«Հոդված 3» ակումբում նորարար գաղափարներ են գեներացվում
2016 թվականի հունիսին Երևանի կենտրոնում իր հյուրընկալ դռները բացեց միանգամայն նոր մի հարթակ՝ «Հոդված 3» ակումբը, որը ներկայացավ հանրությանը պարզ, սակայն մեր իրականության համար նորարար մեսիջով՝ «Հարգել ՀՀ Սահմանադրության Հոդված 3-ը»: Ակումբը մարդու իրավունքների գերակայության, հավասարության և այլ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հարթակ է, որի նպատակն է բարձրաձայնել հասարակությանը հուզող և զարգացմանը նպաստող հարցեր` հանդիսանալ երկրի ապագայով մտահոգ քաղաքացիների հանդիպումների, քննարկումների և երկխոսության վայր: Ակումբի հիմնադիրը՝ լրագրող, «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանն է, ով դեռ տարիներ առաջ է զգացել Հայաստանում նման հարթակ ունենալու անհրաժեշտությունը:
«Ի սկզբանե միտքը ծագեց բնապահպանական տարբեր ակցիաների կազմակերպիչների քննարկումները լուսաբանելու ընթացքում, երբ տեսնում էի, որ ակտիվիստները պարզապես որևէ այգում են հավաքվում, չկա մի վստահելի տարածք, որտեղ կկարողանան գեներացնել իրենց մտքերն ու քննարկել պայքարի ռազմավարության հարցերը, նույն միտքն ունեցա նաև հետագայում Մաշտոցի պուրակի համար տարվող պայքարի օրերին, Էլեկտրիկ Երևանի ցույցերի ժամանակ: Հասկացա, որ իսկապես ակտիվիստների, քաղաքացիական հասարակության համար ազատ, վստահելի և ապահով տարածքների խնդիր ունենք»,- ասում է Գայանեն:
Նա տարիներ առաջ որպես լրագրող բրիտանական «Ռոյթերս» գործակալությունում է սովորել, որի ընթացքում հաճախ է եղել «London Frontline»-ում: Այն լրագրողական ակումբ է, որտեղ շատ են քննարկվում լրագրողական խնդիրները, բանավեճեր, ցուցահանդեսներ, ֆիլմի դիտումներ են կազմակերպվում: «Երբ 2008-ին վերադարձա Հայաստան, մտածում էի՝ ինչ լավ կլիներ, որ մենք էլ մի այդպիսի լրագրողական հավաքատեղի ունենայինք: Տարիների ընթացքում այս գաղափարը գեներացվեց ու մոդիֆիկացվեց, ավելի ընդլայնվեց՝ վերածվեց «Հոդված 3»-ի, սա և’ լրագրողական ակումբ է, և’ քաղաքացիական ակտիվիստների, և’ երիտասարդների հավաքատեղի: Այստեղ կա գաղափարական հենք, որը շատ կարևոր է: Այն է՝ հարգանքը ՀՀ Սահմանադրության Հոդված 3-ի հանդեպ»,- ընդգծում է Գայանեն:
Հոդված 3-ը հռչակում է՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»: Այն ամբողջությամբ դաջված է «Հոդված 3» ակումբի պատերից մեկին՝ այցելողներին հասկացնելու համար, որ այս հարթակը մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը միտված տարածք է: Ակումբի բազմաթիվ այլ գրություններ էլ կան՝ պատերին, սեղանների վրա:
«Շատ երկար ենք մտածել ակումբի ամեն մի դետալի ուղղությամբ, օրինակ, թե սեղաններին, պատերին ինչ գրվեն: Փորձում էինք հնարավրինս շատ ուղերձներ հղել, և դա անել ոչ միայն տարածված օտարազգի հեղինակների հայտնի խոսքերի միջոցով, այլ հենց մեր` հայ մեծերի խոսքերից գտնել իրավունքի գերակայությանը, հավասարությանը վերաբերող մտքեր: Օրինակ, «Սասնա Ծռերից» վերցված այս հատվածը՝ «Առյուծն առյուծ է, էղնի էգ, թե որձ», շատ կարևոր մեսիջ է, և լավ է, որ այն հենց մեր էպոսում է եղել, այսինքն՝ չեն կարող ասել, թե սա դրսից բերված ինչ-որ գաղափարախոսություն է կամ արժեք: Ամեն ատրիբուտիկա փորձել ենք մտածված անել»:
Ակումբի պատերից մեկի վրա հին Երևանի տեսարանն է, քաղաքային միջավայր, որն այլևս գոյություն չունի: Այդ տեսարանն այցելուներին մշտապես հիշեցնում է վերացվող մշակութային արժեքների և եղածը պահպանելու անհրաժեշտության մասին: Գայանե Աբրահամյանը պատմում է, որ ի սկզբանե փորձել են ակումբը հիմնել մայրաքաղաքի հին ու վտանգված շենքերից մեկում: «Ես անձամբ շատ եմ շրջել քաղաքում, մտել եմ տներ, որպեսզի խոսեի տերերի հետ, որ տարածքը տան վարձակալության: Պարզվեց, որ մեր քաղաքում շատ քիչ են այն տները, որոնք ասենք 20-րդ դարասկզբին են կառուցվել և դեռ ունեն տերեր: Դրանք բոլորն արդեն կապալառուների սեփականությունն են: Ես ուզում էի ցույց տալ իշխանություններին, որ դուք քանդում եք, իսկ մենք վերցնում և պահպանում ենք, մեկ մակարդակ ավելի ապահովություն ենք տալիս այդ տարածքին: Դա էլ մեր իրավունքների խախտման մի ոլորտ է՝ մշակութային իրավունքների և հիշողության նկատմամբ հարգանքի խախտում»,- ասում է Գայանեն:
2016 թվականի 6 ամիսների ընթացքում «Հոդված 3» ակումբը կազմակերպել է 55 տարբեր միջոցառումներ՝ հանրային և փակ քննարկումներ, լրագրողական սեմինարներ, դասընթացներ երիտասարդների համար, ֆիլմի դիտումներ, ցուցահանդեսներ: Ակումբը նաև հյուրընկալում է զանազան միջոցառումներ և համագործակից հասարակական կառույցների կողմից կազմակերպվել է 72 միջոցառում:
«Հոդված 3» ակումբն իր տեսակի մեջ միակն է և արդեն իսկ հասցրել է շատ երիտասարդների և ուսանողների համար վերածվել սիրելի վայրի: «Անդադար մտածում ենք՝ ինչ անել, որպեսզի երիտասարդներին հետաքրքիր լինի: Երիտասարդների հետ պետք է իրենց լեզվով խոսես, փորձես քայլ առ քայլ բերել դեպի իրավունքի դաշտ: Ակումբի նպատակներից մեկն է նաև երիտասարդներին բերել այստեղ՝ իրենց համար հաճելի պայմաններ ստեղծելով»: Առաջիկայում ակումբում ուսանողական բանավեճի ակումբներ են ստեղծվելու՝ երիտասարդների ներգրավվածությունն ավելացնելու նպատակով: «Ես կարծում եմ, որ քննարկումներին մասնակցելով, միայն լսելով, իրենք չեն մտնում խնդիրների և թեմայի մեջ բավարար չափով: Դրա համար երիտասարդները նաև պետք է հենց իրենք քննարկեն խնդիրները»:
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, երբ Երևանում բազմաթիվ միջոցառումներ էին կազմակերպվում, «Հոդված 3» ակումբի թիմը հանդես եկավ նորարար նախաձեռնությամբ: Ակումբը ստեղծեց շատերի կողմից արդեն սիրված «Այլ կերպ» խաղի նոր տարբերակը՝ հիմնված մարդու իրավունքների ոլորտի բառապաշարի վրա: «Հրավիրել էինք իրավապաշտպանների, քաղաքական գործիչների, ակտիվիստների, լրագրողների և խաղացինք միասին: Այդ խաղի միջոցով մարդու իրավունքների քննարկման մի ամբողջ դաշտ բացվեց: Տվյալ բառը բացատրելու համար մեր իրականությունից փաստեր էինք հիշում, տեսնում էինք իրավունքի և իրականության կապը»,- հիշում է Գայանե Աբրահամյանը:
«Հոդված 3» ակումբը նաև մեկնարկել է «Ծիւս UP» կանանց զրույցների շարքը: Շարքի անվանումը արևմտահայ գրող, ֆեմինիստ Սրբուհի Տյուսաբի ազգանունից է ծագել: «Մենք «UP»-ը անգլերենով ենք գրել՝ բարձրացման, վերհանման գաղափարը մեջը դնելով: Իրենց ոլորտում հաջողության հասած կանանց հետ հանդիպումների ու ազատ զրույցների շարք է սա, որի ընթացքում նախ բանախոսը ներկայացնում է այն ճանապարհը, որն ինքն է անցել, ապա հարցուպատասխան է լինում: Մեր առաջին հյուրն էր Արսինե Խանջյանը: Փորձում ենք նաև միջազգային դեմքերի հրավիրել: Զրույցներին համաձայնել է մասնակցել նաև Շերի Բլերը, ով Մեծ Բրիտանիայում շատ հայտնի է իր գործունեությամբ, իսկ Հայաստանում նրան կարող են ճանաչել իր ամուսնու՝ նախկին վարչապետ Թոնի Բլերի միջոցով: Շերին բազմաթիվ ծրագրեր է իրականացնում կանանց դերակատարման բարձրացման համար: «Ռոյթերս»-ի տնօրենն էլ է համաձայնել մասնակցել: Իհարկե, փորձում ենք հրավիրել այնպիսի կանանց, որոնք իրենց սեփական ուժերով են հասել հաջողությունների»,- ասում է Գայանե Աբրահամյանը:
«Հոդված 3» ակումբը դեռ այլ նորարար գաղափարներ է իրագործելու, որոնց մասին Գայանեն առայժմ չի ցանկանում խոսել, քանի դեռ գաղափարները գեներացման և ծրագրման փուլում են. «Ես մտել եմ մի դաշտ, որը նոր է ինձ համար և անդադար ստեղծարար մոտեցումներ է պահանջում: Անընդհատ մտածում ենք, թե ինչ նոր բան անենք: Նորը վերաբերում է, թե’ բովանդակությանը, թե’ ձևաչափին, թե’ բանախոսների բազմազանությանը և թե’ մատուցման ձևին»:
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 6635