Արփինե Հովհաննիսյան. «Քննադատությունների ճնշող մեծամասնությունը կատարվում է ուղղորդված և անարդար»
WomenNet.am-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ ընտրական ցուցակի 2-րդ հորիզոնականում ներկայացված Արփինե Հովհաննիսյանը:
–Այս արտահերթ ընտրությունները կարելի է համարել ֆորսմաժորային, սուր քննադատությունների, սև ու սպիտակի բաժանման պայմաններում կին գործչի համար անշուշտ որոշակի բարդություններ կան, մնալ և շարունակել պայքարը:
–Դժվար հարց եք տալիս, ինձ որևէ մեկը չի խոստացել, որ քաղաքականության մեջ պետք է փափուկ պայմաններում աշխատեմ, բայց այն իրավիճակը, որն այսօր ունենք, շատ ճիշտ ասացիք՝ ֆորսմաժորայի և սահմանային է։ Ես հուսով եմ, որ այն չի դառնա ավանդույթ Հայաստանի քաղաքական դաշտի համար և ոչ քաղաքական ուժերը, ոչ էլ հայ հասարակությունը չեն հարմարվի սև ու սպիտակի այս բաժանմանը։ Ես հուսով եմ, որ մենք կվերադառնանք բնականոն հուն, որտեղ կանայք կարող են գործել՝ առանց պիտակավորվելու իրենց սեռային պատկանելիության հատկանիշով։ Այդ ժամանակ մեր քաղաքական դաշտն ավելի առողջ կլինի, իսկ հիմա, դժբախտաբար, մենք խնդիր ունենք ընկալումների հետ։ Միշտ ամենաբարդը հենց ընկալումների դեմ պայքարելն է, իսկ հիմա այդ ընկալումն այն է, որ կնոջ դերը քաղաքականությունում չէ:
– Դուք այն կին գործիչներից եք, որոնք հետհեղափոխական Հայաստանում իրենց մաշկի վրա զգացին և հանրային ճնշումը, և սոցցանցերի օգտատերերի անհանդուրժողականությունն ու սուր քննադատությունները…
-Կարող եմ ասել, որ քննարկումների առարկա դարձել եմ շատ ավելի վաղուց՝ զգալով հանրային կարծրատիպերի բեռն իմ վրա նույնիսկ այն ժամանակ, երբ մեր քաղաքական ուժը եղել է իշխանություն, սակայն մուտք գործելով քաղաքականություն, դրան պատրաստ եմ եղել։ Պետք է անկեղծ լինեմ։ Հիմա, երբ սկզբունքայնությունը, համոզմունքը, հավատամքը պահպանելը բերում է քննադատությունների տարափի, բավականին բարդ է դիմակայելը։ Հատկապես բարդ է՝ հաշվի առնելով, որ այդ քննադատությունների ճնշող մեծամասնությունը կատարվում է ուղղորդված և անարդար։ Սակայն խնդիը միայն իմ անձը չէ։ Ցավալի է այն երևույթը, որ հայ հասարակության մեջ, որտեղ մշտապես գոնե խոսվում է բացառիկ արժեհամակարգի մասին կնոջը հարգելու առումով, կարող են լինել տղամարդիկ և նույնիսկ կանայք, ովքեր կարող են հայհոյել՝ ամենագարշելի բառապաշարը օգտագործելով։ Իհարկե հասկանում եմ, որ այս փուլում աննախադեպ շատ են ֆեյքերը, բայց այդ խմբաքանակի ետևում մարդ կամ մարդիկ են կանգնած` իրենց արժեհամակարգով կամ ավելի ճիշտ նորմալ արժեհամակարգի բացակայությամբ: Ու այստեղ առաջանում է հարց, թե արդյո՞ք այսքան ժամանակ մենք եղել ենք երեսպաշտ՝ խոսելով կանանց նկատմամբ հարգանքի մասին: Արդյո՞ք մենք հասել ենք այն կետին, որ քաղաքական իրողության փոփոխությունները կարող են թիրախ դարձրել բոլորին, ովքեր համարձակվում են բարձրաձայնել տարբերվող կարծիք: Սովորաբար, մարդկանց չպարպված բացասական հակումները դրսևորվում են սահմանային իրավիճակում, իսկ քաղաքական այս իրավիճակը սահմանային իրավիճակ է, երբ դրսևորվեցին շատ հատկանիշներ, այդ թվում՝ ցույց տրվեց, թե հանրությունն ինչպես է վերաբերվում այս կամ այն երևույթին և երկար ժամանակ իր կողմից դավանած արժեքն, ինչպես է գործնականում ի ցույց դնում:
–Դուք՝ որպես Արփինե Հովհաննիսյան, ի՞նչ ուղերձ ունեք ընտրողի համար:
-Լինենք ողջամիտ, փորձենք մեր ակնկալիքները դարձնել տրամաբանական և հասարակությունը չբևեռացնենք, այդ պայմաններում մենք կունենանք այն պետությունը, որին բոլորս ձգտում ենք, ՝ անկախ նրանից, իշխանություն ենք , թե ընդդիմություն: Իսկ մեր ընտրողին հորդորում եմ չվախենալ ու գնալ ընտրության ու արտահայտել իր մտահոգությունները:
-Դուք ՀՀԿ-ի համապետական ցուցակում 2-րդն եք, առաջադրվել եք նաև Լոռիում՝ թիվ 9 ընտրատարածքում: Ավանդաբար, ռեյտինգային ընտրակարգով տղամարդիկ են հաջողության հասել: Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում այն, որ մարզերում կարծրատիպերն ավելի խորն են, չե՞ք կարծում, որ կին գործիչներն, անկախ իրենց քաղաքական պատականելիությունից, ոչ հավասար պայմաններում են գտնվում տեղերում ծավալվող ընտրապայքարում…
-Ես կարծում եմ, ժամանակի ընթացքում բոլոր քաղաքական գործիչները, այդ թվում՝ կանայք կադապտացվեն ընտրական համակարգի առանձնահատկություններին, լինի դա բաց ցուցակով ընտրական համակարգը, կամ ինչպես ասում են ռեյտինգայինը, թե մեկ այլ։ Սակայն համակարգի առավելությունները ու թերությունները և դրանով պայմանավորված կանանց համար ստարտային պայմանների հավասար ապահովվածությունը կարող է լիարժեքորեն երևալ ընտրական մեկ-երկու ցիկլից հետո միայն։ Այս արտահերթ ընտրությունները լիարժեք ցիկլ համարվել չեն կարող, որովհետև որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչները, լինեն տղամարդ թե կին, դրան ադապտացված չեն: Այդ թվում նաև իշխող քաղաքական ուժի թեկնածուները, ովքեր բոլորը մեկ անձի ետևից եկողներն են, որովհետև կա Նիկոլ Փաշինյան՝ կան իրենք, չկա Նիկոլ Փաշինյան, չկան իրենք:
–Ինչու՞ որոշեցիք հրաժարվել ռեյտինգայինով քարոզարշավից …
-Համամասնական ցուցակի 2-րդ համարն եմ, ինչը նշանակում է, որ ցավոք սրտի, հնարավոր չէ ամբողջովին կենտրոնանալ ռեյտինգային ընտրակարգի էությունից բխող քարոզարշավի վրա: Բնականաբար կայցելեմ Լոռու մարզ, սակայն հնարավորություն չեմ ունենա այցելել Լոռու մարզի բոլոր բնակավայրերը, շփվել բոլորի հետ։ Որպես քաղաքական գործիչ ես պարտավոր եմ ազնիվ լինել իմ ընտորղների հետ և նրանց լիաարժեք տեղակատվություն տրամադրել իմ մտադրությունների և գործունեության վերաբերյալ։ Հենց այս հանգամանքի հաշվառմամբ է, որ կոչ եմ անում և խնդրում եմ Լոռու մարզի ընտրողներին քվեարկել ՀՀԿ համամասնական ցուցակի, իսկ ռեյտինգային ընտրակարգով` ոչ թե իմ, այլ Էդուարդ Շարմազանովի օգտին: Որպես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու և իսկական լոռեցի` իմ գործընկեր Էդուարդ Շարմազանովը շատ ավելի լավ է տիրապետում մարզի խնդիրներին և դրանց լուծման ուղիներին։
-Առաջընթա՞ց տեսնում եք կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության առումով՝ հաշվի առնելով, որ գործող օրենսդրությամբ սհամանված է թեկնածուների սեռերի 25/75 համամասնությունը:
-Կարծում եմ, եթե առաջընթացի ակնկալիք ունեիք, պետք է առաջին հերթին հայացքն ուղղեիք գործող իշխանության «Իմ քայլը» դաշինքին, ու եթե իրենք իսկապես ջատագովն էին նրա, որ յուրաքանչյուր երրորդը պետք է լինի կին, ապա կարող էին դե ֆակտո դա անել՝ չսպասելով օրենքի պահանջին: Եթե դա իրենց հավատամքն էր, ապա կարող էին այդ առումով օրինակ ծառայել: Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, ապա մեր ցուցակում մենք աշխատել ենք խստորեն պահպանել գործող օրենքի դրույթը, թեպետ կին թեկնածուների թիվը կուսակցության համապետական ցուցակում այս պահի դրությամբ 33% է:
Ասեմ, որ քվոտաների վերաբերյալ իմ դիրքորոշումը տարիների ընթացքում չի փոխվել: Հայաստանի նման երկրներում և մեր տիպի հասարակություններուոմ կանանց աջակցող միջոցների կիրառումը՝ որպես անցումային գործիք, դրական եմ համարում, բայց պետք է ինչ-որ պահի կանգ առնել և թույլ տալ , որ կանանց և բնականաբար, նաև տղամարդկանց հայտնվելը խորհրդարանում լինի արժանիքահեն, ոչ թե կինը հայտնվի խորհրդարանում, միայն նրա համար, որ կին է: Այդ մոտեցումը կարող է ապախթանել կանանց։ Սա կարող է հանգեցնել, այն վիճակին, որ կանայք դադարեն աշխատել իրենց վրա, որովհետև ուղղակի ինչ-որ կուսակցությունում ընդգրկված լինելը բավական կլինի խորհրդարանում հայտնվելու համար։ Այս առումով է, որ իմ վերաբերմունքը չի փոխվել։
Մ.Ղ.
Դիտումների քանակը` 1597