Ատելության խոսքն անընդունելի է. երկակի ստանդարտները չեն աշխատելու
Հեղափոխությունը մեր հասարակության լակմուսի թուղթն էր։ Այն այնպիսի հանրային խնդիրներ վեր հանեց, որ մինչ այդ այսքան տեսանելի ու սուր չէին… Օրինակ, ատելության խոսքը միշտ էլ եղել է, բայց հետհեղափոխական Հայաստանում անկառավարելի չափերի է հասել, ինչը գուցե տեղավորվում է հեղափոխությունների տրամաբանության մեջ, բայց ոչ սիրո ու համերաշխության հեղափոխության և իրավական երկրի մասին պատկերացումների մեջ։ Ու եթե մենք այսօր որևէ ողջամտություն չճանաչող միմյանց հետ հաղորդակցվելու անհասկանալի մշակույթ ունենք, որտեղ քաղաքական միավորներ հավաքելու մոլուցքը չի ճանաչում որևէ սահման, նշանակում է լուրջ քայլեր անելու ժամանակն է, մի բան էլ ուշացել ենք։
Պատահական չէ , որ այս համատեքստում հատկապես կանայք են թիրախավորվում: Մեզանում միշտ էլ ամեն ինչում կինն է մեղավոր․ տղամարդը հարբեցող է, լավ կին չունի։ Կինը մեղավոր է, եթե երեխաները սխալ են գործում․ լավ չի դաստիարակել, կինը մեղավոր է, եթե ամուսինը բաժանվում է․ լավ կնոջից չեն բաժանվում, կինը մեղավոր է, որովհետև կին է, հակառակ դեպքում տղամարդ կծնվեր․․․․ Իրականում մեր հայրենակիցներից շատերը կարծում են՝ բնությունն ի սկզբանե արդեն սահմանափակել է կնոջ իրավունքները, բնությունն է ինքն է սահմանել կնոջ հիմնական դերերը, ու այդ դերերից դուրս գալը, տղամարդու համար նախասահմանված տեղում հայտնվելը ինքնին նոնսենս է, հետևապես չի կարող կինն իր մտավոր արժանիքների շնորհիվ պաշտոն ստանալ, հաստատ ինչ-որ մեկի սիրուհին է, աղջիկը, քույրը․․․ Եվ ահա՝ այս ներքին համոզմունքը բերում է նրան, որ շատ տղամարդիկ ամեն կերպ փորձում են կնոջը ցույց տալ «իր տեղը»՝ բովանդակությունից զուրկ քննադատության ենթարկելով կին հանրային դեմքերին։
Տաթևիկ Ռևազյանի թիրախավորումն այդ շարքից է… Այս անգամ թիրախավորել են նույնիսկ նրա նորածին դստերը։ Այո, կնատյացությունը չի խնայում նույնիսկ նորածին աղջիկներին: Գրառումն այն աստիճանի պարզունակ կնատյաց ու ակնհայտ ատելության խոսք էր, որ անգամ չարժե դրա բովանդակությանն անդրադառնալ, շատ ավելի կարևոր է հանրության արձագանքի մասին խոսել։ Հուսադրողն այս հարցում միայն այն է, որ գոնե ֆեյսբուքյան տիրույթում, ֆեյսբուքյան հանրության ճնշող մեծամասնությունը խիստ քննադատեց այդ խոսքը՝ հատկապես ընդգծելով, որ ինչ-որ սահման կա, որ չպետք է անցնել։ Բայց դա եզակի դեպք էր, երբ բոլորը, անկախ քաղաքական հայացքներից, կարծես թե, միակարծիք են…
Բայց եկեք անկեղծ լինենք․ արդյոք հասարակությունը կարձագանքե՞ր նույնքան ու նույնպես, եթե խոսքը, օրինակ, նախկին իշխանությունների կին ներկայացուցչի վերաբերեր կամ որևէ նախկին բարձրաստիճան բարձրաստիճան պաշտոնյայի դստերն ու կնոջը, իրավապաշտպան կանանց, ԼԳԲՏ համայքնի իրավունքների պաշտպաններին ու նրանց երեխաներին վերաբերվեր։ Մենք տեսել ենք, չէ՞, ինչպես է թիրախավորվել Էդուարդ Շարմազանովի անչափահաս դուստըր, կամ համացանցում Շուշան Պետրոսյանի որդիների նկատմամբ հնչել են սպառնալիքներ, բռնության կոչեր, ատելության խոսքեր, որոնց իրականում չի տրվել պատշաճ գնահատական։ Արդյունքում, այսօր թիրախավորվում են գործող պաշտոնյանների երեխաները…
Իսկ ինչ սոսկալի ատելության տեքստեր են տարածում նույն իրավապաշտպան կանանց նկատմամբ, սպառնալիքներ, բռնության կոչեր։ Որևէ մեկը պատժվե՞լ է այդ տեքստերի համար։ Ոչ մեկ, և հասարակությունն էլ շատ զգայուն չէ այդ դեպքերում։ Պատկան մարմիններն արձագանքում են ընտրովի, նայած ում են վիրավորել… Շարքային օգտատերերն էլ իրենց վրդովմունքն են հայտնում ըստ քաղաքական ճամբարների… Օրինակ, այս դեպքին նախորդող հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի կնատյաց գրառման արձագանքներն ըստ քաղաքական նախասիրությունների էին…
Մինչդեռ, չի կարող արդարացվել մի կնատյացի ատելության խոսքը և միաժամանակ քննադատության ենթարկվել՝ մյուսը։ Դրանք նույն բանն են, ով ուզում է, ասի, ում ուզում է՝ ուղղված լինի՝ անկախ քաղաքական հայացքներից։ Երկակի ստանդարտներ չեն կարող լինել այս պարագայում։ Երբ մենք չենք դատապարտում ատելության խոսքը, յուրային-ոչ յուրային մոտեցմամբ ենք քննադատում երևույթը, անկախ նրանից, թե ում նկատմամբ է հնչում, մենք չենք էլ կարող ակնկալել, որ այն մեզ չի հասնելու։
Հենց սրանում է խնդիրը։
Մեկ այլ, զավեշտալի խնդիր էլ այն է, որ ատելության խոսքի դեմ հանրության մի ստվար զանգված պայքարում է նույն գործիքակազմով ու բառապաշարով՝ հիշեցնելով մի սոսկալի դեպքի մասին, որ կարդացել եմ միջազգային մամուլում ու մինչև հիմա հիշում եմ․ Հնդկաստանի գյուղերից մեկում բռնաբարել էին մի անչափահաս աղջկա։ Զոհի հարազատներն էլ ի պատասխան բռնաբարել էին բռնարարի անչափահաս քրոջը։ Հասկանու՞մ եք, հնարավոր չէ բռնության դեմ պայքարել բռնությամբ, կնատյացության, ատելության խոսքի դեմ՝ դարձյալ դրանցով։
Այստեղ է, որ պետք է դրսևորվի քաղաքական կամք՝ ատելության խոսքը, կնատյացությունը վերացնելու առումով։ Այս փոխադարձ ատելությունը, ոչ մի տեղ չտանող իրավիճակն, ի վերջո, կարծում եմ, պետք է հանգուցալուծվի՝ իրավական ճանապարհով, որովհետև կրթելու առումով այլևս ուշանում ենք, ուշացել ենք։
Ուրիշ տարբերակ պարզապես չկա, և այս ճանապարհով գնալու դեպքում Հայաստանի իշխանությունները պետք է առաջնորդվեն բացառապես օբյեկտիվության սկզբունքով՝ առանց ընտրովի արդարադատության։ Միակ լուծումը սա է․ ատելության խոսք տարածողը պետք է պատասխանատվության ենթարկվի, և այս օրենքը պետք է բոլորի համար լինի՝ անկախ քաղաքական, կուսակցական պատկանելիությունից, հակառակ դեպքում ատելության խոսքի դեմ պայքարի գործիքները չեն աշխատելու, ու այն բումերանգի պես հետ է գալու՝ չխնայելով որևէ մեկին։
Մարիամ Մուղդուսյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կնամեծարությունից մինչև կնատյացություն մի քայլ է …
«Մենք բոլորս այլևս մտել ենք թշնամանքի և ատելության ականապատ տարածք»…
Սեքսիզմը կուսակցություն չի ճանաչում
Ինչու՞ ենք միշտ կանանց մեղադրում. մտորումներ մի տեսաուղերձի շուրջ
Միասին բացառե՛նք սեքսիզմն ու խտրական խոսքը հանրային տիրույթում
«Բացարձակ մերժելի երևույթի» հետքերով. կանանց համերաշխությունն ընդդեմ սեքսիզմի
Դիտումների քանակը` 1792