Արցախ. պատերազմը կանանց աչքերով
Արցախյան պատերազմից արդեն երկու տասնամյակ է անցել, սակայն այսօր էլ դեռ պատերազմի հետևանքները տեսանելի են ու շատ մարդկանց համար առօրյա պայքարի վերածվել՝ կենցաղային դժվարություններ, առողջական խնդիրներ, կորուստ ապրած ընտանիքներ… Ի՞նչ ազդեցություն է ուենում ռազմական հակամարտությունը կանանց վրա, որքա՞ն խոցելի են նրանք պատերազմական իրավիճակում: Սեռական բռնություններ, որոնք հաճախ պատերազմական զենք են ծառայում հակամարտության ժամանակ, հետպատերազմյան շրջան, այրիներ և որդեկորույս մայրեր …
Սեպտեմբերի 16-ին կայացած «Հայ կանայք հակամարության և խաղաղասիրության խաչմերուկում» կոնֆերանս – քննարկումը Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաք էր բերել հասարակական կազմակերպությունների, ակտիվիստների ու պետական կառույցի ներկայացուցիչների, ինչպես նաև այն կանանց, ովքեր անձամբ են ապրել պատերազմը՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները: WomenNet.am –ը զրուցեց կոնֆերանսի մասնակիցների հետ.
-Առաջին անգամն է, որ այս խորագրով հենց Շուշիում ենք անցկացնում նման միջոցառում: Սա շատ կարևոր է, քանի որ Շուշին սիմվոլիկ նշանակություն ունի արցախյան պատերազմը վերապրած յուրաքանչյուր հայի համար: Այստեղ առանձնակի սրությամբ են զգում հակամարտության հետևանքները, թե տարածքում և թե ժողովրդի վրա: Կարևոր էր նաև, որ ներկա էին կանայք, ովքեր մասնակիցն են եղել, ականատեսը այս պատերազմի,- նշում է «Կանանց ռեսուսային կենտրոն Հայաստան» ՀԿ-ի նախագահ Լարա Ահարոնյանը, նկատելով, որ շատ հաճախ, երբ խոսում են հակամարտությունների մասին, չեն ներգրավում կանանց, ովքեր անմիջապես ապրում են այդ տարածքում: Մինչդեռ շատ կարևոր է, որ բոլոր այն նախաձեռնությունները, քննարկումները, որոնք լինում են տարածաշրջանում կոնֆլիկտի հետ կապված, ներառեն նաև կանանց, լսելի դարձնեն կանանց ձայնը:
Մեր զրուցակից տիկին Անահիտը Շուշիից բանաստեղծուհի է, երկու գրքերի հեղինակ, սակայն ինչպես խոստովանում է, միայն վերջին տարիներին է, որ կարողանում է իր սիրելի գործով զբաղվել՝ ստեղծագործել.
– Դժվար ժամանակներ էին, ով էր մտածում ստեղծագործելու մասին:
Շուշիի ազատագրումից մի քանի օր հետո տիկին Անահիտը իր երեք երեխաների հետ տեղափոխվեց Շուշի:
– Դժվար էր, որովհետև մայիսի վերջն էր ու մարդկանց մոտ անհանգստություն կար, չգիտեինք վերջն է, թե կարող է նորից վերադառնա թշնամին, տեղ- տեղ տներ էին վառվում: Ջուր չկար, լույս չկար, հոգիդ ճնշվումր էր : Վարչականից մինչև տուն գնում էր ճամփին մարդ չէր հանդիպում: Չորս հարկանի շենքում եմ ապրել: Էդտեղ ընդամենը չորս ընտանիք էր ապրում: 17 տարի մեր շենքի մուտքում մենակ մենք էինք: Տոպրակներով հաց էինք բերում Ստեփանակերտից, գիշերը երեք երեխաներիս հետ գնում էինք հացի հերթ էինք կանգնում, որ երկուական հաց ստանանք, որ գոնե հաջորդ օրը չգնանք:
Տիկին Անահիտի հայրական գյուղը Նախիջևանիկ է, Ասկերանի շրջանում: Թուրքերը այդ գյուղն էլ չեն շրջանցել, շատ զոհեր է տվել:
– Եղբայրս գյուղի հրամանատարն էր: Էն ժամանակ մեր ընտանիքից վեց հոգի կռվում էին, եղբայրս, քեռուս երեք տղաները, հորեղբորս երկու տղան: Որ գալիս էին գիշերը շորերը փոխելու, արագ լվանում էինք, թոնրի մեջ չորացնում էինք, որ առավոտը տանք, որ կախում էինք էդ պարանից, տան մի ծայրից մյուսն էր հասնում:
Նունե Դավիդյանը Շուշիի Ռեսուրսային կենտրոնի երիտասարդ ակտիվիստներից է:
-Շատ բան չեմ հիշում պատերզմից: Այն ժամանակ հինգ տարեկան էի: Այդ օրը տանն էինք, ցորենի պարկեր էին շարված և գրադը խփեց , ամեն ինչ իրար անցավ: Սա եմ միայն լավ հիշում: Պատերազմի տարիների հորս եմ նաև կորցրել, նրան գրեթե չեմ հիշում, միայն լուսանկարներով ու իր մասին պատմություններով: Մայրս էլ շատ ու շատ արցախցի կանանց նման ամբողջ հոգսը իր վրա վերցրեց, նորից չամուսնացավ: Էն ժամանակ երևի կխանդեի, հիմա, ուրիշ կերպ եմ նայում…: Մայրս ինձ համար կենդանի լեգենդ է:
Տիկին Ազիտան Իրանից է. Իրան- Իրաք հակամարտության տարիներին, ութ տարի բուժքույր է աշխատել:
-Կարծում եմ կինը պատերազմական շրջանում ավելի ուժեղանում է. հիվանդանոցում մոտ ութսուն տոկոսը կանայք էին՝ բժիշկներ, բուժքույրներ, սանիտարներ: Բոլորս ձեռք ձեռքի տված աշխատում էինք ու չէր տարբերում դու կին ես, թե՝ տղամարդ: Ինչ ձեռքիցդ գալիս էր, անում էիր: Էն վիճակի վիրավոր մարդկանց էին բերում ու էստեղ սեռը արդեն կապ չուներ, դու մտածում էիր մենակ էդ մարդուն փրկելու մասին:
Ազիթա Կարինին այսօր էլ հուզմունքով է հիշում պատերազմական տարիները.
-Ինձ հետ մի երիտասարդ աղջիկ էր աշխատում, երեկոյան միասին կանգառ գնացինք, իսկ հաջորդ օրը եկա գործի և իմացա, որ մահացել է: Գիտես, ահավոր ա, որ տեսնում էս աչքիդ առաջ ինչպես են մահանում և ինչի՞ համար: Երկու պետություն իր ուժը ցույց տալու համար, ժողովրդին մատաղ են անում: Ցավը դրա մեջ է:
Պատերազմական տարիներին, որպես բուժքույր ռազմի դաշտում է եղել Շուշիի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Մանուշ Սարգսյանը:
-Պատերզմի դաշտում էլ եմ աշխատել, այդ տարիներին նաև ծնունդ ընդունել: Չկար գազ, էլեկտրականություն, ջուր, էլեմենտար հագուստ չկար, բայց կանայք այդ պայմաններում ծննդաբերում էին: Կոնֆերանսի ելույթների մեջ նշվեց, որ հակասանիտարական վիճակ էր, այո, էդպես էր, ձեռքերը լվանալ, ոչ հոսող ջրի տակ, ասենք՝ շշից լցված ջրով, արդեն լավ չէ, գործիքների ախտահանումը կատարվում էր փայտե վառարանների վրա, բայց երևի այդ ժամանակ աստված մեր կողմից էր, քանի որ ինֆեկցիաների բռնկումներ չեղան:
Տիկին Մանուշը նշում է, որ կանայք ավելի խոցելի են լինում այդ շրջանում. պատերազմի տարիներին բռությունների, բռնաբարության դեպքեր էլ են եղել.
-Ճիշտ է վիճակագրություն չկա բռնաբարության դեպքերի հետ կապված, բայց դեպքեր եղել են, և դրա հետևանքով անցանկալի հղիություններ նույնպես, նաև հղիության արհեստական ընդհատման խնդիր է ծագել:
Տիկին Մանուշը խոսում է նաև հետպատերազմյան այն դժվարությունների մասին, որոնց առջև կանգնում են կանայք.
-Վեջին տարիներին շատացել են ներարգանդային պտղի զարգացման արատները, անպտղության դեպքերը, սա ուղղակի կապ ունի հետպատերազմական շրջանի հետ, այսօրվա ծննդաբերողները այն սերունդն է, որը խոնավ նկուղներում, թերսնուցման պայմաններում է մեծացել: Ունենք նաև զոհված ազատամարտիկների կանանց խնդիր, ովքեր ամաչում են անգամ դիմել բժշկի, հատկապես՝ գինեկոլոգի, քանի որ շրջապատում կասեն՝ այրի է, զոհվածի կին է, դիմեց գինեկոլոգի: Մինչդեռ սա այն դեպքում է, երբ հենց նույն կանանց մոտ կան մեծ առողջական խնդիրներ, կրծքագեղձերի պատալոգիա և այլն, որից կարելի է խոսափել ժամանկին բժշկի դիմելու դեպքում:
Փախստականների խնդիրների մասին էլ բարձրաձայնեց Ռուզաննա Ավագյանը, ով ԼՂՀ-ում փախստականների հարցերով կազմակերպության ներկայացուցիչ է:
-Մեր կանայք երկու պատերազմ են անցել, առաջինը՝ Սումգայիթում, Բաքվի ողբերգություններն էին, իսկ երկրոդ պատերազմը արդեն այստեղ` 1991 թվականին, իսկ այդ ամենը խորը հետք է թողել մեր կանանց վրա: Մոտ հազար ընտանիք ունենք ԼՂՀ-ում, որոնք դեռ չունեն սեփական տուն, սանիտարահիգենիկ տարրական պայմաններ չունեն, երեխաներ են այդ պայամաններում ծնվում ու մեծանում, շատ տղամարդիկ ունենք, ովքեր «կոնտուզիա» են ստացել և դրա հետևանքով ընտանիքում կնոջ կամ մոր նկատմամբ բռնություն են գործադրում: Մեր կանանց մոտ հիսուն տոկոսը աշխատանքի խնդիր ունի, պատճառներից մեկն էլ լեզվի խնդիրն է,- նշում է տիկին Ռուզաննան:
-Ճիշտ է պատերազմը արդեն սառեցված է, սակայն հետևանքները մինչ այսօր էլ զգալի են ու տեսանելի,- նշում է ԼՂ «Կարմիր խաչ միջազգային կոմիտե»-ի ներկայացուցիշ Ինգա Ավանեսյանը՝ առանձնացնելով և անհայտ կորածների ընտանիքների խնդիրը.
-Չկա կենդանության մասին լուր , բայց և չկա նաև լուր, որ մարդը մահացած է: Այս կանանց ոչինչ չի մնում, քան հուսալ ու չհուսալքվել, ու այսպես ամեն օր՝ չկորցնելով հույսը: Բազմաթիվ խնդիրների առջև է կանգնում այն կինը, ում ամուսինը անհայտ կորած է համարվում. ի՞նչ անել, օրինակ, ամուսնանալ, նորինց ընտանիք ստեղծել, թե չէ: Այս իրավիճակը ստիպում է շատ կանանց պարզապես ներփակվել ու շատերը նույնիսկ տանից դուրս չեն գալիս, ոչ մեկի հետ չեն շփվում:
Հիծեցնենք, որ կոնֆերանսը նախաձեռնել էին « Կանանց ռեսուսային կենտրոն Հայաստան» ՀԿ-ն և նրա մասնաճյուղ հանդիսացող «Շուշիի ռեսուրսային կենտրոն»-ը:
Լիլիթ Քոչինյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հայ կանայք հակամարտության և խաղաղության խաչմերուկում .կոնֆերանս
Դիտումների քանակը` 4060