Ուղիղ 25 տարի առաջ այս օրերին ընդունվեց Պեկինի Գործողությունների ծրագիրը
25 տարի առաջ ՝ 1995-ին սեպտեմբերի 4-15-ը ավելի քան 17 հազար պաշտոնական պատվիրակներ և 30 հազար քաղաքացիական հասարակության ակտիվիստներ 189 երկրներից մասնակցում էին Պեկինում կայացած ՝ Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային խորհրդաժողովին:
Հայաստանից 26 կին էր մասնակցում խորհրդաժողովին` պաշտոնական պատվիրակության 8 անդամներ և ոչ կառավարական կազմակերպությունների 18 ներկայացուցիչներ:
Ի դեպ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն այն եզակի հոգևորականներից էր, որ այդ օրերին ուղերձ էր հղել խորհրդաժողովի մասնակիցներին` նշելով, որ անարդարությունները պետք է շտկվեն, և կանայք Աստծո և Արարչի առջև հավասար են տղամարդկանց:
Խորհրդաժողովի մասնակից 189 պետություններն, այդ թվում Հայաստանը, պարտավորություններ ստանձնեցին միաձայն ընդունված Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի շուրջ: Գործողությունների ծրագիրը մինչ օրս ամենաընդգրկուն և հիմնարար համաձայնագիրն է համարվում կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման և գենդերային հավասարության ձեռքբերման ոլորտում: Փաստաթղթի ծավալն ու խիստ համակարգված կառուցվածքն ինքնին տպավորիչ են. 12 ոլորտներ և յուրաքանչյուրի շրջանակում՝ իրավիճակի վերլուծություն, ռազմավարական նպատակների նախանշում և դրանց ուղղությամբ գործողությունների հանձնարարականներ՝ հասցեագրված կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը և այլ պատասխանատու մարմիններին: Փաստաթղթի հայերեն թարգմանությունը, ցավոք, միայն կրճատ տարբերակով է հասանելի:
Ըստ էության, հենց Պեկինի Գործողությունների ծրագրով է շրջանառության մեջ դրվել կանանց ու տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների բանաձևը, որը կոչված էր վերացնելու կանանց հռչակված իրավունքների և դրանց արդյունավետ իրացման հարցում առկա խզումը:
Հետպեկինյան գործընթացների շրջանակներում հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների բանաձևը՝ իր հաստատումը գտնելով բոլոր հետագա ծրագրային փաստաթղթերում, համալրվեց նաև հավասար արդյունքի կոնցեպտով:
Դեռ անցյալ տարվա մայիսին ՄԱԿ-Կանայք կառույցն ազդարարեց Պեկին + 25 գործընթացի մեկնարկը, որի շրջանակում ողջ աշխարհում պետություններն ու ոչ կառավարական կազմակերպությունները կամփոփեն անցած 25 տարվա ընթացքում Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաև կնախանշեն նոր մարտահրավերները և հետագա անելիքները: Պեկին + 25 գործընթացի կարգախոսն է՝ «Հավասարության սերունդ. իրագործենք կանանց իրավունքները հավասար ապագայի ակնկալիքով» /Generation Equality: Realizing women’s rights for an equal future:
Հիշեցնենք, որ ողջ աշխարհում սկիզբ առած Պեկին+25 գործընթացի շրջանակում Հայաստանն առավել քան ակտիվ դերակատարում ունի, քանի որ 2020-2021թթ․ նախագահող երկիր է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում, որը վերահսկող մարմին է հանդիսանում Պեկինի Գործողությունների ծրագրի իրականացման հարցերում:
Հայաստանը նաև ընտրվել է Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի 25-րդ տարելիցի համատեքստում ձևավորված «Հավասարության սերունդ» ֆորումի վեց գործողությունների կոալիցիաներից մեկի ՝ «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր: «Հավասարության սերունդ» ֆորումը, որը նախատեսվում էր անցկացնել 2020 թվականին Մեխիկոյում և Փարիզում, կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղափոխվել է հաջորդ տարի և անցկացվելու է 2021 թվականի առաջին կեսին:
Նշենք, որ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը, որը Պեկին + 25 գործընթացի առանցքային միջոցառումներից մեկն է, այս տարի անցավ օն-լայն տիրույթում: Նախատեսվում էր անցկացնել 64-րդ նստաշրջանը մարտի 9-20-ը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ընդ որում նստաշրջանը պետք է հյուրընկալեր անդամ պետությունների և ոչ կառավարական կազմակերպությունների մոտ 12 հազար ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից: Սակայն հանձնաժողովի կազմկոմիտեն՝ վկայակոչելով COVID-19 կորոնավիրուսի տարածման հետ կապված վտանգները, որոշում կայացրեց կրճատել 64-րդ նստաշրջանի միջոցառումները և դրա փոխարեն անցկացնել մեկ ընթացակարգային հանդիպում մարտի 9-ին: Նախատեսված բազմաթիվ հարակից և զուգահեռ միջոցառումները չեղարկվեցին:
Նստաշրջանում ընդունվեց Քաղաքական հռչակագիր, որով անդամ պետությունները, վերահաստատելով Պեկինի Գործողությունների ծրագիրն իրականացնելու քաղաքական կամքը, ընդունել են, որ ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որոնք էլ ավելի համակարգված և ուժեղացված ջանքեր ու գործողություններ են պահանջելու առաջիկայում: Հռչակագիրը վերահաստատում է նաև, որ գենդերային հավասարությունը և բոլոր կանանց և աղջիկների հզորացումը կարևոր դեր կխաղան Կայուն զարգացման բոլոր նպատակների առաջընթացի հարցում, ինչը հատկապես արդիական է մինչև 2030 թվականը գլոբալ նպատակների իրականացմանն ուղղված ՄԱԿ-ի Գործողությունների տասնամյակի (2020 – 2030) նախաշեմին:
Առաջիկայում սպասվում է Պեկինի Գործողությունների ծրագրի 25-ամայակին նվիրված բարձր մակարդակի հանդիպում համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ: Այն տեղի կունենա հոկտեմբերի 1-ին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական 75-րդ նստաշրջանի շրջանակներում: Հանդիպմանն ընդառաջ ՄԱԿ-ը փաստում է , որ այսօր՝ 25 տարի անց աշխարհի ոչ մի երկրի այդպես էլ չհաջողվեց մոտենալ Պեկինի հռչակագրում և Գործողությունների ծրագրում ամրագրված սկզբունքների լիարժեք իրականացմանը:
«Պեկինի Գործողությունների ծրագիրը իրականացվել է միայն մասամբ: Մենք դեռ ապրում ենք մի աշխարհում, որտեղ գերակշռում են տղամարդիկ, մեր մշակույթը դեռ տղամարդկային է, և այս իրավիճակը պետք է փոխվի», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր երկրներին ակտիվացնել իրենց ջանքերը Պեկինի հռչակագրի սկզբունքները կյանքի կոչելու համար և հնարավոր ամեն ինչ անել կանանց և աղջիկների վիճակը բարելավելու համար:
Թեև COVID-19-ի հետ կապված մարտահրավերների պայմաններում Պեկին+25 գործընթացի շրջանակում նախատեսված միջոցառումների մի մասն անցկացվում է առցանց եղանակով, կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը շարունակում է մնալ համաշխարհային օրակարգի առաջնահերթությունների շարքում:
***
Ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը
«ՀԱՎԱՍԱՐ» տեղեկագրի հատուկ թողարկումը
Այն նվիրված է այս տարի ողջ աշխարհում նշվող կանանց իրավունքների տեսակետից նշանակալի իրադարձությանը՝ 1995-ին Պեկինում կայացած Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային խորհրդաժողովում ընդունված Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի 25-ամյակին:
Տեղեկագրի այս համարը պատրաստվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի գործընկեր՝ ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Աշխարհը չի կարող այդքան քիչ կին ունենալ իշխանության մեջ». զեկույց
Պեկին+ 25. «Կանանց իրավունքների ոլորտում առաջընթացն այնքան էլ հեռուն չի գնացել»
Մարտի 8-ի կարգախոսը՝ «Ես հավասարության սերունդն եմ. իրագործե՛նք կանանց իրավունքները»
Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը կորոնավիրուսի պատճառով մեկ օր տևեց
Դիտումների քանակը` 1482