Արուսյակ Մուրադյան. «Ես հանձնվող տեսակ չեմ» / տեսանյութ

Փետրվարի 17-ին կայանալիք Արմավիրի մարզի Մարգարա համայնքի ավագանու արտահերթ ընտրություններում 13 թեկնածուներ են առաջադրվել, որոնցից երեքը կին են: WomenNet.am-ի զրուցակիցն է այդ թեկնածուներից մեկը՝ Մարգարայի միջնակարգ դպրոցի տնօրեն, անկուսակցական  Արուսյակ Մուրադյանը:

 

 

Արուսյակ Մուրադյանը ծնվել է 1962 թվականին՝ Բագրատաշենում, հաճախել է տեղի դպրոցը, որն ավարտելուց հետո՝ 1984-ին ընդունվել Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտը՝ ստանալով ռուսաց լեզվի և գրականության մասնագետի որակավորում: Վերջին վեց տարիները զբաղեցնում է Մարգարայի դպրոցի տնօրենի պաշտոնը, նույն դպրոցում նաև դասավանդում է: Համայնքի ավագանու  ընտրություններում առաջադրվում է երկրորդ անգամ: Առաջին անգամ ընտրապայքարից դուրս էր մնացել: Ասում է՝ պարտության դեպքում չի ընկրկելու, եկող ընտրություններին կրկին առաջադրվելու է, քանի որ ցանկանում է՝ իր տարիների փորձը, գիտելիքները, օրենքների իմացությունը ծառայեցնել համայնքի խնդիրների լուծմանը:   

 

 

 

– Համայնքն ունի երիտասարդ գյուղապետ, որը չունի կառավարման փորձ, կյանքի փորձ և ում  կողքին, իմ կարծիքով, պետք է կանգնեն մարդիկ, որոնք ունեն այդ փորձը, գիտելիքը: Համայնքի համար լավ գործ անելու ցանկությունն ու վճռականությունն են ինձ ստիպել առաջադրվել: Գուցե որպես անձնավորություն համայնքի բնակիչներն ինձ սիրում ու հարգում են, վստահում են, բայց, երբ հարցը հասնում է ընտրության, ընտրում են իրենց բարեկամության  ներկայացուցչին, իրենց հարևանին, ընկերոջը: Իրականում,  համայնքի բնակիչներից  շատերը չեն իմանում այն գործառույթները, որոնք վերաբերում են ավագանուն, չեն պատկերացնում ինչ հնարավորություններ, լիազորություններ ունի ավագանին, ինչ խնդիրներ կարող է լուծել: Այդ պատճառով էլ, ընտրությունը կատարում են քաղաքականապես ոչ գրագետ:

 

 

 

 

Ավագանու ընտրություններում երկրորդ անգամ եք դնում ձեր թեկնածությունը: Ասացիք՝ մարդիկ մինչ այս ընտրել են հարազատ-բարեկամ-ընկեր հանգամանքը հաշվի առնելով: Ի՞նչ եք կարծում, անցյալ տարվա ապրիլ-մայիսին երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո, համայնքի  բնակիչների մոտ մոտեցումները փոխվե՞լ են:

 

 

-Նախ՝ առաջադրվում եմ, խիղճս մաքուր լինելու համար: Ես հանձնվող տեսակ չեմ, կընտրեն, չեն ընտրի՝ կրկին առաջադրվելու եմ:  Փորձելու եմ համայնքի բնակիչներին բացատրել, հասկացնել, որովհետև դա միակ օրինական ճանապարհն է համայնքի խնդիրները բարձրացնելու, լուծումներ առաջարկելու:  Ես ասելիք ունեմ: Մեր փոքրիկ գյուղի պատասպխխանատվության մի մասը ինձ վրա վերցնելու, աջակցելու ցանկություն ունեմ: Եթե ինչ-որ սխալներ կլինեն, պատրաստ եմ սխալը մատնանշելու, հարցեր քննարկելու, քվեարկելու:

 

Մարդիկ կան, որ տանը նստած՝ ուզում են փոփոխություններ լինեն: Փորձում եմ բացատրել, որ, եթե ուզում են ինչ-որ բան փոխվի, պետք է տանից դուրս գան և գնան ընտրության: Ընտրություն կատարելիս էլ, երբ քվեախցիկում կլինեն, մտածեն՝ ում են տալիս իրենց ձայնը: Տալիս են այն մարդո՞ւն, որը կունենա ձայն խոսելու, թե՝ այն մարդուն, որը չի կարող խոսել:  Եթե ընտրությունը կատարեն այդ տեսանկյունից, ապա ընտրության արդյունքը կփոխվի: Եթե այդքանը չպատկերացնեն, ուրեմն՝ հնի նման կընտրեն ուրիշ չափանիշներից ելնելով:

 

-Իսկ դուք պատրա՞ստ եք դեմ գնալ գյուղապետի որոշումներին, հակառակ այն գործելաոճին, որ տարիներ ի վեր եղել է մեր համայնքներում, երբ շատ դեպքերում ավագանին միաձայն «դակել» է գյուղապետի որոշումները:

 

 

-Միանշանակ: Եթե ես տեսնեմ, որ ճիշտ որոշում չի կայացվում կամ այս կամ այն խնդիրը լուծելու առաջնահերթությունն է խախտվում, իհարկե, ես կխոսեմ: Այնպես չէ, որ մինչև հիմա չեմ խոսել: Բայց ավագանու մանդատն ունենալով,այդ խոսակցությունները այլևս չեն անտեսվի և չեն դիտվի որպես   դատարկ խոսակցություններ: Ավագանու նիստերը բաց են, բոլորն էլ կարող ենք մասնակցել, լսել, հարցադրումներ անել, պատասխաններ ստանալ, բայց օրենքի սահմաններում իրավունք չունեն քվեարկությանը, որոշումներ կայացնելուն մասնակցել կամ սխալ որոշմանը ընդդիմանալու: Ավագանու անդամի կարգավիճակը այդ  հնարավորությունը տալիս է:

 

 

-Ի՞նչ առաջնահերթ խնդիրներ ունի համայնքը:

 

 

-Բոլոր այն խնդիրները, որոնք ունեն Հայաստանի մնացած համայնքները: Սուղ միջոցներ: Գյուղը չունի մանկապարտեզ: Ունենք միայն նախակրթարանի ավագ խումբ, որը գործում է դպրոցում: Դպրոցը ֆինանսավորվում է աշակերտի թվով, աշակերտները գնալով պակասում են արտագաղթով, ծնելիության նվազմամբ պայմանավորված: Մեր աշակերտների թիվը գրեթե կրկնակի պակասել է: Դպրոցի շենքը գնալով մաշվում է, առաջանում են պարտադիր նորոգման խնդիրներ: Ունենք թերի ջեռուցման համակարգ, դպրոցի ներսում չկա սանհանգույց: Մշակույթի տունն այնպիսի վիճակում է, որ որևէ մշակութային միջոցառում այնտեղ հնարավոր չէ կազմակերպել: Ունենք ոռոգման, խմելու ջրի խնդիր: Կոյուղի չունենք: Գյուղի հողատարածքների հողաբաժանությունը ճիշտ չի կատարվել, ինչի հետևանքով ունենք փողոցներ, որտեղ մեկ կամ երկու-երեք տուն կա: Այդ փողոցներում պետք է ենթակառուցվածքներ անցկացվեն:  Այսինքն՝ծախսերը շատ են, բայց սպասելիքները չեն արդարացվում, և այդ մարդկանց խնդիրները չեն լուծվում:

 

 

 

Որպես թեկնածու, ո՞նց եք պատկերացնում այդ խնդիրների լուծումները

 

 

-Որպեսզի որևէ խնդիր լուծվի, այդ խնդիրը պետք է արձանագրվի՝ որ ունենք այսպիսի խնդիր և ունենք ցանկություն այդ խնդիրը լուծելու: Կազմակերպվի քննարկում այն բոլոր սրտացավ, խելացի մարդկանց հետ, որոնք կարող են ինչ-որ լուծումներ առաջարկել: Քննարկվի, ընտրվի ամենաարդյունավետ լուծումը և, ըստ այդմ, շարժվենք առաջ: Չեն կարող, միանգամից բոլոր հարցերը լուծվել, բայց գոյություն ունեն ճանապաևրներ, որոնք կբերեն այդ հարցերի լուծմանը:

 

 

Կանայք համայնքում ի՞նչ խնդիրներ ունեն

 

 

-Մեզ մոտ չկան աշխատատեղեր: Կանայք զբաղվում են տնային տնտեսությամբ: Եթե, նույնիսկ, կողքի գյուղում կամ քաղաքաում աշխատանք գտնեն, իր խնամքին փոքրի երեխաներ ունեցող կինը չի կարող աշխատել՝ մանկապարտեզի բացակայության պատճառով: Մանկապարտեզի բացակայությունը գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ էլ է կնոջը խանգարում: Գյուղի որոշ փողոցներում խմելու ջուր չկա, ջուրը կրում են այլ փողոցներից: Ջրի բացակայությունը ևս ընտանիքների կենցաղում և առաջին հերթին կանանց համար  խնդիրներ է առաջացնում: Մյուս խնդիրները մեր մտածելակերպին բնորոշ են և կապված  տղամարդու գերիշխող դիրքի հետ: Ինչպես մնացած բոլոր գյուղական վայրերում, այնպես էլ մեզ մոտ, այս առումով էլ ճանապարհ ունենք անցնելու:

 

 

՞նչ կարող է փոխել կինը քաղաքականության մեջ

 

 

-Միգուցե՝ սուր հարցերը  կլուծվեն, կանաց բնորոշ, ավելի ճկուն կերպով:  Միգուցե մի քիչ ավելի շատ բարիություն,  ավելի խաղաղ միտումներ կբերի կինը քաղաքականության մեջ: Տղամարդիկ ավելի շատ հակված են հարցերը սրելու, կինն իր բնույթով ավելի հակված է ընդհանուր եզրեր գտնելու և խաղաղ կերպով խնդիրները լուծելու:

 

 

Լուսինե Կարապետյան

 

 

 

Հ.Գ. Նշենք, որ 1296  բնակիչ ունեցող  Մարգարա համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակվել, քանի որ անցյալ տարի համայնքի ղեկավարի փոփոխությունից հետո ավագանու 7 անդամներից երեքը հրաժարականի դիմումներ էին  ներկայացնել, իսկ մեկը դադադարեցրել էր   իր լիազորությունները: Փետրվարի 17-ին կայանալիք ավագանու  ընտրություններին  13 թեկնածուներ են առաջադրվել, որոնցից երեքը կին են: «Մենք ավելի շատ թիմակից ենք, քան մրցակից», – ասում են Մարգարայում առաջադրված կանայք՝ հաջողություն մաղթելով իրար առաջիկա ընտրություններում: 

 

Տեսանյութը՝ Անժելա Ստեփանյանի

 

 

Դիտումների քանակը` 1853

Գլխավոր էջ