Համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD)  տվյալների՝ առողջապահության ոլորտի աշխատակիցների 70 տոկոսը կանայք են։
  • Ընտանիքներում խնամք իրականացնողների, մթերային խանութների ու դեղատների աշխատակիցների մեծ մասը ևս կանայք են։ Սա նշանակում է, որ կանայք վարակվելու բարձր ռիսկի գոտում են։
  • Համավարակով պայմանավորված տնտեսական անկման հետևանքով կանայք ու տղամարդիկ անհամաչափ են տուժելու։ Պետք է հիշել, որ կին աշխատողները միաժամանակ ցածր են վճարվում, նրանց աշխատանքն ավելի քիչ ապահով է։
  • COVID-19-ի համավարակն ու դրանով պայմանավորված միջոցառումները կանանց կյանքն ու անվտանգությունը վտանգի տակ են դնում։ Կանանց նկատմամբ բռնությունն արդեն վերածվել է համաճարակի, ամեն օր ընտանիքի անդամի կողմից աշխարհում սպանվում է 137 կին։ Համատարած սահմանափակումների ու տնտեսական սթրեսի պայմաններում ապրելը կարող է նաև մեծացնել կանանց սեռական շահագործման ու նրանց նկատմամբ բռնության վտանգը։

 

Համավարակի պայմաններում այդ խնդիրներն անտեսելը ոչ միայն կխորացնի արդեն առկա անհավասարությունները, այլև կստեղծի նորերը։ Այսպիսով, ինչպիսի՞ լուծումներ կարող են խորհրդարաններն ու խորհրդարանականները տալ՝ համավարակի այդ ազդեցությունները մեղմելու համար։

 

Հրապարակված ուղեցույցը արժեքավոր ռեսուրս է հանդիսանում  խորհրդարանների համար, որը կարող է օգնել կառավարելու ճգնաժամը՝ կարևորելով հետևյալ մոտեցումները.

 

  1. COVID-19-ի պայմաններում կանանց մասնակցությունն ու առաջնորդությունը խորհրդարաններում որոշումների կայացման գործում
  2. Գենդերային առանձնահատկությունները հաշվի առնող օրենսդրություն
  3. Համավարակի հաղթահարման ուղղությամբ կառավարության գործողությունների վերահսկողության իրականացում՝ գենդերային տեսանկյունից
  4. Պատգամավորների դերը COVID-19-ի և դրա հետևանքների մասին իրազեկման և տեղեկացվածության բարձրացման գործում
  5. Գենդերային զգայուն խորհրդարաններ վարակի ժամանակ։

 

Ուղեցույցի հեղինակներն ընդգծում են՝ Պեկինի հռչակագիր և գործողությունների ծրագրի ընդունումից 25 տարի անց չի կարելի թույլ տալ, որ գենդերային հավասարությունն ու կանանց իրավունքները զոհ դառնան COVID19-ին։ Համավարակին պատասխանը չի կարող համարվել արդյունավետ և կայուն, եթե հիմնված չէ գենդերային տեսանկյունից պատասխանատու որոշումների ու գործողությունների վրա:

 

COVID-19-ը և կանայք

 

Ուղեցույցն անդրադառնում է կանանց վրա համավարակի ազդեցության առանձնահատկություններին: Նշվում է, որ կանանց վարակվելու հավանականությունն առավել բարձր է, քանի որ   սպասարկման ոլորտում առավել մեծ թվով կանայք են ներգրավված: Համավարակի պայմաններում ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը։ Նախորդ համաճարակները ցույց են տալիս, որ չպետք է կրճատվեն վերարտադրողական առողջության ծառայություններին տրամադրվող գումարները, հակառակ դեպքում կանանց կյանքը, իրավունքները, առողջապահության  մատչելիությունը կրկնակի են վտանգվում։

 

Աշխարհում այս պահին ոչ միայն առողջապահական, այլև տնտեսական ճգնաժամ է։ Այն կանանց վրա առավել մեծ ազդեցություն է թողնելու, քանի որ կանայք ավելի ցածր են վճարվում, նրանց աշխատանքը պակաս ապահով է, նրանք հիմնականում ներգրավված են ոչ ֆորմալ սեկտորում, օրինակ գյուղատնտեսական, տնային մաքրության, հիվանդների, երեխաների ու տարեցների խնամքի աշխատանքներում։ Հետևաբար նրանք չունեն սոցիալական երաշխիքներ, չեն օգտվում երեխայի խնամքի արձակուրդից և պետության կողմից տրամադրվող աջակցության ծրագրերից:

 

Սոցիալական հեռավորության պահպանման անհրաժեշտության ու սահմանափակումների արդյունքում մեծանում է թվային տեխնոլոգիաների օգտագործումը, և պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որ հնարավոր է կանանց ու աղջիկների համար համացանցն ու թվային տեխնոլոգիաներն ավելի քիչ մատչելի են, բացի այդ նրանք այդ տիրույթում հաճախ են թիրախավորվում։ OECD-ի տվյալներով, կին քաղաքական գործիչների, ակտիվիստների, բլոգերների, իրավապաշտպանների համար սոցիալական ցանցերը սպառնալիքներ ստանալու հիմանական ուղին են։

 

Այս ամենով հանդերձ տունը դառնում է մի վայր, որտեղ պետք է համատեղել դպրոցն ու ուսումական պրոցեսը, աշխատանքը,  երեխաների խնամքը, տնային գործերը, ինչի հետևանքով ավելանում է կանանց ծանրաբեռնվածությունը ։

 

Ստեղծված իրավիճակն արդյոք կդառնա՞ հնարավորություն տնային գործերն ու երեխաների խնամքը կանանց և տղամարդկանց շրջանում ավելի լավ բաշխելու համար, որպեսզի երկուսն էլ կարողանան շարունակել իրենց մասնագիտական կյանքը, թե՞ հակառակը, կանայք կշարունակեն ստանձնել չվճարվող տնային և ծնողական աշխատանքների մեծ մասը՝ վտանգի ենթարկելով իրենց վճարվող աշխատանքը։

 

«Այսօր արձագանքելով գենդերային հավասարության խնդիրներին՝ մենք սահմանափակում ենք համաճարակի ազդեցությունը, ինչպես նաև  ճանապարհ հարթում ավելի հեշտ վերականգնման ու ավելի լավ ապագայի համար»,- նշում են ուղեցույցի հեղինակները՝ ընդգծելով ստեղծված իրավիճակում խորհրդարանների կողմից ընդունվող որոշումների՝ գենդերային առումով պատասխանատու լինելու կարևորությունը։

 

 

Կանանց մասնակցությունը որոշումների կայացմանը

 

Ուղեցույցի հեղինակներն ընդգծում են ստեղծված իրավիճակում որոշումների կայացման գործում կանանց հավասար մասնակցությունը, նրանց առաջնորդությունը։

 

Ուղեցույցում մի քանի հարցեր կան, որոնց պատասխանները կօգնեն հասկանալ, թե ինչպես են կառավարություններն արձագանքում համավարակին։

 

Օրինակ,

Խորհրդարաններում արդյո՞ք և կանայք, և տղամարդիկ ներգրավված են COVID-19-ի վերաբերյալ որոշումների կայացման գործում։

– Արդյո՞ք կանայք ընդգրկված են ճգնաժամի հաղթահարմանն ուղղված որոշումների կայացման բոլոր մակարդակներում՝ ստորաբաժանումներ, հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր և այլն։

-Արդյո՞ք վերահսկողական գործառույթներն իրականացնելիս խորհրդարանները հետևում են, որ այդ գործընթացում կանայք ու տղամարդիկ ներկայացված լինեն 50/50 համամասնությամբ։

-Արդյո՞ք հասարակության մեջ կանանց կարծիքներն ու եզրակացությունները ներառվել են համավարակի վերաբերյալ ԱԺ հանձնաժողովների կողմից կայացրած որոշումներում, ավելի պարզ ասած, արդյո՞ք տարբեր ոլորտների կանանց ձայնը լսելի է եղել խորհրդարանների հանձնաժողովներում։ Արդյո՞ք ԱԺ հանձնաժողովներում մանդատները բաժանված են գենդերային հավասարության հիմքով։

-Եթե համավարակով պայմանավորված նոր հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր են ձևավորվել, արդյո՞ք դրանցում պահպանվել է գենդերային հավասարության սկզբունքը։

 

COVID-19-ը և գենդերային տեսակետից ուղղորդված օրենսդրությունը

 

Խորհրդարանների կողմից ընդունված որոշումները, որոնք կառավարություններին թույլ կտան միջոցներ ձեռնարկել COVID-19- ի ազդեցությունը մեղմելու համար, պետք է գենդերային առումով զգայուն լինեն: Առողջապահության և տնտեսության ոլորտների, հիվանդանոցների, բժիշկների,  փոքր բիզնեսի, ինքնազբաղվածների, սոցիալապես անապահով ընտանիքների ու այլ խմբերի ուղղված աջակցության ծրագրերի հիմքում պետք է դրվեն գենդերային վերլուծության արդյունքները։

 

Օրինակ՝ պետք է մանրամասն կերպով պատկերացում ունենալ տղամարդկանց և կանանց շրջանում վարակի և մահացության ցուցանիշների վերաբերյալ։ Կառավարությունների ծրագրերը պետք է օգնեն արդյունավետ կերպով լուծելու ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց խնդիրները։

 

Ուղեցույցի հեղինակները հորդորում են ուշադրություն դարձնել այս, ինչպես նաև այն հարցին, թե արդյո՞ք օրենքներն ընդունելիս կամ փոփոխելիս հաշվի առնվո՞ւմ են կանանց կարիքներն ու կանանց վրա դրանց ազդեցությունը։

 

COVID-19-ի իրավիճակի և կառավարության գործողությունների  վերահսկողությունը՝ գենդերային տեսանկյունից

 

Ուղեցույցի հեղինակներն այս բաժնում ընդգծում են կառավարության քաղաքականության, ձեռնարկած միջոցառումների հասցեականությունը՝ առանց խտրականության կանանց ու տղամարդկանց համար։

 

Հեղինակներնը մի քանի բանալի հարցեր են առաջարկում, մասնավորապես.

 

Արդյո՞ք հիվանդների խնամք իրականացնող կամ նման ծառայություններ մատուցող կանանց դերը կգնահատվի, արդյո՞ք նրանց փոխհատուցում, աջակցություն, այդ թվում նաև պաշտպանիչ համազգեստ կտրամադրվի։

– Ի՞նչ է արվում առավել խոցելի խմբերի կանանց համար՝ ապահովելու սննդի, ջրի, տեղեկատվական և առողջապահական ծառայությունների մատչելիությունը։

-Արդյո՞ք ֆինանսական աջակցություն տրամադրվում է այն սեկտորին, որոնք, ոչ ֆորմալ աշխատանքում ընդգրկված լինելով, զրկված են պետական աջակցության ու նպաստների ծրագրերից։

-Ընտանեկան բռնությունների վտանգի մեծացմանը զուգահեռ ի՞նչ է արվում՝ կանանց պաշտպանված լինելու, դրա մասին ահազանգելու, ապաստարաններ տեղափոխվելու հնարավորությունները ապահովելու համար։

-Դպրոցների փակ լինելու համատեքստում ի՞նչ քայլեր են արվում աղջիկներին սեռական բռնությունների վտանգներից պաշտպանելու համար ։

 

 

Խորհրդարանների  դերը COVID-19-ի և դրա հետևանքների մասին իրազեկման աշխատանքներում

 

Սոցիալական հեռավորության, հիգիենայի պահպանման հորդորներին զուգահեռ խորհրդարանականները պետք է բարձրաձայնեն համավարակի պայմաններում տնային գործերը, խնամքի հետ կապված պարտականնությունները կանանց ու տղամարդկանց միջև հավասարապես բաժանելու կարևորության մասին։ Մասնավորապես տղամարդ պատգամավորները կարող են ընդգծել, թե ինչքան կարևոր է դրանց բաշխումը կանանց ու տղամարդկանց միջև։

 

Այս հատվածում ուղեցույցի հեղինակները մի քանի հարցեր են առաջադրում, օրինակ.

 

Արդյո՞ք զանգվածային լրատվամիջոցներում բարձրաձայնվում է կանանց վճռորոշ դերի մասին, որ նրանք ունեն առողջապահական համակարգում՝ արտակարգ իրավիճակին արձագանքելու առումով։

-Արդո՞ք իրականացվում է  խնամքի պարտականությունների՝ կանանց ու տղամարդկանց միջև հավասարապես բաշխման կարևորությունն ընդգծող իրազեկում։ Արդյո՞ք տղամարդ խորհրդարանականներն շեշտում են աշխատանքի, պարտականնությունների բաժանման կարևորությունը։

-Արդյո՞ք օնլայն կապ հաստատվել է ՀԿ-ների, առողջապահական կենտրոնների, սննդի կետերի, բանկերի, կանանց ապաստարանների հետ՝ պարզելու կանանց կարիքները։

 

 

Գենդերային զգայուն խորհրդարաններն ու COVID-19-ը

 

Ճգնաժամի պայմաններում  խորհրդարանները ստիպված են լինում  մշակել աշխատանքի նոր եղանակներ՝ հարմարվելով իրականությանը։ Ճգնաժամի պայմաններում խորհրդարանները չեն կարող անտեսել գենդերային հիմնախնդիրները, և ճգնաժամը պետք է դառնա  արագ լուծումներ գտնելու հնարավորություն, որը կօգնի խորհրդարանին դառնալ գենդերային առումով զգայուն հաստատություն։

 

Այս հատվածում հեղինակներն ուշադրություն են հրավիրում նման հարցերի.

 

Արդյո՞ք աշխատող կանանց ու տղամարդկանց տրվել է ճկուն գրաֆիկով աշխատելու, վճարվող արձակուրդի հնարավորություն, քանի որ երեխաներն այժմ չեն կարող հաճախել խնամքի հաստատություններ։

-Արդյո՞ք բոլոր հանդիպումները, այդ թվում և օնլայն, տեղի են ունենում աշխատանքային ժամերի։

-Արդո՞ք երաշխավորված է այն մարդկանց աշխատավարձի վճարումը,  որոնք տարիքի կամ առողջական խնդիրների պատճառով ստիպված են համավարակի պայմաններում մնալ տանը։

-Արդյո՞ք հաշվի առնվում են խորհրդարանի ու դրա աշխատակազմի  կին անդամների կարիքներն ։

 

 

Խորհրդարանականների այսօրվա աշխատանքը՝ հանուն ավելի լավ ապագայի

 

COVID-19-ով պայմանավորված առկա ճգնաժամը բերում է մարտահրավերներ, բայց միաժամանակ դա կարող է բացել նոր հնարավորությունների պատուհաններ` ուղղված առկա անհավասարությունների, անհավասարակշռումների վերացմանն ու  երկարաժամկետ հեռանկարում ավելի արդար ու ավելի կայուն հասարակությունների կառուցմանը։

 

Այստեղ արդեն մի քանի դիտարումներ են.

 

  1. Խորհրդարաններում գենդերային քաղաքականության ուժեղացումը ոչ միայն դրականորեն կանդրադառնա այսօր ընդունված որոշումների և միջոցառումների վրա, այլև ապագայում դրական ազդեցություն կթողնի խորհրդարանական կառավարման առումով։
  2. Եթե այժմ խորհրդարանները նպաստեն բոլորի համար առողջապահական ծառայությունների ապահովմանը, ապա այն կունենա երկարաժամկետ օգուտներ բոլորի համար՝ թե այսօր, թե ապագայում։
  3. Եթե խորհրդարաններն այժմ առիթը օգտագործեն վիճարկելու, կոտրելու առկա կարծրատիպերը, ինչպես նաև տնային տնտեսություններում աշխատանքի ավանդական բաժանումը, ապա դա կնպաստի ապագայում կանանց և աղջիկների տնտեսական հզորացմանը։
  4. Ճգնաժամային իրավիճակում կանանց՝ հասարակության, տնտեսության մեջ ունեցած էական դերի փաստաթղթավորումը կօգնի, որ այն հետագայում առավել համակարգված  հաշվի առնվի ու ճանաչվի։ Դա լավ հիմք կարող է լինել գենդերային հավասարությանն ուղղված անհրաժեշտ մշակութային փոփոխությունների համար։

 

 

Պատրաստեց  Հ. Կարապետյանը

 

Դիտումների քանակը` 1369

Գլխավոր էջ