«Ժողովուրդը շնչում է այս գարշահոտությունը, դուք էլ պետք է շնչեք». ծեծկռտուք քաղաքապետարանում/ տեսանյութ
Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ «Երկիր Ծիրանի» և Հանրապետական խմբակցությունների անդամների միջև։ «Երկիր Ծիրանի»-ի անդամները Նուբարաշենից բերված կոյուղաջրով լի շիշը ներս բերեցին դահլիճ ՝ դրանով իսկ հորդորելով քաղաքապետին ուշադրություն դարձնել ու լուծում տալ տարիներով գարշահոտության մեջ ապրող Նուբարաշենի հինգ շենքերի բնակիչների հարցը:
«Երկիր Ծիրանի»-ի խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձեց մոտեցնել կոյուղաջրով լի շիշը քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ասելով «Ժողովուրդը շնչում է այս գարշահոտությունը, դուք էլ պետք է շնչեք»։ ՀՀԿ ու «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամների միջև հրմշտոց սկսվեց։ «Ելք» խմբակցության անդամները փորձում էին հանգստացնել կողմերին: Հանրապետականները՝ կոպիտ ուժ կիրառելով նիստերի դահլիճից հանեցին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին:
Տեսանյութը՝ Ազատություն
Գոռ Վարդանյանը հերքում է, տեսախցիկները՝ հաստատում
Այդ գործընթացին իր մասնակցությունն ունեցավ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը, ով, ինչպես հայտնի է, նախագահում է արևելյան մարզաձևի «Ֆուլ կոնտակտ կարատե» միջազգային ֆեդերացիան (IFCKF) ու Չակ Նորիսի կողմից արժանացել է «Սև գոտի» տիտղոսին:
Լրագրողների հետ զրույցում Գոռ Վարդանյանը՝ բացատրելով իր մասնակցությունը հրմշտոցին ասաց. «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամներն իրենց ոչ ճիշտ են դրսևորել: Բավական տհաճ հոտ էր: Դահլիճում շատ մարդիկ կային, որոնք սրտխառնոց ունեին դրանից»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե դա արդյոք իրեն իրավունք էր տալիս կնոջ նկատմամբ ուժ կիրառել, ինչին ի պատասխան Վարդանյանն ասաց. «Ես ուժ չեմ կիրառել, ես պարզապես խնդրել և օգնել եմ, որպեսզի դուրս գա դահլիճից: Այս պարագայում իմ և մնացած մարդկանց արած քայլերը ճիշտ էին: Ես հանել եմ դուրս ու ճիշտ եմ արել: Բոլորդ դահլիճում եք եղել և դուք պետք է մեղադրեք նման քայլ անողին»:
Տեսանյութում պարզ երևում է թե ինչպես է Գոռ Վարդանյանը «խնդրում» ու «օգնում» Մարինա Խաչատրյանին դուրս գալ դահլիճից:
Նուբարաշենի խճուղու հարակից շենքի բնակիչները բողոքում են
Նշենք, որ երեկ Նուբարաշենի խճուղու հարակից շենքի բնակիչները մի քանի րոպեով փակեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը։ Այս մասին հայտնել էր Ազատություն -ը:
Նրանք բողոքում են քրեակատարողական հիմնարկի կոյուղուց տարածվող գարշահոտությունից։ «Անցած տարի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասում էր՝ «ավելի լավ է նոր բանտ սարքեմ, քան կոյուղին կառուցեմ»։ Թող գան, մեզ հստակ պատասխան տան», – «Ազատության» հետ զրույցում ասացին ցուցարարները։ Ոստիկանները հորդորեցին բացել ճանապարհը. – «Նույն բանն արեք, ձեր բողոքը ներկայացրեք՝ առանց ճանապարհը փակելու։ Մենք կմնանք ձեզ հետ այստեղ, մինչև պատկան մարմինները գան»։ Ցուցարարները բացեցին ճանապարհը՝ նշելով, որ եթե իրենց պահանջը չբավարարվի, կրկին կփակեն այն։
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Բռնությունը չունի արդարացում». բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց
«Կրծքերիս, մարմնիս ձեռք տվեց, ապտակեցի». Մարինա Խաչատրյանը ահազանգում է սեռական ոտնձգության մասին
Դիտումների քանակը` 3020