Երևանից Արենի՝ երազանքի և կրթելու ցանկության հետևից․ Արփինե Մաթևոսյան

Արփինե Մաթևոսյանը 2019 թվականի օգոստոսին Երևանից տեղափոխվեց սահմանամերձ Արենի գյուղ՝ երազանքի հետևից։ Ուզում էր տեղի երեխաների համար կավագործության դասընթացներ վարել և իր արվեստանոցը հիմնել։ Այսօր՝ այդ որոշման մասին խոսելիս, խոստովանում է՝ երազանքի ճանապարհն այդքան էլ հարթ չէր․

 

 

«Երևանում ինձ ամեն բան հոգնեցրել էր։ Ամենօրյա աշխատանքային ռիթմն ու քաղաքային աղմուկը ազդում էին նյարդերիս։ Մյուս կողմից ներքին ձգտում ունեի ու վստահ էի, որ գյուղում երեխաներին իմ գիտելիքներն ավելի ճիշտ կփոխանցեմ ու կկարողանամ զարգացնել Արենիում կավագործության մշակույթը»,– ասում է նա։

 

Արդեն նոյեմբերին Արփինեի արվեստանոցն իր դեղին–կանաչ դռները բացեց փոքրիկ այցելուների համար։ Արենիում աշխատանքի առաջին ամիսներին կապը Երևանի հետ չէր կտրվում։ Ընկերներին տեսնելու, անհրաժեշտ պարագաները գնելու համար հաճախ էր մայրաքաղաքում լինում, սակայն կորոնավիրուսի համավարակը և հիվանդացության կտրուկ աճող ցուցանիշները ստիպեցին որոշում կայացնել՝  մեկուսանալ Արենիում, աշխատել 3-4 հոգանոց փոքր խմբերով․

 

 

«Երբ 2019 թ․-ի աշնանը արհեստանոցի բացումն արեցի, ունեի 40-50 աշակերտ՝ նկարչության և կավագործության խմբերում։ Հետո  համաճարակի հետևանքով ստիպված էի սահմանափակումներով աշխատել, երևի աշխատել  եմ ներքին ուժերի լարումով»,– հիշում է Արփինեն։

 

 

Երբ կրթական բոլոր հաստատությունները դադարեցրեցին աշխատանքը, Արփինեն ևս ստիպված էր փակել արվեստանոցը, որի միակ այցելուն, ամիսներ շարունակ, միայն ինքն էր։ Անգործություն չսիրող Արփինեն կատակում է, եթե արգելքները շարունակվեին, կավե տարաների մեծ հավաքածու կհասցներ պատրաստել։

 

Արփինեն անկեղծանում է՝ համավարակի ընթացքում քաղաքի և գյուղ տարբերությունն ավելի շոշափելի է զգացել։ Արենիում զգալի վնասներ գրեթե չեն եղել համաճարակի ընթացքում։ Մարդիկ սովորական առօրյա էին վարում՝ հողագործություն, մաքուր օդ ու երեկոյան ընթրիք։ Արփինեն ասում է՝ գյուղում ապրելն իրեն ավելի խաղաղ է դարձրել։

 

 

Չնայած դրան, նախ համավարակը, ապա՝ պատերազմը Արփինեի համար փորձություն էին։ Փորձություն, որ սովորեցրեցին ավելի ամուր կանգնել ոտքերի վրա․ «Որևէ պայմանով չի կարելի թույլ տալ, որ երեխաներն հրաժարվեն իրենց երազանքներից»։

 

 

Համավարակի և պատերազմի ազդեցությունը գյուղի երեխաների վրա մեղմելու համար, Արփինեն նոր գաղափար հղցավ․ այժմ կավագործությունից բացի, շաբաթ-կիրակի օրերին պատանիների  հետ ճանապարհվում են՝ բացահայտելու Հայաստանի բնաշխարհը։

 

 

«Ուզում էի աշակերտներս մոտ լինեն մաքուր օդին ու բնությանը, մյուս կողմից՝ ճանաչեն իրենց արմատները։ Ուզում էի այնպես անել, որ ինքնաճանաչման գործընթացն արագանա։ Կարծում եմ՝ սա նաև օգնում է աշակերտներիս՝ հաղթահարել հետպատերազմյան ընկճվածությունը»,– ասում է Արփինեն։

 

 

Արվեստանոցը երկրորդ անգամ փակվել է սեպտեմբերի վերջին՝ Արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում։ Փակվել է՝ պայմանականորեն, ուղղակի դադարել են կավագործության և նկարչության դասընթացները։ Փոխարենը՝ աշակերտների հետ քողարկող ցանցեր են գործել՝ առաջնագիծ ուղարկելու համար․

 

 

«Արենին սահմանապահ գյուղ է։ Պատերազմի ընթացքում մենք աշխատում էինք վախով։ Երևի հնարավոր վտանգն էր ուժեղ դարձրել մեզ։ Չեմ հերքի՝ պատերազմի ընթացքում փոխվել էր գյուղի առօրյան, բայց այդ ընթացքում ավելին եմ հասցրել սովորել, քան ապրածս 3 տասնամյակների ընթացքում: Այս ընթացքում ես և աշակերտներս օգնում էին միմյանց՝ հաղթահարել մեր տագնապներն ու վախերը»,– խոստովանում է նա։

 

 

Զուգահեռաբար, Արփինեն աշխատել է նաև Արցախից տեղահանված և ժամանակավոր կացարաններում ապաստանած երեխաների հետ։ Այդ ընթացքում է հասկացել, որ կանանց մասին կարծրատիպերը հնարավոր է կոտրել միայն աշխատանքով․

 

 

«Համաճարակն ու պատերազմը ցույց տվեցին, որ կանայք կարող են առանց հուզականության գործի անցնել, մոռանալ անձնական ցավերն ու դիրքորոշումները։ Թիկումքում կատարված աշխատանքի մեծ մասը կանանց և աղջիկների ձեռքում էր։ Սա նշանակում է, որ մենք ներուժ և պատրաստակամություն ունենք»,– ասում է Արփինեն։

 

 

Շուշանիկ Փափազյան

 

 

 

Դիտումների քանակը` 670

Գլխավոր էջ