Բայդենը բարձր պաշտոնների է նշանակում կանանց

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդենը շարունակում է նոր վարչակազմի նշանակումները: Օբամայի վարչակազմում Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակիին նա նշանակում է որպես Սպիտակ տան խոսնակ: Նրա ընտրարշավի խոսնակ Քեյթ Բեդինգֆիլդն էլ կդառնա հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն: Այս մասին է հաղորդում  «Ամերիկայի Ձայն»– ը:

 

 

Բայդեն-Հարիս ընտրարշավում ավագ խորհրդական Սիմոնե Սանդերսը կզբաղեցնի փոխնախագահի պաշտոնում ընտրված Քամալա Հարիսի խոսնակի պաշտոնը: Բայդենի նախկին մամլո քարտուղար Էլիզաբեթ Ալեքսանդրը կլինի առաջին տիկնոջ հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրենը:

 

 

Սպիտակ տան փոխխոսնակների պաշտոները կվստահվեն Բայդենի ընտրարշավի ավագ խորհրդականներ Քարին Ջին Պիեռին եւ Էշլի Էթինին: Փիլի Թոբարը, որը Սենատի փոքրամասնության ղեկավար Չաք Շումերի օգնականներից էր, ծառայելու է որպես հասարակայնության հետ կապերի բաժնի փոխտնօրեն:

 

 

Նախագահ Դոնալդ Թրամփի հաղորդակցությունների հարցերով զբաղվող բաժնի մի շարք անդամներ եւս կանայք են, ինչպես օրինակ մամլո քարտուղար Քեյլի Մաքքենանին եւ Սպիտակ տան հաղորդակցությունների հարցերով տնօրեն Ալիսսա Ֆարահը:

 

 

Ինչպես մամուլի հաղորդագրություններում է ասված, Բայդենը ընտրել է նաեւ տնտեսական հարցերով իր թիմի պաշտոնատար անձանց: Նիիրա Թանդենը, որը ներկայացնում է Ամերիկյան առաջընթաց վերլուծական կենտրոնը, շուտով ստանձնելու է բյուջետային ու կառավարման հարցերով տնօրենի պաշտոնը, Սեսիլիա Ռոուսը, որը մինչ այժմ եղել է Փրինսթոնի համալսարանի տնտեսական հարցերով պրոֆեսոր, կդառնա Տնտեսական խորհրդականների խորհրդի նախագահ:

 

 

Դիտումների քանակը` 1305

Գլխավոր էջ