Աստղիկ Մելիքսեթյան. «Ընտրվելու դեպքում առաջնահերթորեն բարձրաձայնելու եմ կանանց վերաբերող հիմնախնդիրները»
Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքում Թումանյանի տարածաշրջանի 3 համայնքներ՝ Շնողը, Թեղուտն ու Քարկոփը կմիավորվեն: Խոշորացված համայնքի կենտրոնը կլինի Շնողը: Այստեղ ավագանու անդամ դառնալու համար պայքարում է 19 թեկնածու: Նրանցից միայն մեկն է կին: Աստղիկ Մելիքսեթյանը «Մեմիվ» ՍՊԸ-ի տնօրենն է: Առաջին մասնագիտությամբ մանկավարժ է: Ավելի ուշ ստացել է նաև դեղագետի որակավորում:Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
Ինչպես ինքն է նշում, տեսնելով Շնողի ու հարակից համայնքների կանանց պասիվությունն ու հաշվի առնելով ակտիվ գործընթացներից նրանց մեկուսացված լինելու հանգամանքը, հատկապես վերջին շրջանում փորձում է աշխատանքներ տանել Շնողում կանանց խորհուրդ ստեղծելու ուղղությամբ: Նպատակը մեկն է՝ բարձրացնել կանանց դերը հասարակական, համայնքային ու ինչու չէ, նաև քաղաքական կյանքում:
Կուսակցության կողմից որպես ավագանու անդամ առաջադրվելու առաջարկն ստանալուց հետո որոշել է՝ ընտրվելու դեպքում ոչ միայն որպես գործարար, այլև ավագանու անդամ փորձելու է կանանց ակտիվացմանն ուղղված ծրագրեր կյանքի կոչել: «Ակնկալում եմ, որ կանանց ակտիվացմանն ուղղված համայնքային ծրագրերի նախագծեր կունենանք ու կփորձենք ավագանու ու համայնքապետի համատեղ աշխատանքի արդյունքում դրանք կյանքի կոչել»,- նշում է թեկնածուն:
18 տղամարդկանց հետ մրցակցող միակ կին թեկնածուն ասում է՝ ի թիվս այլ հարցերի, կանանց ու տղամարդկանց մոտեցումները տարբերվում են նաև նախընտրական քարոզարշավի իրականացման ձևաչափի առումով: «Ի տարբերություն տղամարդկանց, կանայք սովորաբար ակտիվ քարոզարշավ չեն իրականացնում: Ես հիմնականում ներկայացնում եմ ինձ ու իմ անելիքները, մնացածը թողնելով մարդկանց որոշմանը»,- ասում է Ա. Մելիքսեթյանը:
Կին թեկնածուի առկայությունը խոշորացող Շնող համայնքում միանշանակ չի ընդունվում: «Կանանց կողմից հիմնականում դրական է ընկալվում: Թե ի՞նչ քայլեր ու ի՞նչ որոշման կհանգեն, դա հետագան ցույց կտա: Իսկ տղամարդիկ կարծես այնքան էլ չեն ողջունում կանանց մուտքը ՏԻՄ համակարգ: Սա, իհարկե, բոլոր տղամարդկանց չի վերաբերում»,- նշում է թեկնածուն:
Վերջինս վստահ է՝ փոքրաթիվ կանանց մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին ևս հայկական մենթալիտետի արդյունք է. «Պատճառը մեր ազգային, զուտ հայկական մենթալիտետն է: Ընդ որում, ընտանիք ունեցող կինն ավելի դժվարությամբ է կարողանում իր իրավունքները պաշտպանել, ինքնուրույն որոշումներ կայացնել կամ անել այն, ինչ ցանկանում է»,- ասում էնա:
Կարևորելով կանանց ներգրավվածությունը թե՛ ՏԻՄ համակարգում, թե՛ այլ օղակներում, Աստղիկ Մելիքսեթյանը վստահեցնում է՝ ընտրվելու դեպքում առաջնահերթորեն բարձրաձայնելու է կանանց վերաբերող հիմնահարցերը: Ընտրողների հետ հանդիպումներում նրանց ուղղված կոչն ու խորհուրդը մեկն է. գնահատեն թեկնածուների անցած ճանապարն ու օբյեկտիվ, լրջախոհ ընտրություն կատարեն:
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 3060