«Հայաստանում ապրող չղջիկները կորոնավիրուսի վարակակիրներ չեն». Աստղիկ Ղազարյան
Մեր զրուցակցի Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի գիտաշխատող Աստղիկ Ղազարյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը չղջիկներն են, որոնց հատուկ իմունային համակարգը հնարավորություն է տալիս դառնալ վիրուսային բազմաթիվ ինֆեկցիաների կրիչ և որոնք չինացի գիտնականների պնդմամբ COVID-19 կորոնավիրուսի փոխանցողներ են հանդիսացել : Այդ վարկածը բավականին տարածված է գիտական շրջանակներում, սակայն Աստղիկ Ղազարյանի հավաստմամբ, չղջիկներից կորոնավիրուսի փոխանցումը մարդուն հազվադեպ հանդիպող երևույթ է, ավելին, իր խոսքով, չղջիկներից ուղիղ մարդուն կորոնավիրուսի փոխանցման մասին հաստատված դեպքեր չկան: Մինչդեռ համավարակի տարածումը վախ առաջացրեց չղջիկների հանդեպ ու մարդիկ սկսեցին անխնա ոչնչացնել այդ կենդանիներին:
-Գիշերային ապրելակերպը և յուրահատուկ արտաքին տեսքը չղջիկներին դարձրել են սարսափելի լեգենդների հերոսներ, սակայն նրանք այնպիսին չեն, ինչպես ներկայացվում է, և պետք չէ նրանցից վախենալ, առավել ևս ոչնչացնել: Այսօր կովիդի մասին ինֆորմացիան շատ արագ տարածվում է համացանցի միջոցով, որտեղ քիչ չեն կեղծ տեղեկատվությունները, որոնք էլ խուճապ են ստեղծում մարդկանց շրջանում: Իսկ համավարակի տարածման պատճառն այն էր, որ ժամանակին չկանխվեցին օդային և ցամաքային ճամփորդությունները, ինչն էլ կոլապսային իրավիճակ ստեղծեց մոլորակի վրա,- ասում է գիտնականը:
Աստղիկ Ղազարյանը Եվրոպական չղջիկների պաշտպանության «Agreement on the Conservation of Populations of European Bats» (EUROBATS) կազմակերպությունում միակ ներկայացուցիչն է Հայաստանից: Համավարակի ընթացքում EUROBATS-ի օն-լայն քննարկումների ընթացքում ներկայացվում է այս կամ այն երկրում համավարակի, և հատկապես չղջիկների հանդեպ բնակչության արձագանքն ու վերաբերմունքը:
Կենդանական աշխարհում չղջիկները ներկայացվում են երկու մեծ խմբով՝ մեգա և միկրո: Հայաստանում ապրում են միկրոչղջիկներին պատկանող տեսակներ, որոնք տեղաշարժման ընթացքում արձակում են ուլտրաձայներ: Ինչ վերաբերում է մեգաչղջիկներին, ապա սրանք լավ զարգացած տեսողություն ունեն և սնվում են տրոպիկական տարբեր արևադարձային մրգերով ու նեկտարով: Ահա, այս խմբի չղջիկներն էլ հանդիսանում են վարակի փոխանցողներ: Գիտնականները ենթադրում են, որ այդ չղջիկներով սնվել են օձերը և պանգոլինները, որոնց օրգանիզմում տեղի է ունեցել մուտացիա, և արդյունքում առաջացած վիրուսը փոխանցվել է մարդկանց:
WomenNet.am-ի հետ զրույցում գիտնականը նշեց, որ իր ուսումնասիրությունների արդյունքում փորձում է պարզել, թե Հայաստանում տարածված չղջիկների մոտ առկա՞ է արդյոք կորոնավիրուսի վարակ, բացի դա ուսումնասիրում է նաև այլ տեսակի վիրուսների առկայությունը:
Աստղիկ Ղազարյանի խոսքով Հայաստանում չղջիկների ուսումնասիրությունն իրականացվում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տարածքներում, որտեղ չղջիկները ձմեռում են մեծ գաղութներով /շուրջ 1000-ից-2000 չղջիկ/: Մինչ արցախյան երկրորդ պատերազմը ուսումնասիրություններ են կատարվել նաև Արցախի Հանրապետությունում:
-Արցախում իմ գործընկեր Վահրամ Հայրապետյանի հետ կատարել ենք ուսումնասիրություններ, օրինակ, Ազոխի քարանաձավում միայն 6 տեսակի չղջիկների մեծ գաղութներ կան: Այս տարի մեր ուսումնասիրությունները ձախողվեց պատերազմի պատճառով: Մեծ քանակությամբ չղջիկներ կան նաև Շուշիի կիրճում գտնվող քարանձավներում, շատ հետաքրքիր տվյալներ էինք ստացել Քարվաճառի շրջանի Զուարի գյուղի հարակից շրջանում գտնվող «Տաք ջուր» կոչվող հանքային ջրի աղբյուրի մերձակայքում: Այդ տարածքներում էլ բավականին հետաքրքիր տեսակներ կային, այնտեղ նույնպես ուսումնասիություններ ենք կատարել, որը պետք է շարունակվեր… Ավելին ասեմ, Ներքին Հանդում՝ Սոսիների պուրակում չղջիկների համար կառուցել էինք մոտ 20 տնակ, որտեղ նրանք պետք է ձմեռեին,- պատմում է գիտնականը:
«Չղջիկների միջազգային գիշեր»-ը Աստղիկ Ղազարյանի կարևորագույն ծրագրերից մեկն է, որի նպատակն է ներկայացնել Հայաստանում տարածված չղջիկներին, նրանց վտանգված տեսակները, տեղեկացնել բնության մեջ նրանց օգտակարության մասին, ինչպես նաև մասնակցել կենդանական աշխարհի պահպանությանն ուղղված միջոցառումներին: Ծրագրի շրջանակներում ԵՊՀ մի շարք ուսանողներ մասնակցել են դեպի Գնդեվազի ձոր արշավին: Ուսանողները հնարավորություն են ունեցել նաև ժամանակակից մեթոդներով՝ չղջիկների համար նախատեսված ցանցերով որսալ 4 տեսակի չղջիկներ, ձայնագրել նրանց ուլտրաձայները, իսկ ուսումնասիրությունից հետո բոլոր չղջիկները բաց են թողնվել:
Աստղիկ Ղազարյանի խոսքով ծրագիրը կրելու է պարբերական բնույթ, քանի որ նմանօրինակ միջոցառումներն օգնում են մարդկանց պահպանել Հայաստանի հարուստ, բայց միևնույն ժամանակ վտանգված կենդանական աշխարհը:
–Մեր արշավներին գիտնականներից և ուսանողներից բացի միանում են նաև կամավորներ: Նշեմ, որ այս ծրագիրը նախաձեռնել եմ 2016 թվականից, այն իրականացվում է ամեն տարի, սակայն համավարակի ընթացքում դրա նշանակությունն ավելի կարևորվեց: Իմ նպատակն է, որպեսզի մարդիկ համոզվեն, որ մեր հանրապետությունում ապրող չղջիկները եթե անգամ վարակակիր են, սակայն փոխանցող չեն, նրանք վտանգավոր չեն, որ պետք չէ նրանց վնասել, սպանել, և բոլոր այն պատմությունները, թե չղջիկները խճճվում են մարդկանց մազերի մեջ, կծում մատը, որն անմիջապես չորանում է, այդ բոլորը միֆ է: Չղջիկները տարածության մեջ կողմնորոշվում են իրենց էխոլոկացիոն ուլտրաձայնային հատկանիշների շնորհիվ, նրանք բնության մի մասնիկն են և ունեն իրենց դերը մեր մոլորակի վրա:
Աստղիկ Ղազարյանը հավաստիացրեց, որ անկախ կորոնավիրուսից չղջիկների հետազոտությունները կշարունակվեն, որ սահմանափակումները չեն խոչընդոտի դաշտային աշխատանքներին, քանի որ հարկավոր է շարունակել ուսումնասիրությունները Հայաստանում ապրող չղջիկների իմունային համակարգի ու էկոլոգիական առանձնահատկությունները պարզելու համար:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 870