ԻՆչ է ասում ՀՀ Սահմանադրությունը կանանց իրավունքների ու հնարավորությունների մասին

 

Այսօր երկրի հիմնական օրենքի՝ ՀՀ Սահմանադրության օրն է : Այն սահմանում է հասարակության կազմակերպման հիմնարար սկզբունքները, արժեքներն ու գաղափարները, որոնք ուղենիշ են հանդիսանում երկրի զարգացման համար և որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։

 

WomenNet.am- ը ներկայացնում է ՀՀ Սահմանդրության մեջ ամրագրված այն սկզբունքներն ու լուծումները, որոնք վերաբերում են կանանց իրավունքների և հնարավորությունների ապահովմանը։

 

 

Նշենք, որ  2015-ի դեկտեմբերին  ուժի մեջ մտած  բարեփոխված Սահմանադրությունում կանանց իրավունքներին վերաբերող նոր հոդվածներ են ավելացել, որոնք ներառված են  երկրորդ` «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» գլխում.

 

 

Հոդված 28. Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

Բոլորը հավասար են օրենքի առջև:

 

 Հոդված 29. Խտրականության արգելքը

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

 

Հոդված 30. Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:

 

Ուշագրավ էնաև 86-րդ հոդվածում զետեղված նպատակներից մեկը.

Հոդված 86. Պետության քաղաքականության հիմնական նպատակները

Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են`

4) կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը.

 

Փորձագետների գնահատմամբ` Սահմանադրության փոփոխությունների հիմքում ընկած է ոչ միայն կանանց և տղամարդկանց իրավահավասարության ամրագրման, այլև հավասար իրավունքների իրականացման մեխանիզմների ստեղծման գաղափարը, ինչը հավասար հնարավորությունների ապահովման խնդիրն է առաջ բերում:  Այսպես, եթե 30-րդ հոդվածով ամրագրվում է կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը, ապա հնարավորությունների հավասարության անհրաժեշտությունը ի հայտ է գալիս 86-րդ հոդվածով, երբ պետության քաղաքականության որպես հիմնական նպատակ է հայտարարվում «կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը»: Այս առումով կարևորվում է Սահմանսդրության մեջ ամրագրված այն դրույթը, ըստ որի կառավարությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի Ազգային ժողովին հաշվետվություն ներկայացնել և անդրադառնալ այն մեխանիզմներին, որոնք ստեղծել է հիմնարար իրավունքների դե ֆակտո ապահովման համար:

 

 

Ի դեպ, այս համատեքստում  ակնհայտ է դառնում  «Կանանց և  տղամարդկանց հավասար իրավունքների և  հավասարհնարավորությունների ապահովման մասին» ՀՀ  օրենքի կարևորությունը, որը ընդունվել էր  դեռևս  2013-ին , սակայն մինչ օրս  իրավակիրառ պրակտիկայում որևէ կերպ չի հիշատակվել  և չի  օգտագործվել:  

 

 

Մինչդեռ օրենքը հիշատակվում է 2019թ. սեպտեմբերին ընդունված «Հայաստանի հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարության»   մեջ, որտեղ , մասնավորապես, ասված է.

 

 

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության սեռի հատկանիշով խտրականության արգելքի  նորմը կարգավորվում է 2013 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցումը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը»:

 

 

Բացի այդ , ռազմավարությունում   նշվում է, որ «վերոհիշյալ նորմը, որպես ազգային օրենսդրության մաս, կարգավորվում է նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերով»:

 

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 2036

Գլխավոր էջ