Ընտանեկան բռնությունը և երեխաների պաշտպանությունը. ինչ է նախատեսում օրենքը

… 15-ամյա Սյուզին սենյակի ապակեպատ դռնից տեսել է, թե ինչպես է հայրը բռունցքով հարվածում մորը ու հետո դանակով հարվածում. «Գոռացի` պապան մամային սպանում ա, բայց մինչև եկան, մաման արդեն ուշքից գնացել էր, մինչև շտապ օգնության գալը, մամային ուրիշ մեքենայով տարան հիվանդանոց, բայց…» 5-ամյա Արմանը չի տեսել, թե ինչպես է հայրը դանակահարում մորը, քույրը` Սյուզին, հասցրել է այդ պահին ձեռքերով փակել եղբոր աչքերը, բայց երբ մորն արնաշաղախ հյուրասենյակ են տարել, ու հետո էլ մեծերի խոսակցություններից Արմանը հասկացել է` «մամային պապան ա խփել», պապին ասել է. «Մեծանամ` ես էլ իրան կսպանեմ»…

 

Սա ընտանեկան բռնության բազմաթիվ դեպքերից մեկն է միայն,  որ հաճախ  կատարվում են   երեխաների աչքի առաջ և  նույնիսկ երեխաների հանդեպ …  Ինչ է նախատեսում երեխաների պաշտպանության մասով վերջերս հրապարակված «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը:  Օրենքում հստակ ամրագրվում են նաև ընտանեկան բռնության զոհ դարձած երեխաների իրավունքների պաշտպանությունն ու շահերը,  օրինակ, հստակ սահմանվում է ընտանեկան բռնություն գործադրած անձի` երեխաների հետ տեսակցության ժամանակավոր ժամանակացույցը, ընտանեկան բռնություն գործադրած անձի վրա պարտականություն է  դրվում ընտանեկան բռնության ենթարկվածի հետ կիսելու իրենց համատեղ անչափահաս կամ չափահաս անաշխատունակ երեխաների խնամքը, ամրագրվում է, որ ապաստարանները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ կենցաղային, իսկ երեխաների համար` նաև խնամքի և կրթության պայմաններով, և այլն:

 

ՀՀ  արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը WomenNet.am-ի հետ զրույցում անհիմն որակեց   օրենքի ընդդիմախոսների  այն պնդումները, որ  այս օրենքն իբր  մեխանիզմներ է սահմանում երեխաներին ընտանիքից վերցնելու համար:  Նրա խոսքով,  օրինագիծը  երեխաների հետ կապված որևէ նոր նորմ կամ գործիքակազմ չի սահմանում, ամենը վաղուց արդեն ամրագրված է ՀՀ օրենսդրությամբ:

 

 

WomenNet.am-ի մեկ այլ զրուցակից  «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը ՝ անդրադառնալով օրինագծին   երեխաների պաշտպանության տեսանկյունից կարևորեց այն հանգամանքը, որ նախագծում երեխան դիտարկվում է  որպես իրավահարաբերության առանձին սուբյեկտ, ինչը նախնական տարբերակում   բացակայում էր:

 

« Երեխան, ավելի շատ, ներկայացված էր որպես բռնության ենթարկվածի՝ հիմնականում մոր, խնամքի տակ գտնվող անձ: Տրված էր ընդհանուր ձևակերպում՝ ընտանիքի անդամներ և երեխան որպես առանձին կատեգորիա նշված չէր: Բարեբախտաբար, շրջանառվող վերջին նախագծում, նաև մեր կողմից ներկայացված կարծիքի հիման վրա, կատարվեց փոփոխություն և այժմ ավելի բաց ցանկով է նշվում, թե կոնկրետ ում նկատի ունի օրենքը, երբ ասում է ընտանիքի անդամ և «երեխան» որպես սուբյեկտ  մտցվեց այդ ցանկի մեջ»,-  ասաց  Ա.Մուրադյանը:

 

Անդրադառնալով  օրինագծի ընդդիմախոսների մտահոգությանը, թե  օրենքը հնարավորություն կտա երեխաներին ընտանիքներից կտրել, մեր զրուցակիցն ընդգծեց՝ այն մարդիկ, ովքեր ասում են, որ այս օրենքով պատրաստվում են մեր «երեխաներին խլել մեզանից», թող համապատասխան հոդվածը ցույց տան օրենքի նախագծում: Նրա խոսքով, այս օրենքն  երբևէ միտում չի ունեցել ընտանիքից երեխաներին առանձնացնելու և այս հարցի շուրջ բարձրացված աղմուկն ուղղակի անհեթեթություն էր, մի քանի պատճառով.

 

«Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանք սահմանափակելը կատարվում է բացառապես դատական կարգով: Այսօր դեռ այս օրենքը ընդունված չէ, բայց դատարանները, ելնելով երեխայի լավագույն շահից, օրենքով սահմանված դեպքերում զրկում կամ սահմանափակում են ծնողների ծնողական իրավունքները»,- ասաց նա:  Բացի այս, շարունակեց փորձագետը, այսօր պետությունը իրականացնում է մեծ բարեփոխում, առաջնորդվելով «Երեխան պետք է ապրի ընտանիքում» կարգախոսով, փորձելով վերամիավորել մանկատներում և այլ հաստատություններում գտնվող երեխաներին իրենց կենսաբանական ընտանիքների հետ: Այսինքն, կստացվեր, որ պետությունը ինքն իրեն հակասում է նման գործիքակազմ ամրագրելով օրենքում, ինչը, բարեբախտաբար, այդպես չէ:  Աիդա Մուրադյանի խոսքով,  օրինագիծը կանոնակարգում է ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության հիմքերը, ինչը հստակ նշվում է նախագծում:  

 

Փորձագետը հիշեցրեց, որ  Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի 19-րդ հոդվածը երաշխավորում է երեխաների պաշտպանությունը բռնություններից ու չարաշահումներից, և երեխայի պաշտպանության  ապահովումը համարվում է պետության հիմնական պարտականություններից մեկը: Սակայն պետության կողմից դեռևս լիարժեք սահմանված չեն բռնության երևույթի գնահատման չափանիշները, բացակայում է բռնության դրսևորման ձևերի, տարածվածության մասին տեղեկատվությունը, գործուն չեն իրավասու մարմինների համակարգված և փոխհամաձայնեցված արձագանքման մեխանիզմները: Բացակայում են բռնության ենթարկված երեխաների վերականգնողական ծառայությունները և երևույթի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, ձևավորված չէ նաև հասարակության կողմից երևույթի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը: 

 

Այդ իսկ պատճառով, Աիդա Մուրադյանի խոսքով,   «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի  նախագծի մշակումն ու շրջանառության մեջ դնելը կարևոր քայլ է  ոչ միայն  ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքար մղելու, այլ երերխաներին այդ բռնությունից պաշտպանելու առումով:

 

Լիա Խոջոյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Պաշտոնապես հրապարակվել է Ընտանեկան բռնության մասին  օրինագիծը

Ընտանեկան բռնությունը պաշտոնական թվերով

Ե՞րբ կդադարի ընտանեկան բռնությունը

«Վերցրու, կտաս Լիանային, ինքն ա բռնության ենթարկվում»

 

Դիտումների քանակը` 5121

Գլխավոր էջ