Անկախ կին պատգամավորները միավորվել են «Արցախ» նախաձեռնության շուրջ
Որոշել ենք դառնալ «Արցախի ձայնը» խորհրդարանում, թե չէ այնպիսի տպավորություն է, որ հանձնեցինք, պրծանք», — հայտարարեց ԱԺ արտահերթ նիստի ընթացքում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ պատգամավորներ Աննա Գրիգորյանի և Սոֆյա Հովսեփյանի հետ միասին որոշել են միավորվել «Արցախ նախաձեռնության շուրջ: Նշենք, որ Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ անկախ կին պատգամավորները հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ՝ քաղաքական նախաձեռնություն ձևավորելով դրա շուրջ:
«Ես և իմ գործընկեր Աննա Գրիգորյանը երեկ ենք վերադարձել Արցախից, ու նաև Սոֆյա Հովսեփյանի հետ միասին որոշել ենք ոչ իրավաբանական ձևակերպմամբ ձևավորել «Արցախ» նախաձեռնություն»,- Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ նշեց, որ թեկուզ կարճաժամկետ ընթացքով, բայց իրենք այս խորհրդարանում ուզում են լինել «Արցախի ձայնը»։
«Արցախը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի: Այս պատերազմը ցույց տվեց, որ ոչ թե Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, այլ Արցախով է պայմանավորված Հայաստանի անվտանգությունը: Հիմա Գեղարքունիքում ու Սյունիքում տեսնում ենք, թե որքան մեծ դեր ուներ Արցախը՝ մեր անվտանգության առումով»,- նշեց պատգամավորը:
Նրա խոսքով, Արցախի հարցը կարծես ՀՀ խորհրդարանից դուրս է մղվել, և միայն մի պատգամավոր՝ Տարոն Սիմոնյանն է մի քանի անգամ խոսել Արցախի խնդրի մասին։
«Մենք մեծապես մոռացել ենք Արցախը, և այնպիսի տպավորություն է, որ հանձնեցինք, պրծանք։ Բայց այդպես չէ, մենք շարունակելու ենք Արցախը պահել մեր ուշադրության կենտրոնում»,- նշեց պատգամավորը՝ նկատելով, որ Արցախի մասով մենք հատուկ վերաբերմունք պիտի ունենանք, հատկապես՝ պատերազմից հետո:
«Արցախ» նախաձեռնությանը միացած Աննա Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ ԱԺ-ում չեն քննարկել Արցախի կարգավիճակի հարցը և այն հարցը, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայ մշակութային արժեքները ոչնչացվում են, չեն խոսել նաեւ Արցախի սահմանների ու Սյունիքի սահմանների մասին:
Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը և Սոֆյա Հովսեփյանը դուրս են եկել «Իմ քայլը» խմբակցությունից Արցախի հարցում սկզբունքային անհամաձայնությունների պատճառով:
Դիտումների քանակը` 1086