Հայաստանում երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործությունների թիվն ավելացել է

Հայաստանում սեռական հանցագործությունների թիվն ավելացել է: Այդ մասին են վկայում «2015–2016թթ. սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն ու դրանց վարույթի առանձնահատկությունները» հետազոտության արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ:

 

Տուժողների մեծամասնությունը 14-16 տարեկան երեխաներ են

 

ՀՀ քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ Դավիթ Թումասյանը, ներկայացնելով հետազոտության արդյունքները, նշեց, որ 2015 թվականին սեռական բռնության է ենթարկվել 4-17 տարեկան 76 անչափահաս երեխա, իսկ 2016 թվականին այդ թիվը ավելացել է 39-ով:  «2016 թվականին սեռական բռնություն է իրականացվել 5-17 տարեկան 115 երեխայի նկատմամբ, որոնցից 53-ը` դպրոցականներ։ Այդպիսով, 14-16 տարեկան անչափահասները սեռական ոտնձգությունների և բռնությունների տեսանկյունից պատկանում են ամենախոցելի խմբին», – ասաց նա, նշելով, որ  մեծամասամբ սեռական բնույթի գործողությունների երեխաներին հարկադրում են նրանց հարազատները, դաստիարակները կամ ծանոթները։ Քիչ են նաև այն դեպքերը, դեռահասներն իրենք են բռնություն գործադրում մյուս երեխաների նկատմամբ:

 

Մանրամասնելով դեպքերը,  նա նշեց, որ   16 տարին չլրացած երեխաների հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքերի թիվը մեկ տարվա կտրվածքով աճել է 22-ով, իսկ անառակաբարո գործողությունների դեպքերինը՝ 6-ով, ինչը նշանակում է, որ երեխաներն ավելի թիրախավորված են դարձել սեռական հանցագործությունների համատեքստում: Մրա խոսքով,  այս ամենը հաշվի առնելով երեխաների պաշտպանության ուղղությամբ պետք է իրականացնել առավել արդյունավետ միջոցներ՝ իրազեկելով երեխաներին և նրանց ծնողներին կամ երեխայի խնամքով կամ դաստիարակությամբ զբաղվող այլ անձանց՝ դեպքերի կանխմանը և բացահայտմանը նպաստող գործողությունների և հնարավոր մեթոդների մասին: Իսկ հաշվի առնելով, որ տուժողների մեծամասնությունը 14-16 տարեկան երեխաներ են, անհրաժեշտ է այդ տարիքի երեխաների միջավայրում կազմակերպել հատուկ կանխարգելիչ և բացատրական դասընթացներ: «Առկա են անչափահասների կողմից անչափահասների նկատմամբ սեռական հանցագործություններ իրականացնելու դեպքեր և միայն 2015թ-ին ունեցել ենք 6 անչափահաս-կասկածյալ մեղադրյալ, 2016թ-ին՝ 5 մեղադրյալ»,-  հավելեց Դավիթ Թումասյանը:

 

Ներկայացնելով վիճակագրական տվյալներ սեռական հանցագործությունի վերաբերյալ  Քննչական կոմիտեի ներկայացուցիչը նշում է, որ 2015 թվականին սեռական հանցագործությունից տուժողների թիվը կազմել է 142, որից արական սեռի ներկայացուցիչները 11-ն են եղել:  2016 թվականին սեռական հանցագործությունից տուժել են 162-ը, որից 11-ը նույնպես արական սեռի ներկայացուցիչ էին: «Եթե 2015-ին տարիքով ամենափոքր տուժողը եղել է 4 տարեկան, իսկ ամենամեծը՝ 62, ապա 2016-ին՝ ամենափոքրը եղել է 5 տարեկան, ամենամեծը՝ 74 տարեկան: Սա նշանակում է, որ տուժող կարող է լինել ցանկացած անձ՝ անկախ տարիքից, թեև հիմնականում սեռական բռնության են ենթարկվում  14-16 տարեկան անձիք, ինչը կազմում է ընդհանուր տուժողների 48 տոկոսը»,- ասում է  Դավիթ Թումասյանը:

 

Ընդհանուր առմամբ,  2015-2016 թվականների ընթացքում ՔԿ-ի վարույթում քննվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով հարուցված 288 քրեական գործ, որից 131 քրեական գործը՝ 2015 թվականին, իսկ 157-ը՝ 2016 թվականին: Այսինքն՝ քննված քրեական գործերի թիվը 2016 թվականին, 2015 թվականի համեմատությամբ, աճել է 26-ով:

 

 2016թ.-ին 157 քրեական գործերով տուժողներից 147-ն ազգությամբ հայ էին, 14-ը՝ եզդի, 1-ը՝ մոլդովացի: Տուժողներից 160-ը ՀՀ քաղաքացիներ էին, 1-ը՝ Ռուսաստանի Դաշնության, իսկ 1-ը՝ Մոլդովայի Հանրապետության քաղաքացի: 2015 թ-ին 131 քրեական գործով տուժող է ճանաչվել 142 անձ, որոնցից 11-ը՝ արական, իսկ 131-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ: Տուժողներից 131-ն ազգությամբ հայ էին, 10-ը՝ եզդի, իսկ 1-ը` մարի: Տուժողներից 141-ը եղել են ՀՀ  քաղաքացիներ, իսկ 1-ը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

 

Ներկայացնելով, թե ում կողմից են իրականացվում սեռական բռնությունները, Դավիթ Թումասյանն նշում է, որ անծանոթների կողմից իրականացված հանցագործության տոկոսը ցածր  է: «Հանցագործությունների մեծամասնությունը  կատարվում են պոտենցիալ զոհի հետ ծանոթ մարդկանց կողմից, եղել են դեպքեր, երբ տուժողները սեռական բռնության են ենթարկվել ազգականների կողմից: 2015թ-ին սեռական բռնության մեկական դեպք գրանցվել է հոր և մորաքրոջ ամուսնու կողմից, եղել են դեպքեր մորաքրոջ դստեր ամուսնու, մոր նախկին ամուսնու կողմից, դստեր ամուսնու կողմից: 2015 թվականին արձանագրվել է դեպք, երբ մարմնավաճառությամբ զբաղվող կինը դիմել է իրավապահ մարմիններին և հայտնել, որ հաճախորդն իրեն բռնաբարել է»,- ասում է քննչական կոմիտեի ներկայացուցիչը, նշելով, որ ուսումնասիրությունները ցույց են տվել՝ սեռական բռնության դեպքերի մեծամասնությունը տեղի է ունենում մարզերում:

 

«Սեռական բռնության ենթարկված կանայք և անչափահասները  մտածում են, որ մարդիկ իրենց կմեղադրեն»

 

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը նշում է, որ սեռական բռնությունը լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, և դժբախտաբար շատ անգամ թվերը հստակ չեն ներկայացնում իրական վիճակը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ամեն 3-րդ կին բռնության է ենթարկվում իր կյանքի ընթացքում, ամեն 4-րդ կին էլ սեռական բռնության է ենթարկվում իր զուգընկերոջ կողմից: 

Ներկայացնելով կենտրոնի հետազոտության տվյալները՝ Տաթևիկ Աղաբեկյանը նշում է, որ 2010-2016 թթ-ին աշխատել են 500 շահառուների հետ, որոնց մեծ մասը եղել են ընտանեկան բռնության ենթարկված կանայք: «500-ից 100-ը եղել են սեռական բռնության դեպքեր, բայց մինչև 2016թ-ը ոչ մի դեպք դատարան չի հասել: 2016թ-ից սկսած աշխատում ենք միայն սեռական  բռնության դեպքերով: Այս պահի դրությամբ 7 անչափահասի դեպք ունենք, որոնցից 6-ը աղջիկ են, և կանանց սեռական բռնության 9 դեպք, սակայն բոլոր դեպքերը չեն, որ դատարանում են: Կանանց մեծ մասը ստանում են հոգեբանական աջակցություն»,- ասաց նա:

 

Տաթևիկ Աղաբեկյանի խոսքերով՝ սեռական բռնությունից տուժածները նախընտրում են չխոսել այդ մասին, նրանք մտածում են, որ իրենց են մեղադրելու: «Խնդիրը այն է, որ սեռական բռնությունը հատկապես Հայաստանում, ընկալվում է որպես «ամոթ»։ Հաճախ սեռական բռնության ենթարկված կանայք և անչափահասները դեպքի մասին բարձրաձայնելիս առաջնորդվում են «ինչ կասեն մարդիկ, եթե իմանան» սկզբունքով կամ էլ մտածում են, որ մարդիկ իրենց կմեղադրեն, խայտառակ կլինեն և դա չի դիտարկվում որպես վատ երևույթ, տուժողը ավելի շատ մտածում է, որ կմեղադրեն հենց իրեն: Հետո նրա մոտ սկսում են մտքեր՝ գուցե ես եմ մեղավոր, եթե այդ ժամին չգնայի այդտեղ, այսպես չհագնվեի, այսպես չպահեի և այլն: Կա նաև անվստահություն իրավապահ մարմինների նկատմամբ, և հիմա չնայած այդ մարմիններում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում, այնուամենայնիվ, մարդիկ կարծիք ունեն, որ իրավապահ մարմինները միայն իրենց ծանոթներին են օգնում»,- նշում է  կենտրոնի ղեկավարը:  

Սեռական բռնությունից տուժողների մոտ, ըստ Աղաբեկյանի, կա նաև վախ հենց բռնարարից, որ էլի բռնության կենթարկվեն: Սեռական բռնության դեպքում նաև ապացուցման բեռն էլ է խնդիր առաջացնում զոհերի մոտ. «Սեռական բռնության ենթարկված անձը մտածում է՝ հիմա մի քանի անգամ պետք է գնամ ապացուցեմ, ապացույցներ ներկայացնեմ: Սեռական բռնության ենթարկված անձը այնպիսի հոգեբանական տրավմայի է ենթարկվել, որ իրենց համար դժվար գործընթաց է ապացույցներ ներկայացնելը»: 

Մ.Մարգարյան

Դիտումների քանակը` 3132

Գլխավոր էջ