«Երեխաների  38 %ը ենթարկվում է ընտանիքում  ֆիզիկական պատժի որևէ տեսակի»

Ասում են  երեխան հայ ընտանիքում սրբություն է, սակայն դա չի բացառում ծնողների կողմից   երեխաների նկատմամբ բռնության կիրառումը…   WomenNet.am-ի խնդրանքով,  «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը ներկայացնում է   երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ  վերջին  տվյալները:

 

 

« Համաձայն Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության (2015-16 թթ.)՝ 1-14 տարեկան 10 երեխայից 7-ը հետազոտությանը նախորդող 30 օրերի ընթացքում ենթարկվել է հոգեբանական կամ ֆիզիկական որևէ պատժի: Հոգեբանական ագրեսիան ավելի տարածված է, քան ֆիզիկականը: Երեխաների 2/3 ավելին (65 %) ենթարկվել է հոգեբանական ագրեսիայի, իսկ 38 %ը՝ ֆիզիկական պատժի որևէ տեսակի: Վաղ տարիքի երեխաների նկատմամբ բռնություն կիրառվել է ավելի հազվադեպ, քան 3-14 տարեկան երեխաների նկատմամբ: Այնուամենայնիվ, մեկ և երկու տարեկան երեխաների գրեթե կեսի նկատմամբ կիրառվել է դաստիարակության որևէ բռնի մեթոդ»,- ասաց փորձագետը, նշելով, որ  այս տվյալները  եւս մեկ անգամ վկայում են  երեխաների նկատմամբ բռնության  խնդրի  օրակարգային լինելու մասին:

 

 

Մեր զրուցակցի դիտարկմամբ,   դաստիարակության բռնի մեթոդները գրեթե նույն կերպով տարածված են քաղաքային (68 %) և գյուղական (71 %) բնակավայրերի երեխաների շրջանում: Սյունիքի և Վայոց ձորի մարզերի երեխաներն ամենաքիչն են ենթարկվել դաստիարակության որևէ բռնի մեթոդի (համապատասխանաբար 56 և 59 %): Եվ, հակառակը, Արագածոտնի և Լոռու մարզերի տասը երեխաներից մոտ ութի նկատմամբ կիրառվել է որևէ բռնի մեթոդ:

 

 

2015 թվականին «Վորլդ Վիժն Հայաստանի» կողմից անցկացված Երեխաների պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակի նախնական գնահատման արդյունքում պարզվել է, որ ծնողների 74.7%-ը վերջին մեկ ամսվա ընթացքում որպես պատժի ձև երեխաների նկատմամբ կիրառել է ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն: Ֆիզիկական բռնություն կիրառել է 39.7%-ը: Նույն ծնողների 67.4%-ը կարծում է, որ ֆիզիկական բռնության կիրառումը դաստիարակության արդյունավետ մեթոդ չէ, և միայն 8%-ն է կարծում, որ ֆիզիկական պատիժը դաստիարակության արդյունավետ միջոց է: Հետազոտությունը կատարվել էր  շուրջ 10000 ծնողների շրջանում, ընդ որում դեռևս 2010 թվականին կատարված մեկ այլ ուսումնասիրություն արձանագրել էր նույն ցուցանիշը։ Այսինքն, մասնագետի խոսքով, արդեն հինգ տարի է` իրավիճակը չի փոխվել։

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից Երեխայի հանդեպ բռնության վերաբերյալ հետազոտության մասնակիցների 44%-ը համարում է, որ հայ հասարակության մեջ երեխաների նկատմամբ բռնությունն այն խնդիրներից է, որը հրատապ լուծում է պահանջում, եզրափակեց մասնագետը:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 3903

Գլխավոր էջ