ՀՀ Նախագահ. «Շարունակենք ընդլայնել կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում և որոշումներ կայացնելու գործընթացներում»

 

conf-1Այսօր  ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել   ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստան-25. աշխարհը և կանայք» խորագրով համաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:  Համաժողովին մասնակցել են   ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,  ՀՀԿ տարածքային և մարզային կառույցների ավելի քան 600 անդամներ, հասարակական-քաղաքական ազդեցիկ և հեղինակավոր գործիչ-կանայք՝ Հայաստանից, Արցախից ու արտերկրից: Հրավիրյալների թվում էին` գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի բնագավառների կին գործիչներ, զոհված զինվորների  մայրեր, ազատամարտիկներ:



Իր ողջույնի խոսքում նախագահ Սերժ Սարգսյանն, անդրադառնալով ընտանիքում և հասարակությանում  կնոջ դերին, մասնավորապես,  ասել է.

 

«Հանրապետականը պահպանողական կուսակցություն է: Մենք ցանկանում ենք պահպանել և ամրապնդել մեր ավանդական ընտանիքը, որը մշտապես եղել է հայ ժողովրդի պատմական գոյությունը երաշխավորող ամենաանառիկ ամրոցը:

 

… Սակայն խոսքս բնավ չեմ ցանկանում սահմանափակել հայկական ընտանիքի կյանքում կնոջ դերակատարմամբ, երեխաների դաստիարակությամբ և կենցաղի կազմակերպման գործով: Ոչ պակաս կարևոր են կնոջ դերը, մասնակցությունը և ներդրումը հասարակության կյանքում: Մենք հպարտ ենք Հայաստանի կանանց ձեռքբերումներով մեր կյանքի բոլոր ոլորտներում ՝ մշակույթից և կրթությունից մինչև բանակ, գործարարությունից մինչև առողջապահություն:

 

Իմ կարծիքով, մեր դարաշրջանի խնդիրներից մեկը արհեստական հակասությունն է անձնականի ու ընտանեկանի միջև՝ մի կողմից, և հասարակականի ու պետականի միջև՝ մյուս կողմից: Համոզված եմ, որ նման երկընտրանք չպետք է լինի:

 

Մեր հասարակությունը բաղկացած է կայացած կանանցից ու տղամարդկանցից: Հաջողություն ունեցող տղամարդու կողքին պետք է միշտ ներկայացված լինի կինը՝ հաջողություն ունեցող կինը: Մենք դա խրախուսում ենք: Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, և այդ դիրքորոշումը միշտ արտահայտվելու է մեր հստակ կեցվածքում»:

naxagah-7

Նախագահը խոսել է  նաև քաղաքական կյանքում և որոշումներ կայացնելու գործընթացներում կանանց ներգրավվածությունը ընդլայնելու մասին.

 

«Մեր երկրի Սահմանադրությունը և օրենսդրությունը երաշխավորում են կանանց և տղամարդկանց լիարժեք իրավահավասարությունը: Ուստի, պետք է հետևողականորեն իրագործենք արդեն իսկ մշակված օրենքի դրույթները, մասնավորապես՝ շարունակենք ընդլայնել կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում և որոշումներ կայացնելու գործընթացներում», – ասել է Սերժ Սարգսյանը, հատակապես կարևորելով  կանանց  ակտիվ ներգրավումը և մասնակցությունը  երկրում  Սահամանադրության փոփոխության հետ միասին  սկիզբ առած  բարեփոխումներում:

 

« Գալիք երկու-երեք տարիները լինելու են բեկումնային: Վստահ եմ, որ մեր երկրի կանայք ասելիք և անելիք ունեն այստեղ: Ակնկալում եմ, որ դուք ձեր ողջ ներուժով հանձն եք առնելու այդ աշխատանքը»,  – ասել է երկրի նախագահը՝ դիմելով համաժողովի մասնակիցներին:

 

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ  ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը: Հայտարարելով համաժողովի մեկնարկի մասին՝ իր ելույթում ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը ընդգծեց, որ պատմական այս դահլիճում, որտեղ ընդունվել է ՀՀ անկախության հռչակագիրը, խոսվելու է մեր երկրի անցած ուղու և ապագայի անելիքների մասին: Իր զեկույցում  Հերմինե Նաղդալյանը  խոսել է  Սահմանադրության փոփոխություններից հետո և խորհրդարանական ընտրություններից առաջ երկրում ընթացող գործընթացներից, Հայոց ցեղասպանության 100-ամյակի իրադարձություններից, ապրիլյան քառօրյա պատերազմից:

 

Համաժողովի մասնակիցները  հոտնկայս պատվել են  հայրենիքի համար նահատակված զինվորների և նրանց մայրերին:   Համաժողովի ամբիոնից ելույթ է  ունեցել  ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Սահակյանը:   «Մեր տղաների կյանքն ու մահը սովորական չէին, այլ հերոսական, ոսկե տառերով պետք է գրվեն հայոց պամության էջերում»,-  իր ելույթում ասաց Գայանե Սահակյանը: Նրա խոսքով՝ հիմա  ավելի քան երբևէ բոլորը հասկանում են, որ տղաները մեծ աշխարհաքաղաքական աղետ են կանխել՝ խափանելով թշնամու ծրագրերը:
conf-2

«Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովին հնչեցին նաև Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ուղերձները, ԵԺԿ Կանանց կազմակերպության ղեկավար Դորիս Փեքի տեսաուղերձը, Կանանց Համաչինական ֆեդերացիայի ուղերձը:

 

 

Արտերկրից համաժողովին մասնակցում էին  և ելույթներով հանդես եկան  պատգամավորներ՝ ՌԴ Դաշնության խորհրդի գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Զ. Դրագունկինան, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Տ. Բատիշևան, Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի պատգամավոր, օրենսդրության եւ դատաիրավական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Ն. Միքայելյանը և այլոք:

 

 

Համաժողովի ընթացքում քննարկված խնդիրների շարքում են.  կանանց տեղն ու դերը հասարակական-քաղաքական կյանքում, ժամանակակից աշխարհում, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում, ընտրություններում կանանց ներգրավվածությունը, կանանց ինքնադրսևորման խթանները և արգելքները: Անդրադարձ է կատարվել նաև արդի ժողովրդագրական խնդիրներին ու այդ ուղղությամբ  կանանց անելիքներին:

 

 

ՀՀ Նախագահի ելույթն ամբողջությամբ այստեղ

 

 

Դիտումների քանակը` 2465

Գլխավոր էջ