Ավագանու անդամը գտել է իր համար աշխատանք-երեխա հիմնախնդրի լուծումը…
Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստին 3 երեխաների մայր, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը մասնակցում էր 2 ամսական որդու հետ:
Քաղաքապետ Հայկ Մարությանը նիստը սկսեցուց առաջ ասաց. «Առանձնահատուկ բարեւում եմ ամենափոքրիկին, որ միացել է մեզ նիստի ժամանակ: Եկեք ծափահարենք բոլորս: Ահա, մանկաբույժն լ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը (Սերգեյ Սարգսյան)»: Մի պահ ավագանու նիստում աշխուժություն տիրեց, ապա անցան օրակարգի միակ հարցի քննարկմանը:
Ինքը Գայանե Վարդանյանը պատմել է լրագրողներին, որ առաջին անգամ չէ, որ ներկայանում է ավագանու աշխատանքային քննարկումներին իր նորածին որդու հետ: Ասում է, ստիպված է դա անել, քանի որ կրծքով է կերակրում և այլ տարբերակ չունի , ոևովհետև երեխան դեռ հրաժարվում է ուտել շշից: «Ավագանու իմ պարտականություններից չեմ ուզում այդ պատճառով խուսափել», – ասաց նա՝ նշելով, որ ուզում է նաև իր օրինակով ոգևորել երիտասարդ մայրերին և օգնել նրանց հաղթահարելու այս հարցում առկա կարծրատիպերը: «Ուզում եմ դիմել այն երիտասարդ մայրերին, ովքեր մոռանում են իրենց և իրենց աշխատանքի մասին երեխայի ծնվելուց հետո, և կենտրոնանում միայն երեխայի վրա: Իրականում, երեխայի ծնունդի հետ մոր անձնական ու աշխատանքային կյանքը չի ավարտվում , ուղղակի կրկնապատկվում է այն ուրախությունը, որը մարդը կարող է ունենալ ցանկացած իր հաջողության համար», – ասում է Գայանե Վարդանյանը, ով լուծել է իր համար աշխատանքային պարտականությունների և երեխայի խնամքի համատեղման խնդիրը…
Օրինակն, իրոք ոգևորիչ է, հատկապես կարծրատիպային մոտեցումներից հրաժարվելու և երիտասարդ մայրերին մոտիվացնելու տեսակետից, բայց այն անշուշտ չի կարող նրանց աշխատանքային շուկայից դուրս մնալու հիմնախնդրի լուծում հանդիսանալ: Աշխատանք -ընտանիք բալանսը պահելու համար կանայք այնուամենայնիվ ունեն պետության, հասարակության և իրենց ընտանիքի անդամների, այդ թվում ամուսինների, աջակցության կարիքը…
Հացազրույցը Գայանե Վարդանյանի հետ Ազատություն ռադիոկայանի ռեպորտաժում.
Դիտումների քանակը` 1809