Բիզնեսը հավասարություն է ենթադրում
Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի կենտրոնական թեմաներից մեկը՝ կանայք եւ բիզնեսն է: Պեկինի գործողությունների ծրագրում այս թեման առանձնացված է «Կանայք եւ տնտեսությունը« խնդրահարույց ոլորտում: Ըստ այդմ, նստաշրջանի շրջանակում մեծ թվով բիզնես առաջնորդների, պետությունների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ հատուկ քննարկում էր կազմակերպվել կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման շուրջ:
Քննարկմանը մասնակցում էին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինտոնը, Քլինտոնը, ով, ի դեպ , 1995-ն մասնակցել էր Պեկինի գագաթնաժողովին:
Քննարկման հիմքում էին դեռ 2010 թ. ՄԱԿ-Կանայք ստորաբաժանման նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրով մշակված «Կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման 7 սկզբունքները»: Ըստ այդ սկզբունքների, կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը դիտարկվում է որպես բիզնես ընկերությունների հաջողությանը եւ համընդհանուր բարօրությանը նպաստող ռազմավարություն: Դա բիզնեսի սոցիալական պատասխանատվության ոլորտում խոշոր համաշխարհային նախաձեռնություն է, որն այսօր միավորում է ավելի քան 8 հազար բիզնես կառույցներ և այլ շահագրգիռ կողմեր աշխարհի ավելի քան 135 երկրներից, թեպետ 2010-ին իր մեկնարկի պահին ունեցել է ընդամենը 40 ստորագրյալներ:
«Կանայք և տղամարդիկ, ովքեր հասկանում են, որ գենդերային հավասարությունը արդարացված է ոչ միայն բարոյապես, այլ նաեւ ամենախելամիտ մոտեցումն է ընկերությունների և երկրների զարգացման համար, օր օրի շատանում են », – ասաց քննարկման ակտիվ բանախոս Հիլարի Քլինթոնը: Նրա խոսքով, վերջին 20 տարիների առաջընթացը պատահական չէ. դրա համար պահանջվել է հանձնառություն, հաշվետվողականություն, միասնություն և ծանր աշխատանք: «Ես շատ հուզված եմ այսօրվա առիթով, և, մասնավորապես, այն բանի համար, որ այստեղ ներկա են այսքան բիզնես ոլորտի ներկայացուցիչներ , որոնք գիտակցում են իրենց դերը կանանց հնարավորությունների ընդլայնման հարցում», – նշեց նա, կոչ անելով գործել միասնաբար՝ ներգրավելով ողջ բիզնես աշխարհը:
Իր բացման խոսքում ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան Կի Մունը նշեց, որ կանանց հնարավորությունների ընդլայնման 7 սկզբունքները տրամադրում են ցանկացած բիզնեսին ճանապարհային քարտեզ՝ կանանց իրավունքները հարգելու և պաշտպանելու համար:
«Սա այն կարևորագույն պահն է, երբ մասնավոր հատվածը պետք է զբաղեցնի իր կարևոր տեղը որպես գործընկեր և գենդերային հավասարության հասնելուն միտված փոփոխություններ մտցնի: Եթե ստատուս քվոն շարունակվի, ոչինչ էլ չի փոխվի: Ես կոչ եմ անում միավորվել Կանանց հնարավորությունների ընդլայնման սկզբունքների ակտիվ իրականացման շուրջ: Մենք ուզում ենք տեսնել մեծ թվով բիզնեսներ, որոնք կորդեգրեն այս սկզբունքները հաջորդ հինգ տարիների ընթացքում, որպեսզի կարողանանք հասնել լիակատար հավասարության մինչև 2030 թ.», – ասաց ՄԱԿ-ի Կանանց գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգուկան:
Նիստին հայտնի դարձան այն 5 բիզնես կազմակերպությունները, որոնք ճանաչվել են գենդերային հավասարության մեջ առաջատարներ: Մրցանակաբաշխության վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային կարող եք ծանոթանալ այստեղ :
Նշենք, որ «Կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման 7 սկզբունքներն» ենթադրում են.
1. Ընկերության ղեկավարության մակարդակով ձևավորել գենդերային հավասարության ապահովմանը նպաստող միջոցառումների ակտիվ աջակցություն:
2. Արդար մոտեցումներ ցուցաբերել աշխատավայրում կանանց և տղամարդկանց. հարգել և սատարել մարդու իրավունքները և բացառել խտրականությունը:
3. Ապահովել բոլոր աշխատակիցների` տղամարդկանց և կանանց, առողջությունը, անվտանգությունը և բարեկեցությունը:
4. Օժանդակել կանանց կրթությանը, որակավորման բարձրացմանը և մասնագիտական աճին:
5. Բիզնեսի զարգացման, մատակարարումների և իրացման շղթայի ոլորտում կիրառել կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը նպաստող մոտեցումներ:
6. Աջակցել իրավահավասարությանը նախաձեռնությունների միջոցով տեղական համայնքների մակարդակում և շահերի պաշտպանության ուղիով:
7 Անցկացնել արդյունքների գնահատում և հանրությանն իրազեկել գենդերային հավասարության հասնելու ասպարեզում հաջողությունների մասին:
Երեւան-Նյու Յորք
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա». հաջողվել է փրկել 2,4 մլն. կյանք
«Կանայք քաղաքականության մեջ – 2015». ներկայացվեց նոր քարտեզը
Բիզնեսը հավասարություն է ենթադրում
ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության
Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով
«Կապանքներից ազատենք կանանց ներուժը հանուն բոլորի համար ապահով ապագայի»
Դիտումների քանակը` 4153