Երեխաների ձայնը
ՀՀ ոստիկանության 2017 թվականի առաջին յոթ ամիսների տվյալներով գրանցվել է ընտանեկան բռնության 416 դեպք, որից 235-ը, այսինք մեծ մասը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռության» կոալիցիայի տվյալներով նույն ժամանակահատվածում առնվազն 5 կին է սպանվել ամուսնու կամ զուգընկերոջ կողմից։ Իսկ կոալիցիայի անդամ կազմակերպությունների թեժ գծերին ստացվող հեռախոսազանգերի թիվը կրկնապատկվել է՝ անցնելով 4500-ը: Այս մտահոգող վիճակագրության հետևում նաև երեխաներ են, ովքեր հաճախ ընտանեկան բռնության ականատես են դառնում կամ անմիջական զոհ հանդիսանում…
***
«Էնքա՜ն ա եղել` կռիշում ենք քնել, սրա-նրա տանը… հոգնել էինք: Համարյա ամեն օր հարբած էր, էնա, որ խմում էր, ձեռի տակ ընկածը շպրտում էր մեր վրա, տանը բան չի մնացել, սաղ ջարդել ա… Մորս որ ծեծում էր, մեջ էինք ընկնում, մեզ էլ էր խփում: Մաման անընդհատ տենց վնասվածքներով գնում բողոքում էր, ասում էին` լավ չեք բողոքում. լավ բողոքելը ո՞րն ա: Եսիմ` ի՞նչ էին ուզում»,- հոր` Լևոն Ա.-ի մասին պատմում է դուստրը` Մարինեն: Լևոնը չէր աշխատում, դստեր պատմելով` անտառից մոր հետ հատապտուղ էր հավաքում, շուկայում վաճառում, բայց ամբողջ գումարը խմիչքի վրա էր ծախսում… Այս տարվա հոկտեմբերին բժիշկները հրաշքով են փրկել նրա մոր` 54-ամյա Սիրանույշի կյանքը` ամուսնու կողմից դանակով հարվածներից հետո…
***
«Քնած էի, ժամը 4-ին արթնացա մամայիս բղավոցներից: Քույրս` Արփինեն, դեռ քնած էր: Արագ վազեցի, տեսնեմ` ճաշասենյակի դուռը կողպված է, ու Վալոդն էլ (խորթ հայրը ) մամային էն կողմից հրում է անընդհատ: Մաման գոռում էր, որ ես բացեմ դուռը: Վազեցի խոհանոց, գդալ բերեցի ու դուռը հեշտ բացեցի: Ներս մտա, տեսա` վազը վերցրել է ու խփում է… Մամային փորձեցի փախցնել, բայց հասցրեց հետևից էլի խփել: Հետո մամային քարշ տալով` բերեց խոհանոց ու սկսեց դանակով հարվածել: Օգնություն էինք կանչում, խնդրում էինք, որ այդ բանը չանի, բայց մեզ չէր լսում, մեր աչքի առաջ սպանում էր մամային»,- պատմում է մի քանի օրում ցավից ու վշտից հասունացած 17- ամյա Անահիտը: Մյուս քույրը` 14-ամյա Արփինեն, ընդհանրապես չի խոսում: Անչափահաս երեխաների աչքի առջև խորթ հայրը սպանել է իր 35-ամյա կնոջը` 21 անգամ դանակի հարվածներ հասցնելով…
***
…«Մեզ ուղարկում էր տեղաշոր ու ինքը սկսում մամային ծեծել, ձեներից էի հասկանում, որ ծեծում ա: Մի անգամ զարթնել եմ ու տեսել, որ դանակը մամայի վզին ա պահել»,- պատմում է Տաթևիկ Ն.-ի 10-ամյա որդին` Հովհաննեսը: Տաթևիկի 7-ամյա դուստրն էլ պատմում է, թե ինչպես է հայրը մեքենայով մորն ու իրեն տարել ամայի ու քարքարոտ վայր, դանակը դրել կոկորդին. միայն երեխայի խնդրանքից ու լացից հետո` պապա՛, խնդրում եմ, մի՛ արա, հայրը սթափվել է ու չի վնասել: Տաթևիկը ամուսնու կողմից 10 տարի բռնության է ենթարկվել ամենադաժան ձևերով` շիկացրած պտուտակահանով այրել ձեռքերը, ռետինե խողովակով ծեծել և վերջում, երբ կինը, չդիմանալով կտտանքներին, արդեն թողել, երեխաների հետ միասին տնից հեռացել էր, ամուսինը նրան հետապնդել և շքամուտքում 25 անգամ դանակահարել է…
***
… 15-ամյա Սյուզին սենյակի ապակեպատ դռնից տեսել է, թե ինչպես է հայրը բռունցքով հարվածում մորը ու հետո դանակով հարվածում. «Գոռացի` պապան մամային սպանում ա, բայց մինչև եկան, մաման արդեն ուշքից գնացել էր, մինչև շտապ օգնության գալը, մամային ուրիշ մեքենայով տարան հիվանդանոց, բայց…» 5-ամյա Արմանը չի տեսել, թե ինչպես է հայրը դանակահարում մորը, քույրը` Սյուզին, հասցրել է այդ պահին ձեռքերով փակել եղբոր աչքերը, բայց երբ մորն արնաշաղախ հյուրասենյակ են տարել, ու հետո էլ մեծերի խոսակցություններից Արմանը հասկացել է` «մամային պապան ա խփել», պապին ասել է. «Մեծանամ` ես էլ իրան կսպանեմ»… 16 տարվա ամուսինները հազվադեպ են հաշտ ու խաղաղ ապրել, պատահել է` ամուսինը ձմռան ցրտին գրկի երեխայի հետ կնոջը տնից դուրս է հանել, իբր` պատժում է, կամ էլ Լուսինեին մի ոտի վրա ժամերով անկյուն է կանգնեցրել, չէր թողնում կինը տնից դուրս գար, հարևանների հետ շփվեր, արգելում էր որևէ տեղ կինն աշխատի: Սպանվելուց առաջ Լուսինեն որոշել էր վերջ դնել իր տառապանքներին ու ամուսնուն ասել էր, որ բաժանվում է…
Ըստ մամուլում լուսաբանված ընտանեկան բռնության դեպքերի
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Երեխաների 38 %ը ենթարկվում է ընտանիքում ֆիզիկական պատժի որևէ տեսակի»
Պաշտոնապես հրապարակվել է Ընտանեկան բռնության մասին օրինագիծը
Ընտանեկան բռնությունը պաշտոնական թվերով
Ե՞րբ կդադարի ընտանեկան բռնությունը
«Վերցրու, կտաս Լիանային, ինքն ա բռնության ենթարկվում»
Ընտանեկան բռնությունը և երեխաների պաշտպանությունը. ինչ է նախատեսում օրենքը
Դիտումների քանակը` 3422