Լիլիթ Ասատրյան. «Ապացուցեցի, որ կինը շատ ուժեղ է»
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանն իր հանրային գործունեությունը սկսել է վաղ երիտասարդ տարիներից՝ աշխատանքում մշտապես կարևորելով առաջխաղացումն ու նորարությունը:
Ի դեպ, ժամանակին եղել է Հայաստանի ամեներիտասարդ փոխնախարարներից մեկը. 2003-2005 թվականներին նա 27 տարեկանում զբաղեցրել է Մշակույթի և երիտասարդների հարցերի փոխնախարարի պաշտոնը, պատասխանատու է եղել պետական երիտասարդական քաղաքականության համար. «Ես ինքս «պաշտոն» բառը չեմ սիրում, դա պարտականություն է, որը ստանձնելը մեծ պատասխանատվություն է ենթադրում»,- ասում է Լիլիթ Ասատրյանը:
Պետական կառավարման ոլորտ գնացել էր հասարակական դաշտից, ապա երկու տարի անց կրկին վերադարձել է ՀԿ դաշտ: «Ես կարծես հասարակական ոլորտի դեսպանն էի պետական համակարգում և հպարտությամբ եմ ասում, որ գլխիվայր փոխեցի պետական երիտասարդական քաղաքականությունը: Գիտակցում էի, քաղաքականությունը պետք է ոչ թե պարտադրվի երիտասարդներին, այլ գա ներքևից, հիմնված լինի երիտասարդների կարիքների վրա», – ասում է նա:
Պաշտոնավարման ընթացքում եղել են դժվարություններ, որոնք ոչ թե կոտրել են, այլ ավելի են ուժեղացրել: «Երբ ես երեխայի էի սպասում, մարդիկ արդեն քննարկում էին, թե ով պետք է զբաղեցնի իմ տեղը նախարարությունում, իրենք համարում էին, որ այդպես պետք է լինի, եթե կինը երեխա է ունենում, ապա պետք է աշխատանքը թողնի ու տանը նստի: Բայց ես ասացի, որ ես արձակուրդ չեմ վերցնելու և այդպես էլ եղավ»,- պատմում է Լիլիթը:
Փոխնախարար մայրիկի երեխան ծնվել է Լոռու մարզում, որտեղ Լիլիթը գործուղման էր մեկնել: Ծննդաբերությունից 9 օր անց Լիլիթը վերադարձել է աշխատանքի: «Հաճախ ենք ասում, որ կինը շատ ուժեղ է, ու ինքս ուզում էի համոզվել՝ արդյոք կինն այդքան ուժեղ է, որքան ասում ենք: Եվ այո՛, ապացուցեցի, որ կինը շատ ուժեղ է»:
Լիլիթ Ասատրյանը նշում է, որ երեխան աշխատանքի պատճառով չի տուժել, նա 6 ամիս նորածնին կերակրել է կրծքով, նրա հետ մեկնել է գործուղումների՝ Հայաստանում և երկրից դուրս: Երիտասարդ փոխնախարարը վստահ է եղել, որ պետք է աշխատի հանուն իր և մյուս երեխաների, քանի որ միայն իր երեխային նվիրվելը բավարար չէ, անհրաժեշտ է փոխել այն հասարակությունը, որում այդ երեխան ապրելու է: Նրա խոսքով՝ իրեն հաջողվել է երիտասարդների ձայնը լսելի դարձնել նախարարությունում: Աշխատանքի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել մարզաբնակ երիտասարդների հետ: Վայոց ձորում հանդիպումներից մեկի ընթացքում ապշել է, երբ տեսել է, որ բացառապես տղամարդիկ են մասնակցում: «Ես հարցրի՝ իսկ ո՞ւր են աղջիկները: Ներկաներից մեկը կատակով պատասխանեց. «Բա սա աղջկա գո՞րծ է, որ գան ու հանդիպման մասնակցեն»: Նրա կատակի մեջ դառը իրականություն կար, իսկապես շատերն այդպես էին մտածում: Ինձ համար սա մեծ շոկ էր»,- հիշում է Լիլիթը:
Շոկին հաջորդել է մտահոգությունը, ապա՝ գործընկերների հետ քննարկումները, որի արդյունքում էլ ստեղծվել է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԵԿԱ), որի աշխատանքները Լիլիթ Ասատրյանը ղեկավարում է փոխնախարարի պաշտոնը թողնելուց հետո:
Կազմակերպությունն իր աշխատանքները տարել է երկու հիմնական ուղղությամբ. կանանց առաջնորդության զարգացում և տնտեսական մասնակցության խրախոսում: «Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր շնորհիվ բազմաթիվ կանայք խիզախել են իրենց գործը սկսել»:
Կազմակերպության համար սկզբունքային է բիզնեսում սոցիալական պատասխանատվության տարրը: ՀԵԿԱ-ն խրախուսում է գործարար կանանց՝ սոցիալական ծրագրեր իրականացնել, աշխատանքի վերցնել խոցելի խմբերի ներկայացուցիչներին: Կազմակերպությունը ևս 2008 թվականից զբաղվում է սոցիալական ձեռներեցությամբ, ինչը նոր գաղափար է Հայաստանի համար:
«ՀայԿար» արտադրամասը ՀԵԿԱ-ի առաջին սոցիալական ձեռնարկությունն է. կար, ասեղնագործություն, հելունագործություն, շուղագործություն. կարի արտադրամասը բազմապիսի գեղեցիկ իրեր է ստեղծում և վաճառում բարեգործական տոնավաճառների ժամանակ և օնլայն պատվերների միջոցով:
2014 թվականից կազմակերպությունը նաև հայկական թեյեր է արտադրում խոտաբույսերից, որոնք աճում են Լոռու մարզի Լարվարի բարձրադիր հատվածում: «Լավ թեյ»-ի արտադրության մեջ ներառված են ավելի քան 200 կանայք՝ հավաքման փուլից մինչև փաթեթավորում: Բացի թեյից կանայք նաև հավաքում և սառեցնում են հատապտուղներ: Կանայք ստեղծում են օրգանիկ արտադրանք, սակայն սերտիֆիկատի բացակայությունը թույլ չի տալիս արտադրանքը վաճառել «օրգանիկ» նշումով: «Մենք ստեղծում ենք մաքուր արտադրանք»,- վստահեցնում է Լիլիթ Ասատրյանը:
Կազմակերպությունը աշխատանք է ապահովում խոցելի խմբերի ներկայացուցիչների համար, իսկ ստացված շահույթի մի մասն ուղղվում է ՀԿ-ի կանոնադրական նպատակների իրականացմանը: Սրանով փորձում է արվում մեղմել դոնորներից կախումը:
ՀԵԿԱ-ի նորարարությունների թվում են 2015-ին Երեւանում անցած աննախադեպ «Կանանց ձեռներեցության շաբաթ»-ը, որը կազմակերպվել էր Կին ձեռներեցների համաշխարհային ասոցացիայի/ FCEM/ հետ համագործակցությամբ: Միջոցառումը համախմբեց հարյուրից ավելի կանանց Եվրոպայի, Ասիաի, ԱՊՀ տարածքի ավելի քան 10 երկրներից: Ժամանակին հենց ՀԵԿԱ-ի հետ համագործակցությամբ Օքսֆամի հայաստանյան գրասենյակը սկիզբ դրեց «Գյուղմթերք արտադրող կին հերոս» մրցանակաբաշխությանը, որը տարիների ընթացքում բացահայտեց հանրության համար բազմաթիվ գյուղաբնակ կանանց, ովքեր իրենց աշխատանքով նպաստում են ոչ միայն իրենց ընտանիքի, այլ համայնքի բարեկեցությանը:
ՀԵԿԱ-ի վերջին նորարարությունը «Նուռիկ» համայնքի և զբոսաշրջության զարգացման կենտրոնն է՝ հիմնված Աղթալայում: «Նուռիկը» նպաստում է համայնքային զարգացմանը՝ զբոսաշրջույթան զարգացման միջոցով: «Նուռիկ»-ում մատուցվում են ազգային կերակուրներ, ինչպես նաև հոգևոր սնունդ՝ հիմնված ժողովրդական մշակույթի վրա: «Մենք խրախուսում ենք էկո արտադրանքը և մեր աջակցմամբ որոշ ընտանիքներ սկսել են զբաղվել ֆերմերային արտադրությամբ. մենք իրենց առաջին սպառողն ենք»,- նշում է Լիլիթ Ասատրյանը: Կենտրոնում աշխատանք են գտել հաշմանդամություն ունեցող անձինք: Հաջողության դեպքում, «Նուռիկը» կընդլայնվի և կհասնի նաև այլ մարզեր:
2004 թվականից մինչ օրս «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ-ն ավելի քան 30.000 շահառու է ունեցել Հայաստանի բոլոր մարզերում, իսկ Եվրոպական Միության աջակցության շնորհիվ դրամաշնորհներ է տրամադրել Լոռու մարզում բնակվող 38 կանանց, որոնք ձեռնարկատիրությամբ են զբաղվում այսօր:
«Խրախուսելով կանանց տնտեսական ակտիվությունը՝ մենք բարձրացնում ենք կնոջ դերը հասարակությունում: Երբ կինը լինում է տնտեսապես անկախ, նրա ձայնը լսելի է լինում, թե ընտանիքում, թե հասարակությունում», – ասում է Լիլիթը:
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 5543