COVID-19 . Երեխաների հանդեպ բռնությունը թաքնված ճգնաժամի է վերածվում

Մի շարք միջազգային կազմակերպություններ հանդես են  եկել հայտարարությամբ, որով մտահոգություն են հայտնում, որ COVID-19 համավարակի հետևանքով երեխաները կարող են  հայտնվել են բռնության, այդ թվում՝ չարաշահումների, գենդերային բռնության և սեռական շահագործման ենթարկվելու ավելի մեծ վտանգի տակ։

 

 Հայտարարության մեջ , մասնավորապես նշված է.

 

«COVID-19-ի պատճառով համաշխարհային բնակչության մեկ երրորդը ինքնամեկուսացման մեջ է, և դպրոցների փակումը անդրադարձել է ավելի քան 1,5 միլիարդ երեխաների վրա: Տեղաշարժման սահմանափակումները, եկամտի կորուստը, ինքնամեկուսացումը և սթրեսի ու անհանգստության բարձր մակարդակը մեծացնում են երեխաների հանդեպ ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնության հավանականությունը, մասնավորապես` այն երեխաների հանդեպ, ովքեր արդեն գտնվում են բռնության կամ ոչ բարենպաստ ընտանեկան միջավայրում: Եվ քանի որ համացանցը դարձել է բազմաթիվ երեխաների ուսման, աջակցության և խաղի հարթակ, մեծացել է նաև կիբերբուլիինգի, վտանգավոր առցանց վարքագծի և սեռական շահագործման ենթարկվելու վտանգը։

 

Իրավիճակը սրվում է երեխաների՝ դպրոցական ընկերների, ուսուցիչների, սոցիալական աշխատողների հետ շփվելու հնարավորություն չունենալու պատճառով, ինչպես նաև՝ դպրոցների, որպես անվտանգ վայրի և դպրոցների կողմից տրամադրվող ծառայությունների բացակայության պատճառով: Ամենախոցելի երեխաները, այդ թվում՝ փախստական, միգրանտ և ներքին տեղահանված, ազատազրկման ենթարկված, առանց ծնողական խնամքի մնացած, փողոցներում և ետնախորշերում բնակվող, հաշմանդամություն ունեցող, հակամարտությունների հետևանքով տուժած տեղանքներում ապրող երեխաները, առանձնակի մտահոգության տեղիք են տալիս։ Շատերի համար վատթարացող ֆինանսական դրությունը մեծացնելու է մանկական աշխատուժի, մանկական ամուսնությունների և թրաֆիքինգի ենթարկվելու վտանգը։

 

Այս հարցում  կառավարությունները հիմնաքարային դեր ունեն։ Նրանք պետք է ապահովեն, որ COVID-19-ի կանխարգելման և դրա դեմ պայքարին ուղղված ծրագրերը ներառեն տարիքին համապատասխան և գենդերային զգայուն միջոցառումներ, որպեսզի բոլոր երեխաներին պաշտպանեն բռնությունից, անտեսումից և չարաշահումներից: Առաջնահերթ է երեխայի պաշտպանությամբ զբաղվող ծառայությունների և այդ բնագավառի աշխատակիցներին տրվող աջակցությունը՝ համապատասխան ռեսուրսների հատկացմամբ։

 

Կառավարության հետ համատեղ և կառավարությանը տրվող աջակցության արդյունքում՝ միասին մենք պետք է իրականացնենք․

  • հիմնական առողջապահական և սոցիալական բարեկեցության ծառայությունների պահպանում, այդ թվում՝ հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական առողջության,
  • երեխաների պաշտպանությանն առնչվող դեպքերի վարույթների և արտակարգ իրավիճակներում այլընտրանքային խնամքի կազմակերպում,
  • ամենախոցելի երեխաների և ընտանիքների համար սոցիալական պաշտպանության ապահովում,
  • շուրջօրյա խնամքի հաստատություններում երեխաների խնամքի և պաշտպանության շարունակականության ապահովում,
  • ծնողների, խնամակալների և հենց իրենց՝ երեխաների համար գիտահեն տեղեկատվության և խորհուրդների տրամադրում,
  • թեժ գծերի, դպրոցների հոգեբանների և ահազանգելու այլ երեխայակենտրոն մեխանիզմների ներդրում, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան օգնության դիմել, եթե հայտնվեն դժվարին կացության մեջ։

 

Հաշվի առնելով առցանց վտանգների ենթարկվելու հավանականության աստիճանի մեծացումը՝ ՏՏ ընկերությունները և հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է անեն հնարավորը` երեխաների անվտանգությունը առցանց ապահովելու համար: Մասնավորապես՝ հարկավոր է տրամադրել անվճար թեժ գծերի հնարավորություն, ապահովել տարիքին համապատասխան ծառայությունների և առցանց կրթության անվտանգ համակարգերի առկայություն՝ կազմակերպությունների հարթակներն օգտագործելով երեխաներին առցանց անվտանգության վերաբերյալ խորհուրդներ տրամադրելու համար: Հարկավոր է ավելին անել՝ երեխաներին սպառնացող առցանց վտանգները, այդ թվում՝ երեխաների մասնակցությամբ սեռական բռնություն պարունակող պատկերների և տեսանյութերի ստեղծումն ու տարածումը հայտնաբերելու և կանխելու համար»։

 

Այս հայտարարությունը ստորագրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՀԿ-ի, ՄԱԿ-Կանայք և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակների, Աֆրիկայի երեխաների քաղաքականության ֆորումի, Սեյվ դը Չիլդրենի, ՍՕՍ մանկական գյուղերի, WePROTECT գլոբալ դաշինքի, Վերջ բռնությանը գործընկերության, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Վորլդ Վիժընի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից:

 

 

Թույլ մի՛ տվեք, որ երեխաները COVID-19-ի համաճարակի զոհ դառնան

 

 

ՅՈՒՆԻՍԵՖ -ը նույնպես  հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ Երեխաներն ու երիտասարդները ոչ միայն COVID-19-ի ազդեցությունն անմիջականորեն կրողներն են, այլև՝ դրանից ամենաշատը տուժածների թվին են պատկանում:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնում է, որ մեկնարկում է  գործողությունների համաշխարհային օրակարգը` ամենախոցելի երեխաներին վնասներից պաշտպանելու համար: Օրակարգը ներառում է վեց կետ.

1) պահպանել երեխաների առողջությունը,

 2) ջուրը ու սանիտարահիգիենիկ պայմանները հասանելի դարձնել խոցելի երեխաների համար,

3) ապահովել կրթության շարունակականություն,

 4) աջակցել ընտանիքներին՝ հոգալ իրենց կարիքներն ու ապահովել երեխաների խնամքը,

 5) պաշտպանել երեխաներին բռնությունից, շահագործումից և չարաշահումներից,

6) պաշտպանել փախստական, միգրանտ և հակամարտությունից տուժած երեխաներին:
 

 

Կազմակերպությունը նշում է , որ առանց հրատապ քայլեր ձեռնարկելու՝ այս առողջապահական ճգնաժամը կարող է դառնալ երեխայի իրավունքների ճգնաժամ, և մատնանշում է  այն վտանգները , որոնց կարող են առերեսվել երեխաները, և որոնք չեզոքացնելու ուղղությամբ անհրաժեշտ է  միասնական քայլեր ջեռնարկել արդեն այսօր: 

 
«Առողջապահության բնագավառում, COVID-19-ը կարող է գերծանրաբեռնել փխրուն առողջապահական համակարգերը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում և քար նետել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում երեխաների կյանքի պահպանման, առողջության, սնուցման և զարգացման գործում ձեռք բերված բազմաթիվ օգուտների վրա: Շատ երկրների առողջապահական համակարգեր արդեն իսկ դժվարություններ ունեն: COVID-19 ճգնաժամից առաջ աշխարհում թոքաբորբի ախտանիշներով երեխաների 32 տոկոսը բուժաշխատողի չէր դիմում: Ի՞նչ կլինի, երբ COVID-19-ն ամբողջ ուժով հարվածի: Մենք արդեն իմունիզացիայի ծառայության խափանումներ ենք տեսնում․ դրանք սպառնում են այնպիսի հիվանդությունների՝ ինչպիսիք են պոլիոմիելիտը, կարմրուկը և խոլերան, բռնկմամբ, որի համար պատվաստանյութեր արդեն գոյություն ունեն: Թվով շատ ավելի նորածիններ, երեխաներ, երիտասարդներ և հղի կանայք կարող են զոհ դառնալ ոչ կորոնավիրուսային հիվանդության, եթե ազգային առողջապահական համակարգերը, որոնք արդեն մեծ ճնշման տակ են, ամբողջովին գերծանրաբեռնվեն: Նմանապես, սնուցմանն ուղղված շատ ծրագրեր խափանվում կամ կասեցվում են, այդ թվում՝ համայնքային ծրագրերը, որոնք ուղղված են անբավարար սնուցում ստացող երեխաների վաղ հայտնաբերմանն ու բուժմանը: Մենք պետք է գործենք հիմա, որպեսզի պահպանենք և ամրապնդենք առողջապահության և սնուցմանն ուղղված համակարգերը աշխարհի յուրաքանչյուր երկրում:
 

«Միաժամանակ, ձեռքերը լվանալու և հիգիենայի պատշաճ պրակտիկայի միջոցով մեզ և ուրիշներին պաշտպանելը երբեք այսքան կարևոր չի եղել: Բայց շատ երեխաների համար ջուրն ու սանիտարահիգիենիկ պայմանները շարունակում են անհասանելի լինել: Ամբողջ աշխարհում, բնակչության 40 տոկոսը, այն է՝ 3 միլիարդ մարդ, դեռևս տանը չունի ձեռքերը օճառով և ջրով լվանալու համար ամենատարրական պայմանները։ Իսկ դա ամենաքիչ զարգացած երկրների բնակչության գրեթե երեք քառորդն է կազմում: Եկե՛ք անենք այնպես, որ յուրաքանչյուր տնային տնտեսություն, դպրոց և առողջապահական հաստատություն համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններն ունենա՝ ապահովելով առողջ միջավայր։
 

«Կրթության բնագավառ։ Երեխաների մի ամբողջ սերնդի կրթությունն ընդհատվել է: Ազգային մակարդակում դպրոցների փակումը խաթարել է ավելի քան 1,57 միլիարդ աշակերտների կրթությունը՝ ամբողջ աշխարհում կազմելով 91 տոկոս: Նմանատիպ նախորդ փորձառությունը մեզ հուշում է, որ դպրոցականները, իսկ հատկապես աղջիկները, ովքեր երկար ժամանակ դպրոց չեն հաճախում, շատ ավելի քիչ հավանական է, որ վերադառնան դպրոց վերաբացումից հետո: Դպրոցների փակումը նաև խաթարել է դպրոցական սննդի ծրագրերը ՝ մեծացնելով թերսնման մակարդակը: Սա կարող է վնաս հասցնել աշակերտների մի ամբողջ սերնդի ուսմանն ու ներուժին: Կրթություն ապահովելու վերաբերյալ մեր ստանձնած պարտավորություններն ու ներդրումները կրկնապատկելը, երբեք ավելի հրատապ չի եղել:
 

 

COVID-19- ի սոցիալ-տնտեսական ազդեցությունն ամենաշատը անդրադառնալու է ամենախոցելի երեխաների վրա: Շատերն արդեն ապրում են աղքատության մեջ, իսկ COVID-19-ի դեմ ուղղված պայքարի միջոցառումների հետևանքները նրանց վիճակն է՛լ ավելի են վատթարացնելու: Քանի որ միլիոնավոր ծնողներ պայքարում են իրենց ապրուստի միջոցներն ու եկամուտները պահպանելու համար, կառավարությունները պետք է տրամադրեն սոցիալական պաշտպանությանն ուղղված մեխանիզմներ՝ դրամական փոխանցումներ, աշխատատեղերի պահպանման աջակցություն, և այլն: Պետք է աշխատել գործատուների հետ` ծնողներին սատարելու համար և առաջնահերթություն տալ միջոլորտային կապ ստեղծող քաղաքականություններին։
 

 

Առողջապահական ոլորտի նախորդ արտակարգ իրավիճակներից գիտենք, որ երբ դպրոցները փակ են, սոցիալական ծառայությունները չեն գործում և տեղաշարժը սահմանափակված է, մեծանում է երեխաների շահագործման, չարաշահման և բռնության ենթարկվելու վտանգը։ Իսկ բռնությունն ամենաշատը տեղի է ունենում տանը: Երկրների մեծ մասում 3 երեխաներից ավելի քան 2-ը խնամակալների կողմից ենթարկվում են ծնողավարման բռնի մեթոդների: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ այդ երեխաները չեն կարողանում դուրս գալ տնից, կտրված են ուսուցիչներից, ընկերներից կամ չեն կարող օգտվել պաշտպանության ծառայություններից: Եվ քանի որ միլիոնավոր երեխաների համար թվային տեխնոլոգիաները դառնում են արտաքին աշխարհի հետ շփվելու միակ միջոցը, ինչպե՞ս ենք պաշտպանում նրանց հնարավոր ռիսկերից և վնասակար հետևանքներից: Երեխաների բռնությանը վերջ դնելու սոցիալական շարժումը, բռնության ենթարկված կանանց շարժման նման անհրաժեշտ մի բան է: Որքան շուտ այն սկսվի, այնքան բոլորիս համար լավ կլինի:
 

 

Այն երեխաները, ովքեր արդեն հումանիտար ճգնաժամի մեջ են ապրում, չպետք է մոռացվեն COVID-19-ի դեմ պայքարի ընթացքում: 2020 թվականն արդեն համարվել էր տարի, որի ընթացքում, ավելի շատ մարդ, քան երբևէ, մարդասիրական օգնության կարիք ուներ։ Իսկ ճգնաժամից տուժած երկրներում երեխաների խոցելիությունը կշարունակվի և, հավանաբար, ավելի կխորանա այս համաճարակի հետևանքով՝ ենթարկելով նրանց երկակի վտանգի: Համաշխարհային հանրությունը պետք է համախմբվի՝ ամենախոցելի երեխաների՝ նրանց, ովքեր չունեն ընտանիք կամ տուն, իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև՝ վիրուսի տարածումից պաշտպանելու համար»:

 

 

Աղբյուրը՝ 

ՅՈՒՆԻՍԵՖ -ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրություններ 

Դիտումների քանակը` 1406

Գլխավոր էջ