Աստղիկ Մելքոնյան: «Կցանկանայի, որ  կանայք  մտնեին  քաղաքականություն գիտակցաբար, ոչ թե  միայն  օրենքի պահանջով»

Նորաստեղծ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության  անդամ,  պատգամավորի  թեկնածու  Աստղիկ Մելքոնյանը զբաղեցնում է ընտրացուցակի  7-րդ  հորիզոնականը:

 

Աստղիկը ծնվել է Արմավիրի  մարզի Հայկավան  գյուղում, սովորել Երևանի  պետական  համալսարանի ինֆորմատիկայի  և  կիրառական  մաթեմատիկայի  ֆակուլտետումՏՏ ոլորտում ներկայումս հանդես է  գալիս որպես  նախագծերի ղեկավար: Նա ակտիվորեն ներգրավված է եղել  քաղաքացիական բոլոր շարժումներում, սկսած  «Էլեկտրիկ Երևան»ից  մինչև թավշյա  հեղափոխություն: Բազմիցս մասնակցել է «Ելք» կուսակցության քարոզարշավներին, թավշյա  հեղափոխության  ողջ ընթացքում մշտապես եղել է Երևանի  Հանրապետության  հրապարակի  «հորձանուտում»որտեղ էլ հանդիպել է  «Քաղաքացու որոշում» սոցիալդեմոկրատական կուսակցության ներկայիս  իր ընկերներին:

 

-Կուսակցության  շարքերում  իմ  բոլոր  ընկերներն են, ովքեր տարիներ շարունակ  պայքարել են սեփական  իրավունքների և  հանրային  շահի  համար, -ասում է Աստղիկ Մելքոնյանը,- Նրանք  բոլորն էլ առաջադեմ  գաղափարներ և  սկզբունքային  դիրքորոշում ունեցող  երիտասարդներ են: Մեր թիմը որոշում է կայացրել ստեղծել  անկախ և ինքնուրույն  քաղաքական կուսակցություն՝ կառուցելու այն  երկիրը, ինչպիսին  ուզում ենք  տեսնել Հայաստանը: Երբ  ծանոթացա  կուսակցության  գաղափարախոսությանը, այն ինձ  հետաքրքրեց, գրավեց  իր ազնիվ  և  թափանցիկ  աշխատելու պատրաստակամությամբ, հասկացա, որ եթե որևէ  կուսակցությանն անդամգրվեմ,  ապա  դա  պետք է  լինի  միայն «Քաղաքացու որոշում»-ը,-պատմում է Աստղիկը:

 

Նրա  համոզմամբ  Ազգային  ժողովի պատգամավոր դառնալն իր  համար  գերխնդիր  չէ,  սակայն  երկրի սոցիալ-տնտեսական  կյանքում  ինչ-որ բան  փոխելու  ցանկությունը նրան  ստիպել է համաձայնվել կուսակցության առաջարկին և ներկայացնել  իր  թեկնածությունը:  Ռեյտինգային  ընտրակարգով Աստղիկը  կպայքարի Արմավիրի  մարզում:

 

Աստղիկը քաջատեղյակ է  գյուղոլորտի  խնդիրներին, քանի որ ծնվել-մեծացել է մի  ընտանիքում, որտեղ  հիմնական  զբաղմունքը եղել է  գյուղատնտեսությունը: Ուստի զարմանալի  չէ, որ  պատգամավորի  երիտասարդ  թեկնածուին  մտահոգում է սերմացուի,  պարարտանյութի,  գյուղտեխնիկայի, ոտոգման  համակարգի,  հակակարկտային  ցանցերի  տակավին  չլուծված  հարցերը, խնդիրներ, որոնք  նա  մտադիր է  բարձրաձայնել  քարոզարշավի  ընթացքում: Նա կարծիքով իր ընտրողները թերևս  կբարձրաձայնեն  հարցեր, որոնց  նա  տեղյակ  չէ, ուստի  այդ առումով  շատ է  կարևրում մշտական  շփումն  իր ընտրողների հետ:

 

Աստղիկը ողջունում է  կանանց  ակտիվ ներգրավվածությունը քաղաքականության  մեջ  միայն  մեկ  վերապահումով, եթե դա սոսկ պարտադրված  չէ: Նա համակարծիք է անկախ սեռից հասարակական  կյանքի  բոլոր ոլորտներում քաղաքացիների համար հավասար իրավունքների  և  հավասար  պայմանների ապահովման  գաղափարին:

 

-Ես  կցանկանայի, որ  կանայք  մտնեին  քաղաքականություն գիտակցաբար, այլ  ոչ թե  միայն նրա  համար, որ  օրենքն է  պահանջում: Արմավիր  մարզի  գյուղերում,  օրինակ  այլ  կերպ են մեկնաբանում կանանց  քաղաքականության  մեջ  գտնվելու  հանգամանքը: Օրինակ,  ինձ  երբեմն  հարցնում են. «Քաղաքականություն  ազնիվ բան  չէ,  դու երիտասարդ  աղջիկ  ես, քո  ինչի՞ն է  պետք  քաղաքականությունը,  իհարկե, քեզ  կընտրեն,  բայց  դա  քեզ  պետք  չէ: Լավ  կանես  դուրս  գաս»,  և  գիտե՞ք, ասում են  հիմնականում  տղամարդիկ: Այս առումով  մեր  կուսակցությունն ինձ համար արժևորվում է  նրանով, որ գալիս է  կոտրելու կանանց հանդեպ գոյություն ունեցող  կարծրատիպերն ու  վախերը,-ասում է Աստղիկը: 

 

Պատգամավորի թեկնածուն համոզված է, որ  «Քաղաքացու որոշում» կուսակցությունը  կարող է  հաղթահարել  նվազագույն  շեմը, քանի որ հանրության  շրջանում  նորաստեղծ  կուսակցության  ծրագրերի ու  գաղափարների  հանդեպ հետաքրքրությունն ավելանում է:

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 1711

Գլխավոր էջ