«Մենք գործընթացի սկզբնական փուլում ենք»
Քննարկվեցին կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները
Փետրվարի 13-ին Երևանում կայացած «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ կանայք աշխատաշուկայում, խնդիրներ և լուծումներ» խորագրով համաժողովի ժամանակ ներկայացվեց Հայաստանում կանանց և տղամարդկանց հավասար աշխատանքային իրավունքների ապահովմանն ուղղված ճանապարհային քարտեզը, որի ձևավորման գործընթացը մեկնարկել էր դեռ մեկ տարի առաջ «Inspired+Հայաստան» ծրագրի շրջանակներում: Այն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և «Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության» եվրոպական կազմակերպությունների միության, Համաշխարհային առաջնորդական դաշինք Մադրիդի ակումբի և Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի հետ համատեղ՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Նշենք, որ համաժողովին մասնակցելու նպատակով Երևան էր ժամանելՍլովենիայի նախկին նախագահ Դանիլո Տյուրկի գլխավորած Համաշխարհային առաջնորդական դաշինք Մադրիդի ակումբի բարձրաստիճան պատվիրակությունը:
WomenNet.am-ը ներկայացնում է համաժողովի ու քննարկումների ժամանակ քաղհասարակության ու կառավարության ներկայացուցիչների, փորձագետների հնչեցրած որոշ տեսակետները:
Դանիլո Տյուրկ,
Սլովենիայի նախկին նախագահ.
« Ես մեկն եմ այն մարդկանցից, ով համարում է, որ ոչ խտրական վերաբերմունքը կանանց հանդեպ և նրանց մասնակցությունը քաղաքական և տնտեսական գործընթացներին շատ կարևոր նախադրյալ է պետության զարգացման համար… Այս համաժողովը կարևոր հարթակ է, որի շուրջ պետք է քննարկումները շարունակվեն: Մենք գործընթացի սկզբնական փուլում ենք, ներկայայցված փաստաթուղթը ուղեցույց է և պետք է շարունակենք համագործակցությունը աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված ճանապարհային քարտեզը կյանքի կոչելու ուղղությամբ…
Մարգարիտա Հակոբյան,
ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն
«Ճանապարհային քարտեզը մշակվել է մասնակցային գործընթացի շրջանակներում, քննարկումների արդյունքում, որոնց մասնակցել են քաղհասարակության և կառավարության ներկայացուցիչներ: Ներկայացված է եղել նաև մասնավոր հատվածը: Փաստաթուղթը բաց է քննարկման համար և վերջնական արդյունքը պետք է բոլոր շահագրգիռ կողմերի միասնական մոտեցումները ներառի: Մեր նպատակն է, որպեսզի այն բերի համակարգային լուծումների և աշխատանքային իրավունքների ոլորտում արձանագրվեն իրական բարեփոխումներ: Հույս ունենք, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել հեղափոխությունից հետո և կարծում ենք, որ նոր կառավարությունը պետք է շեշտը դնի, թե ինչպես աշխատեցնի համակարգը»:
Ջինա Սարգիզովա,
գենդերային փորձագետ.
«Հայաստանի աշխատանքի շուկայում առկա է ոչ հավասար իրավիճակ կանանց և տղամարդկանց միջև, ինչի մասին է վկայում պաշտոնական վիճակագրությունը: Այսօր մենք ունենք տնտեսական բավականին լուրջ իրավիճակ, երբ կանայք ներգրավված չեն տնտեսությունում իրենց ներուժի չափով, և ստեղծված չեն այն պայմանները, որ կնպաստեն հավասարությանը աշխատաշուկայում: Հայաստանում տնտեսապես ակտիվ է կանանց 52 տոկոսը, ի տարբերությունը տղամարդկանց 70 տոկոսի: 25 և 34 տարիքային խմբում այդ տարբերությունը հասնում է 40 տոկոսի: Կանանց շրջանում գործազրկությունը կազմում է 20 տոկոս, տղամարդկանց շրջանում` 16 տոկոս: Գրանցված գործազուրկների 70 տոկոսը կանայք են, հուսահատ գործազուրկների թվում կանայք 69 տոկոս են: Կանանց համար աշխատանք գտնելու ամենամեծ խոչընդոտը աշխատանքը և ընտանեկան պարտականությունները համադրելու հնարավորությունների պակասն է: Ընտանեկան հանգամանքներով չաշխատող կանանց թիվը բավականին մեծ է` 99 տոկոս է: Տնտեսապես ոչ ակտիվ բնակչության շրջանում կանայք 66 տոկոս են կազմում, ընդ որում նրանց 40%-ը ունեն բարձրագույն կամ մասնագիտական կրթություն: Հայաստանում առկա է նաև կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերության խնդիրը: Իհարկե, օրենսդրորեն ամեն ինչ կարգավորված է, բայց այնուամենայնիվ տարբերությունը կազմում է 32,5 տոկոս, ինչին նպաստում են հետևյալ հանգամանքները` կանայք ներգրավված են այն ոլորտներում, որտեղ միջին աշխատավարձը ավելի ցածր է` առողջապահության, սոցիալական, կրթության ոլորտներ: ացի այդ զբաղեցնում են ավելի ցածր, հետևապես ավելի քիչ վարձատրվող պաշտոններ: Խնդիր է նաև այն հանգամանքը, որ կանայք համաձայնում են լինել չգրանցված աշխատողներ, հաճախ մտնում են ստվերային ոլորտ»:
Ռուբեն Սարուխանյան,
GSP+ փորձագետ.
«Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը չի կարող լինել միայն մի մարմնի կողմից, այն համագործակցություն ու ներկայացվածություն է պահանջում բոլոր դերակատարների կողմից: Աշխատանքի իրավունքի պաշտպանությունը շարունակականություն պահանջող գործընթաց է, որի բոլոր դերակատարները պետք է աշխատեն ամեն օր, ամեն վայրկյան այդ իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար: Խնդրի շուրջ մշակված ճանապարհային քարտեզում շեշետադրվել են նաև կանանց և տղամարդկանց հավասարության հարցեր, ինչն անչափ կարևոր է՝ հաշվի առնելով հայաստանյան աշխատաշուկայում առկա վիճակը»:
Արմինե Մխիթարյան,
Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական ինովացիաների բաժնի պետ.
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երկրի ՀՆԱ-ի աճը միայն այն դեպքում է հանգեցնում ծնելիության մակարդակի բարձրացմանը, երբ պետությունը պայմաններ են ստեղծվում համատեղել կանանց աշխատանքային իրավունքի իրացումն ու երեխայի խնամքը: Եվ այս դեպքում ամուսնու աշխատել-չաշխատելու հանգամանքն այնքան էլ էական չէ: Երկրորդ կարևորագույն խնդիրն այն է, որ կանանց շրջանում շատ բարձր է գործազրկության մակարդակը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծրագրեր է մշակել և ներդրել 2018 թվականից, որոնք, օրինակ, խրախուսում են աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերին: Ներդրվել է նաև այսպես կոչված «դայակ պետության հաշվին» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս մասամբ փոխհատուցել դայակի վարձատրությունը: Բայց, անշուշտ, այս երկու ծրագրերը վերջնական չեն կարող լուծել այն խնդիրը, թե ինչպես կազմակերպել երեխայի խնամքը, որպեսզի մայրը կարողանա վերադառնալ աշխատանքի»:
Ժորա Սարգսյան,
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ.
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերջին տարիներին որդեգրած քաղաքականությունն այն է, որ կանայք վերադառնան աշխատաշուկա: Այս ուղղությամբ ներդրվել և ներդրվում են ծրագրեր, մշակվում նորերը: Բայց պետք է հաշվի նստենք նաև պետական բյուջեի հնարավորությունների հետ: Օրենսդրական կարգավորումների տեսանկյունից այսօր կանանց իրավունքները պաշտպանված են այնպես, ինչպես տղամարդկանց իրավունքները: Աշխատանքային օրենսգիրքն էլ ամրագրում է, որ որևէ խտրականություն, այդ թվում սեռով պայմանավորված, չի կարող լինել»:
Համաժողովի ընթացքում ներկայացվեցին նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության օրենսդրական բացերը, խոսվեց արհմիությունների դերի ընդլայանման, աշխատանքային տեսչության գործառույթների հստակեցման և բազմաթիվ այլ խնդիրների մասին, որոնք աշխատանքային իրավունքների պաշտպանության միասնական համակարգի մաս են կազմում: Համաժողովի մասնակիցները համաձայնեցին, որ խնդիրները ավելի խորը ու համակարգված մոտեցումներ են պահանջում և պայմանավորվեցին նման քննարկումները կազմակերպել պարբերաբար:
***
Նշենք, որ միջոցառման երկրորդ հատվածում ամփոփվեց «Կանայք աշխատանքի շուկայում. բացահայտե՛նք խոչընդոտները» խորագրով լրագրողական մրցույթի արդյունքները: Լավագույն հինգ լրագրողական նյութերի հեղինակներին հանձնվեցին հանձնվեցին մրցանակներ:
Իրենց հոդվածների և հոդվածաշարերի համար մրցանակաների արժանացան.
Նարա Մարտիրոսյանը (Aravot.am) Կանայք խոցելի խումբ են հանդիսանում մեր երկրում, քանի որ գործատուները միտված են աշխատակիցներին մաքսիմալ ժամերով աշխատանքի ներգրավել
Շուշան Ստեփանյանը, (168.am) Տարիքային խտրականությունն ու գործատուների 50+ արգելքները
Անահիտ Հարությունյան (Mediamax) Իրինան՝ սարերում կորած Դարիկի «բուրժուա» տիրուհին, Կանայք աշխատաշուկայում խնդիրներ և իրավունքներ
Աստղիկ Գևորգյանը (Ampop.am) Կանայք աշխատաշուկայում խնդիրներ և իրավունքներ
Լիա Խոջոյանը (WomenNet.am) «Միմիայն բարետես արտաքինով» կամ «դրակոններին խնդրում ենք չդիմել», «Հաստ շուրթեր»-ը որպես աշխատանքային բարձր ունակությունների ցուցանիշ, «Պահանջվում են մինչև 25 տարեկան, բարետես աղջիկներ….»
Դիտումների քանակը` 1632