Ազգանուշ Խաչատրյան. «Հասարակության մեջ կնոջ դերը գնալով բարձրանում է»
Արարատի մարզի Դիտակ համայնքում հունիսի 9-ի հերթական ընտրություններին գործող ավագանու անդամ Ազգանուշ Խաչատրյանն իր թեկնածությունը կրկին է առաջադրել: Ասում է , սեփական և նաև կին գործընկերների փորձով է համոզվել, ինչպես է շահում համայնքը կին ավագանի կամ այլ բնագավառներում կին ղեկավար ունենալով: Այնպես որ համոզված է, կանանց մասնակցությունը քաղաքականության բոլոր մակարդակներում պարտադիր է:
«Դիտակը արևառատ, բանջարաբոստանային կուլտուրաներով հարուստ գյուղ է, գիտենք՝ վիտամեններով հարուստ սնունդը որքան օգտակար է մարդկանց առողջության համար: Մեր գյուղում բնակլիմայական պայմաններն էլ բարենպաստ են, ուստի աշխատելու, արարելու համար համայնքին լավ կառավարիչ ու ավագանի է պետք, որպեսզի աշխատանքները ճիշտ հունով տարվեն, մարդիկ ցանկություն ունենան հայրենի գյուղում մնալու, աշխատելու ու ապրելու»,-ասում է Դիտակ համայնքի բնակիչ, համայնքի ավագանու անդամ Ազգանուշ Խաչատրյանը, ով արդեն երեսուն տարուց ավելի գյուղի բուժքույրն է:
Տիկին Ազգանուշի խոսքով, Դիտակի համայնքապետը՝ Սուրեն Սրապոյանն աշխատող մարդ է, 2005 թվականից համայնքը ղեկավարում է և համայնքի համար կենսական նշանակության գործեր շատ է արել: Այդուհանդերձ համայնքը խնդիրներ ունի, որոնք էլ փորձում են ավագանու նիստերում բարձրացնել ու լուծումներ փնտրել:
Գյուղի բուժքույրը, համայնքի բնակիչների հոգսերն էլ լավ է պատկերացնում: Աշխատանքի բերումով գյուղի բոլոր բնակիչների հետ է շփվում:
Երկարամյա փորձով համոզվել է՝ երեխաների դաստիարակության, զարգացման, ընտանիքի բարեկեցության հարցերում կինն ավելի ճիշտ որոշումներ է կայացնում: Այս հանգամանքը տիկին Ազգանուշին շատ է ոգևորում: Ասում է՝ ուրախ է, որ իրենց համայնքում սպասվող առաջիկա ընտրություններում որպես ավագանու թեկնածուներ, ավելի շատ կանայք են առաջադրվել: Տիկին Ազգանուշը նկատում է, որ հասարակության մեջ կնոջ դերը գնալով բարձրանում է, ինչը խիստ դրական է:
Ավագանու նիստերում գյուղամիջյան ճանապարհները բարեկարգելու հարցից սկսած, մանկապարտեզի գործարկման, մշակույթի պալատի վերանորոգման, գյուղի փողոցների լուսավորության հարցերով վերջացրած, քննարկում են: Ազգանուշ Խաչատրյանի խոսքով, լուսավորության հարցն արդեն լուծվել է, ճանապարհները խճապատելու որոշումն էլ արդեն կա, շուտով աշխատանքները կսկսվեն:
Տիկին Ազգանուշը ծնվել է Արարատի մարզի Արևշատ գյուղում՝ 1955 թվականին: Ավարտել է Երևանի բժշկական ուսումնարանը: 37 տարի է՝ բուժքույր է: Ամուսնացել և տեղափոխվել է Դիտակ գյուղ: Ազգանուշ Խաչատրյանի երկու երեխաներն էլ հանրապետությունում չեն: Ասում է՝ համայնքի ավագանու աշխատանքը մեծ եռանդով է անում՝ հույս ունենալով, որ զավակները և գյուղից հեռացած մյուս ընտանիքները մի օր կվերադառնան ու կապրեն հայրենի գյուղում:
Գյուղի ավագանու կին անդամները բիզնես-պլաններ էլ ունեն. Մտմտում են ծրագրեր հայթայթել, որոնք կաջակցեն երիտասարդ գյուղատնտեսներին սեփական բիզնեսը հիմնել: Տիկին Ազգանուշը համոզված է, որ գյուղում վերջերս հիմնադրված երիտասարդ այգիները բերքի առատ աղբյուր են լինելու, և չրանոցների գործարկումն այստեղ անհրաժեշտություն է լինելու: Արարատ լեռան լանջին փռված Դիտակը նաև գյուղական տուրիզմի տեսանկյունից կարող է գրավիչ լինել, հատկապես, որ գյուղի գրեթե բոլոր անկյուններից լեռն իր ողջ վեհությամբ երևում է:
Լուսինե Կարապետյան
Դիտումների քանակը` 1182