Արուսյակ Այվազյան. «Քաղաքականության մեջ և՛ կինը, և՛ տղամարդը հավասարապես ասելիք ունեն»

Arusyak-Ayvazyan

Գառնու գյուղապետի նախկին թեկնածու, «Գառնի» ՍՊԸ  տնօրեն Արուսյակ Այվազյանը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Հիշեցնենք,որ տիկին Արուսյակը  ճանաչում ձեռք բերեց ոչ միայն իր հայրենի Գառնիում, այլև ողջ  հանրապետությունում՝ Ազատ գետի հունի փոփոխման դեմ բողոքի ակցիաներով , որոնց արդյունքում  Գառնի համայնքը հաղթեց եւ փրկեց Ազատ գետը: WomenNet-ի հետ զրույցում տիկին Այվազյանն ասաց, որ ասելիք ու անելիք ունի, դրա համար մի քանի ամիս առաջ ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունը իրեն թևաթափ չի արել: Անելիքն էլ տեսնում է «Ելք» դաշինքով իր ընտրատարածքում առաջադրվելու ու հաղթելու մեջ:

 

Տիկին Այվազյան, ինչը՞  ստիպեց նորից  պայքարի մեջ մտնել  քաղաքական դաշտում:

 

-Հայրենիքին,  նաև իմ համայնքին օգուտ տալու ցանկությունը: Ես ուզում եմ օգտակար լինել, որպեսզի հնարավոր լինի նաև իմ օգնությամբ բարելավել Գառնու սոցիալական վիճակը՝ որքան դա հնարավոր կլինի: Իմ հիմնական խնդիրն է օգտվել այս հնարավորությունից և լինել օգտակար, իսկ թե որքանով կհաջողվի՝ տեսնենք:

 

Հրավերը միայն «Ելք» դաշինքի՞ց է եղել, թե այլ ուժերից ևս հրավեր եղել է:

 

-Հրավերներ եղել են այլ տեղերից էլ, բայց ես արդեն քննարկել և համաձայնության եկել էի «Ելք»-ի հետ, այնպես որ այլ տարբերակներ նույնիսկ չեմ  էլ քննարկել: Բացի այդ, դաշինքը ինձ հոգեհարազատ գաղափարներ է արտահայտում, որոնք ես կիսում եմ ու ինքս էլ կձգտեմ, որպեսզի դրանք իրականություն դառնան: Իմ համագործակցությունը, ամեն դեպքում, ուղղված է լինելու հենց այդ գաղափարների կյանքի կոչմանը:

 

Տիկին Այվազյան, ՏԻՄ ընտրություններում Դուք պարտություն կրեցինք: Կարելի՞ է ասել, որ դրա պատճառը նաև այն է, որ կին եք

 

-Չեմ կարծում, խնդիրը ավելի խորքային է, քան զուտ կին-տղամարդ պայքարն է: Թեև կան մարդիկ, որ այդպես են մտածում, որ ես պարտվեցի, քանի որ հասարակությունը դեռ պատրաստ չէ կին ղեկավար ունենալուն: Բայց իմ պարագայում, կարծում եմ, դա այնքան էլ նշանակալի դեր չի ունեցել, պարզապես իմ դեմ լավ աշխատեցին և կարողացան մարդկանց կաշառել, վախեցնել կամ այլ մեթոդներ բանեցնել, որոնց հետևանքով մարդիկ ստիպված եղան գնալ իմ դեմ: Կարծում եմ, մարդկանց այսօր այնպիսի ծայրահեղ ծանր վիճակի  մեջ են դրել, որ նրանք չեն կարողանում իրենց ապրուստը հայթհայթել և նույնիսկ 5000 դրամի համար պատրաստ են վաճառել իրենց ձայնը…. շատ ցավալի է, բայց նման երևույթ մինչ օրս էլ կա Հայաստանում ու հայաստանյան ընտրական իրականությունում, երբ մարդիկ րենց ձայնը վաճառում են, քանի որ նրանց համոզել են, որ միևնույն է ոչինչ չի փոխվի:

 

-Մտավախություն չունե՞ք, որ այս անգամ էլ նույնը կլինի:

 

-Իհարկե ունեմ և հասկանում եմ նաև, որ Ազգային Ժողովի ընտրություններն ավելի կատարելագործված կլինեն, քան ՏԻՄ ընտրություններն էին: Բայց դա ինձ չի վախեցնում, ես չեմ ընկրկում ու չեմ պատրաստվում հանձնվել, քանի որ գիտեմ, որ մարդկանց պետք է շանս տալ հավատալու, որ եթե իրենց ուզած ընտրությունը կատարեն, ապա նաև կարող են պահանջատեր լինել  իրենց կյանքն ու սոցիալակամն վիճակը բարելավելու առումով:  Ժողովուրդը դա պետք է գիտակցի ու ես համոզված եմ, որ մենք դրան կհասնենք. եթե ժողովուրդը համախմբվի ու անկաշառ ձևով, իր խղճի թելադրանքով գնա ընտրության, ապա ավելի հեշտ կկարողանա պահանջատեր լինել նրանից  ում ձայն է տվել:

 

-Դուք պատրա՞ստ եք քաղաքական ոլորտում, խորհրդարանում աշխատանքին:

 

-Ես քաղաքական գործիչ  չեմ և դեռեւս չեմ պատկերացնում, բայց ելնելով իրավիճակից՝ ինչու չէ՞:  Թեկուզ  ինտուիտիվ, բայց եթե ես զգամ, որ իմ ներկայությունը այդ ոլորտում օգուտ չի բերելու կամ արդյունավետ չի լինելու, ես այդ քայլին չեմ գնա:

 

 

Տիկին Այվազյան, ընտրական գործընթացները Հայաստանում ցույց են տալիս, որ ոչ թե կին թեկնածուներ քիչ ունենք, այլ տղամարդիկ կարողանում են իրենց ռեսուրսներով՝ թե՛ ֆինանսական, թե՛ վարչական, թե՛ հեղինակությամբ  կանանց դուրս թողնել քաղաքական գործընթացներից:

 

-Այո, կա նման բան, որովհետև դարե-դար մեզ անընդհատ ասել են, որ կինը պետք է հնազանդ լինի տղամարդուն, իսկ տղամարդը պետք է կնոջը տեր լինի: Եվ այդ գաղափարախոսությունը մտել է մարդկանց մեջ: Ես հասկանում եմ, որ  դա ավելի շատ բնազդային մոտեցում է, քան գիտակից և կանանց մուտքը քաղաքականություն այդ պատկերացումները  կոտրում է, բայց դեռ բավարար չափով չէ, այդ նստվածքը  դեռ իրեն զգացնել է տալիս: Եվ ես իմ հերթին կաշխատեմ դա փոխել, քանի որ քաղաքականության մեջ և՛ կինը, և՛ տղամարդը հավասարապես ասելիք ունեն, հատկապես, երբ անելիքն էլ գիտակցում են:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 3398

Գլխավոր էջ