Հայ կանայք Պեկինում
Սեպտեմբերի 14-20-ը Չինաստանում տեղի է ունեցել տարածաշրջանային համաժողավ «Կանայք և զարգացումը» թեմայով, որին մասնակցելու հրավեր էր ստացել նաև ՀՀԿ կանանց խորհրդի պատվիրակությունը: Միջոցառմանը իրենց մասնակցությունն են ցուցաբերել 10 երկրների օրենսդիր, գործադիր իշխանության և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ: WomenNet.am-ի հետ զրույցում ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարևորեց միջոցառման նշանակությունը` մատնանշելով , մասնավորապես, աշխարհագրական մեծ ընդգրկումը ` Չինաստան, Ռուսաստան, Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկասի պետություններ:
«Հավաքը ոչ միայն կարևոր հարթակ հանդիսացավ ժամանակակից աշխարհում կանանց խնդիրների և դերի նկատմամբ նշված երկրների մոտեցումների և տեսակետների ներկայացման և քննարկման համար, այլև հնարավորություն տվեց դիտարկել կողմերի միջև համագործակցության հեռանկարները և կոնկրետ կապեր հաստատել` այդ ուղղությամբ գործնական քայլեր կատարելու նպատակով»,- նշեց Հերմինե Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահն կարևորեց նաև Չինաստանի առաջնային դերը` կանանց շարժման առավել հավասարակշռված, առաջադեմ և ժամանակակից ձևերի պաշտպանության մեջ, արժևորեց համաժողովի առանձնահատուկ ֆորմատը, որը նպատակաուղղված էր մասնակից երկրների քաղաքական կուսակցությունների և կանանց կազմակերպությունների միջև փոխշահավետ երկխոսության հաստատմանը:
Նշենք, որ գրեթե 20 տարի առաջ ` 1995-ին, հենց Չինաստանում էր տեղի ունեցել Կանանց չորրորդ համաշխարհային գագաթնաժողովը եւ ընդունվել Պեկինի գործողությունների ծրագիրը, որը և նախանշել էր կանանց առաջընթացը ապահովող հեռանկարային ուղղությունները ինչպես պետական կառույցների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ինստիտուտների մակարդակով: Այդ գագաթնաժողովին մասնակցել էր նաեւ հայ կանանց պատվիրակությունը…
Հատկանշական է, որ այս տարվա համաժողովի օրակարգը համահունչ էր Պեկինի գործողությունների ծրագրի նպատակներին եւ՛ իր բովանադակությամբ, եւ քննարկումների ֆորմատով : Այն նվիրված էր հատկապես տնտեսության և սոցիալական զարգացման հարցերում կանանց դերն ու մասնակցությունը բարձրացնելու եւ այդ ուղղությամբ կոնկրետ նախագծեր մշակելու խնդիրներին:
«Ես վստահ եմ, որ համաժողովի աշխատանքը նշանակալի ներդրում կունենա հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում կանանց դերի հետագա բարձրացման եւ առհասարակ զարգացման գործընթացներում նրանց ներգրավման առումով: Ակնհայտ է, որ գնալով ավելի մեծ դեր և որակ է ստանում կանանց աշխատանքը լինի դա կառավարման ոլորտում , քաղաքականության մեջ, թե տնտեսական գործունեությունում, »,- նշեց մեր զրուցակիցը:
Համաժողովի ծրագրային զեկուցումների բաժնում ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես է եկել «Միավորել կանանց ուժերը Մետաքսի ճանապարհի համատեղ կառուցման գործում» ելույթով:
Խոսելով իր զեկույցի հիմնական թեզերի մասին, տիկին Նղդալյանը նշեց. «Համաժողովի բոլոր եզրահանգումները հենվում էին համընդհանուր ճանաչում գտած և անվիճելի այն ճշմարտության վրա, որ ազատ առևտուրը, համագործակցությունը և գիտելիքների փոխանակումը վերջին հաշվով նպաստում են երկրների փոխադարձ բարգավաճմանը, դրան հակառակ` ինքնապարփակումը, բախումները և պատերազմները կործանում են զարգացման հեռանկարները: Այս կտրվածքով Մետաքսի մեծ ճանապարհի ըմբռնումը գլոբալիզացիայի այս դարաշրջանում կարող է դառնալ համաշխարհային զարգացման նոր օղակ և համաշխարհային համակարգերի նոր կենտրոն: Մետաքսի մեծ ճանապարհը ոչ միայն նշանակալի պատմական երևույթ էր, այլև կարող է կարևոր դաս լինել ապագայի համար»: Նա հիշեցրեց, որ Մետաքսի մեծ ճանապարհը ծառայել է ոչ միայն որպես առևտրի և տնտեսական զարգացման հնարավորություն, այլև մշակույթների երկխոսության, ընդհանրապես մարդկային քաղաքակրթության զարգացման միջոց:
“ Մեր ժամանակներում, – շարունակեց նա, – Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին կարող է և պետք է նոր նշանակություն ձեռք բերի որպես նոր տնտեսական միջանցք` քաղաքական շփումների զարգացման, միասնական ճանապարհային ցանցի ստեղծման, առևտրական կապերի հաստատման, մշակութային և տեղեկատվական փոխանակության խթանման միջոցով: Այս գործում այսօր կարող են կարևոր դեր խաղալ նաև կանայք, որոնք իրենց «չափավոր պահպանողականությանը» զուգահեռ, գնալով ավելի մեծ դեր են ստանում նաև արտադրությունների ղեկավարման ոլորտում, աճում է նրանց ազդեցությունը կարևոր որոշումների ընդունման վրա, նրանք ստեղծում են սեփական ձեռնարկություններ և ընկերություններ, աշխատատեղեր մյուս կանանց համար»,- հավելեց նա:
Ի դեպ, ներկայացնելով զեկույցում Հայաստանի իրավիճակը, Հ.Նաղդալյանը ընդգծել է, որ ժողովրդավարական բարեփոխումների հաջողությունը ոչ պակաս չափով կախված է կանանց դիրքորոշումից, քաղաքական և տնտեսական կյանքում նրանց ակտիվ մասնակցությունից: Իսկ դրա նախադրյալները Հայստանում, մեր զրուցակցի կարծիքով, անշուշտ առկա են:
“ Հայաստանն այսօր ԱՊՀ երկրների մեջ առաջատարն է տնտեսության ազատականության և շուկայական օրենքների կիրառման մակարդակով: Տնտեսության ազատականացման աստիճանով մեր երկիրը, ըստ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների վարկանիշային գնահատականի, 2014 թվականին գրավել է 41-րդ տեղը, իսկ ըստ «Դուինգ բիզնես-2014» միջազգային տարեկան զեկույցի, 185 երկրների շարքում զբաղեցնում է 37¬րդ տեղը` Բելգիայի և Ֆրանսիայի անմիջական հարևանությամբ”, – թվարկեց մեր զրուցակիցը` նշելով, որ ժողովրդավարական բարեփոխումներից եւ տնտեսության ազատականացումից մեծապես օգտվեցին կանայք. նրանք սկսեցին ավելի ինքնուրույն որոշումներ կայացնել և դրանց պատասխանատվությունը ստանձնել, նրանցից շատերն իրենց մոտ բացահայտեցին գործարար ընդունակություններ և դրսևորեցին դրանք բիզնեսում: Խնդիրը այժմ , ընդլայնել հնարավորությունները և ներգրավել ավելի մեծ թվով կանանց, հավասար հնարավորությունների դաշտ ստեղծել կանանց տնտեսական ակտիվությունը բարձրացնելու նպատակով:
«Ես վստահ եմ, որ ներկա դարն ի վերջո լինելու է տնտեսական գործընկերության, իրական սոցիալական համերաշխության և ընդհանուր հաշտեցման ժամանակաշրջան, որը հաշվի է առնում թե’ տղամարդկանց, թե’ կանանց իրավունքներն ու հնարավորություններն ու շահերը հավասարապես: Եվ Չինաստանում կազմակերպված այս համաժողովը այդ ուղղությամբ ևս մի առաջընթաց քայլ էր»,- եզրափակեց տիկին Նաղդալյանը:
Էնզելա Մակարյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«ՄԱԿ կանայք» կառույցը ազդարարել է Պեկին+20 գործընթացի սկիզբը
Դիտումների քանակը` 3573