Բեռլինի կինոփառատոնը ռեկորդ է խփում կին ռեժիսորների մասնակցությամբ
Այսօր՝ փետրվարի 7-ին Գերմանիայի մայրաքաղաքում բացվեց Բեռլինի 69-րդ կինոփառատոնը, որը կտևի մինչև փետրվարի 17-ը: Այս տարվա Բեռլինալեն նշանավորվեց փառատոնի գլխավոր մրցանակին` «Ոսկե արջին» հավակնող կին ռեժիսորների ռեկորդային թվով:
Բեռլինյան փառատոնի գլխավոր մրցանակին հավակնող 17 ֆիլմերից 7-ը նկարահանվել են կանանց կողմից: Սա բոլոր նշանակալի կինոփառատոնների համար աննախադեպ ռեկորդ է. նախորդ տարի Կաննի կինոփառատոնում ներկայացված էին երեք կանայք, Վենետիկում` միայն մեկ: Իսկ Օսկարի մրցանակի այս տարի չի առաջադրվել որևէ կին:
«Կանայք առաջատար դիրքեր են զբաղեցնում մեզ մոտ … Սա բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն է: Եվ այդ կապակցությամբ ես միայն ուզում եմ պարզաբանել, որ իմաստ չունի ծրագրում ներառել որևէ ֆիլմ՝ առաջնորդվելով քաղաքական կոռեկտության նկատառումներով», – ասաց Բեռլինի կինոփառատոնի տնօրեն Դիտեր Կոսսլիկը:
Ի՞նչ է ցուցադրվելու Բեռլինալե-2019-ին
Փառատոնի բացմանը կցուցադրվի դանիացի ռեժիսոր Լոնե Շերֆիգի «Անծանոթների բարությունը» ֆիլմը, որը պատմում է մի քանի մարդկանց կյանքի դժվար ժամանակաշրջանի մասին: ֆիլմի գլխավոր հերոսները` Նյու Յորքի չորս բնակիչներ, ապրում են իրենց կյանքի ամենավատ շրջանը: Յուրաքանչյուրն ունի իր սեփական խնդիրը. բռնարար ամուսին, ցավալի ցածր ինքնագնահատական, աշխատանքի և անձնական երջանկության բացակայություն:Հերոսները հանդիպում են շքեղ ռուսական ռեստորանում, որտեղ փոխադարձ աջակցությամբ ամեն ինչ սկսում են զրոյից: Շերֆիգը ստացավ իր առաջին մրցանակը Բեռլինում 2001 թ-ին՝ «Իտալերեն սկսնակների համար» մելոդրամի համար: Իսկ Քերրի Միլիգանի և Էմմա Թոմփսոնի մասնակցությամբ նրա «Զգացմունքների դաստիարակություն» դրաման 2010 թ. արժանացել էր 3 Օսկարի 7 և 25 այլ մրցանակների:
Մրցույթում ներկայացված են նաև Ֆրանսուա Օզոնի «Աստծո օգնությամբ» ֆիլմը, Ագնեշկա Հոլլանդի կենսագրական դրաման բրիտանացի լրագրողի մասին, ով առաջին անգամ պատմեց աշխարհին Ուկրաինայում 30-ականների սովի մասին («Գարեթ Ջոնս»), Ֆաթիհ Աքինի` սերիական մարդասպանի մասին թրիլլերը (“Ոսկե Ձեռնոց “), Չժան Իմոուի (” Մեկ վայրկյան “) ֆիլմը: Ավստրիացի ռեժիսոր Մարի Քրյութզերը հանդիսատեսին կներկայացնի «Հողը իմ ոտքերի տակ» դրաման, որի գլխավոր հերոսուհին երիտասարդ և շատ հաջողակ կին Լոլան է, ով ջանասիրաբար թաքցնում է իր հոգեկան հիվանդություն ունեցող ավագ քրոջը: Փառատոնի հյուրերը նաև կտեսնեն իսպանացի Իսաբել Կոշետի «Էլիզա և Մարսելլա» ֆիլմը, Թեոնա Ստրուգար Միտեվսկու «Տերը գոյություն ունի, նրա անունը Պետրունյա է», Անգելա Շանելեի «Ես տանը եղել եմ, բայց …» ֆիլմերը , ինչպես նաև կենդանի դասական ֆրանսուհու՝ 90-ամյա Ագնես Վարդի ֆիլմը որը կոչվում է« Varda by Agnes»:
Բեռլինի կինոփառատոնի այս տարվա ժյուրին գլխավորում է ֆրանսիացի հանրահայտ կինոդերասանուհի Ջուլիեթ Բինոշը:
Ի դեպ, Բեռլինալեի հաջորդ մրցաշրջանում փոփոխություն է սպասվում: 18 տարի շարունակ փառատոնի ղեկավար հանդիսացող Դիտեր Կոսսլիկին փոխարինելու է գործադիր տնօրեն Մարիետ Ռիսենբեկը: Նա փառատոնը գլխավորող առաջին կինն է լինելու, ում հարուստ փորձը և մեծ կապերը կնպաստեն կինոշոուի հետագա զարգացմանը, նշում են ոլորտի գիտակները:
Թ.Հ.
Դիտումների քանակը` 1985