«Բաց ցուցակները կանանց մասնակցության ամենամեծ խոչընդոտն են»

Ինչպես հայտնի է Հայաստանում սկիզբ է առել ընտրական օրենսդրության բարեփոխման գործընթացը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով: Նույն նպատակով  աշխատանքային խումբ է  ձևավորված Ազգային ժողովում:

 

Օրերս «Հոդված 3» ակումբում հրավիրած քննարկման ժամանակ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշեց, որ ավելի քան 50 փոփոխություններ են նախատեսում, այդ թվում փոփոխության է  ենթարկվելու  ընտրակարգը: Նրա խոսքով,  բովանդակային մասով փոփոխությունները կարելի է մի քանի ուղղությունների  բաժանել:

 

Առաջինը՝  ընտրակարգն է՝ այս պահին համամասնականի  երկու տարբերակ է դիտարկվում  համամասնական փակ ցուցակներ (երբ ընտրողը կուսակցությունն է ընտրում) և համապետական  ռեյտինգային  կամ բաց ցուցակներ (երբ ընտրողը ոչ միայն կուսակցությանն է ընտրում, այլև այդ ցուցակում իր նախընտրած անձին):

 

 «Ըստ էության այն մտահոգությունները, որոնք քաղհասարակությունն ունի կապված տարածքային  ռեյտինգային ընտրակարգի հետ, դրանք տարածվում են նաև համապետական ռեյտինգային ընտրակարգի վրա: Դրա համար ըստ էության, ես կարող եմ ասել, որ քաղհասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ սատարում են մաքուր համամասնական ընտրակարգը», -ասաց Իոաննիսյանը:

 

Փոփոխությունների հաջորդ փունջը վերաբերում է ընտրությունների ընթացքում խախտումների կանխարգելմանը, վերահսկողության մեխանիզմներին, ընտրացուցակներին, ձայների հաշվարկի ընթացքում խախտումների բացառմանը, որոնք կնպաստեն ընտրությունների նկատմամբ վստահության բարձրացմանը:

 

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն Լուսինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով  իրենց քաղաքական ուժի դիրքորոշումը ընտրակարգի շուրջ, նշեց, որ իրենք առաջարկում են ամբողջ հանրապետությունը դիտարկել մեկ ընտրատարածք և ընտրողը իր քվեն տալով այս կամ այն կուսակցությանը, միաժամանակ հնարավորություն է ստանում իր նախասիրությունն արտահայտել կուսակցության ցուցակում ընդգրկված այս կամ այն թեկնածուի նկատմամբ: Արդյունքում ստացվում է,  ոչ թե կուսակցություն է որոշում մանդատների բաշխման հերթականությունը, այլ՝ ընտրողը: Սա կարելի է մի քայլ առաջ որակել»,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:

 

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով էլ, իրենց քաղաքական ուժը կողմ է, որ ընտրություններն անցկացվեն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով, բացառում են ցանակացած տիպի  վարկանշայինը: «Այստեղ մի խնդիր ենք ունենալու, հնարավոր է մարզերից ներկայացուցիչներ չլինեն: Այս դեպքում էլ կարելի է քվոատավորել, ասենք առաջին վեցնյակի թեկնածուներից մեկը անպայման լինի մարզից: Եթե նա ինքնաբացարկ է հայտնում, կամ ավելի ուշ հրաժարվում է մանդատից, ապա պետք է նրա մանդատը փոխանցվի նույն մարզից առաջադրված հաջորդ թեկնածուին»,-ներկայացրեց Բագրատյանը:

 

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդինե Գրիգորյանի խոսքով, բաց ցուցակնբերով համամասնական ընտրությունը բարդացնելու է իրավիճակը:

 

«Իրականում բաց համամսանական ցուցակները նույն քողարկված մեծամասնական սկզբունքով են: Որևէ կերպ դա առաջընթաց որակել չի կարելի: Իրականության մեջ ստացվելու է՝ ընտրում են այս կամ այն թեկնածուին, միաժամանակ ձայնը տալով այդ թեկնածուին առաջադրած կուսակցությանը:  Կոպիտ ասեմ, ընտրաշուկայի բաժանում է լինելու, ինչը հնարավորություն կտա կուսակցություններին պայմանավորվել ու հասկանալ, թե ով որտեղ ավելի շատ ձայն կհավաքի: Կուսակցությունների զարգացման  տեսանկյունից միակ իրատեսականը 100 տոկոսոնց համամասնական ընտրակարգն եմ համարում, որտեղ կլինի գաղափարախոսական իրական պայքար»,-ասաց նա, ավելացնելով, որ մինչ այժմ ռեյտինգային ընտրված անհատները հիմնականում ներկայացրել են իրենց բիզնես շահերը:

 

Վ. Գրիգորյանը՝ կարևորելով ընտրություններին կանանց մասնակցությունը, ասաց, որ  բաց ցուցակների առկայությունը կլինի կանանց համար  ամենամեծ խոչընդոտը: «Ոչ մեկ չի կարող մարդկանց ստիպել քվեարկելու կանանց օգտին, սակայն  քվոտաների բարձրացման միջոցով նման արդյունք կարելի է ապահովել»,-ասաց նա:

 

 

Նշենք,  որ մի շարք կազմակերպություններ բաց նամակ  են  ուղղել  վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին և ՀՀ  Ազգային ժողովում  ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված աշխատանքային խմբին, որում   մտահոգություն են հայտնել , որ համամասնական ընտրությունների ընթացքում ցանկացած «բաց»  ցուցակների կիրառումը լուրջ ու անհաղթահարելի  խոչընդոտ են հանդիսանում  կին թեկնածուների  համար:

 

Հ.Կարապետյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ.

 

Բաց նամակ ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ. միացե՛ք

 

Դիտումների քանակը` 2280

Գլխավոր էջ