Արմինե Սարգսյան.  «Իմ  պարտականությունն է նպաստել սիրելի քաղաքի  զարգացմանը»

 

Սեպտեմների 29-ին Արտաշատում կայանալիք արտահերթ ՏԻՄ ընտրություններում ինքնաառաջադրված թեկնածու  Արմինե Սարգսյանը հավատացած է , որ կանայք , հատկապես կրթված կանայք, պետք է  ներգրավված  լինեն քաղաքական,  հասարակական  կյանքի կառավարման  ու զարգացման  գործընթացներում և նրանց ներգրավումը լավացնում է մարդկանց կյանքի որակը: Ասում է,  դեռևս  12-րդ դարում Մխիթար Գոշն է գրել, որ կրթված  կանայք  ցանկացած  հասարակության  համար  գանձ են, առավել ևս դա այդպես է 21-րդ դարում…

 

 

 

Արմինե Սարգսյանը ծնվել է Արտաշատ քաղաքումծառայողի  ընտանիքում: Հայրը  ֆինանսիստ էտնտեսագետ, մայրը՝  իրավաբան: Արմատներով վանեցի ու մշեցի  ծնողների ընտանիքում մշտապես  բարձր են  գնահատվել ազգային ավանդույթներն ու  մարդկային  բարձր արժեքները: Արմինեն հաճախ էր  ունկնդրում  ծնողների  ու  տարեց  բարեկամների պատմությունները  հայ  ժողովրդի անցած ուղու  մասին: Հավանաբար այդ  պատմություններն էլ կանխորոշեցին  նրա  հետագա  ուղին: Տեղի թիվ  4 դպրոցն ավարտելուց  հետո Արմինեն ուսումը  շարունակում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական  մանկավարժական  ինստիտուտի պատմաաշխարհագրական  ֆակուլտետի  պատմության  բաժնում: Ինստիտուտն ավարտելուց հետո առայսօր աշխատում է Արտաշատի ավագ  դպրոցում որպես  պատմության ուսուցչուհի:

 

 

 

 

Հարազատ քաղաքը սիրող,  նրա խնդիրներով  մտահոգ ու շրջահայաց բնակչի  համար ցանկացած  թերություն նկատելի է, իսկ  խնդիրներն Արտաշատում քիչ  չեն՝ անկանոն  կատարվող աղբահանության, ասֆալտապատման ու  լուսավորության, բնակելի  շենքերի մուտքերի ու  տանիքների  վերանորոգման,  կանաչապատման, թոփառող  շների չլուծվող խնդիրները  մշտապես եղել են Արմինե Սարգսյանի ուշադրության  կենտրոնում: Եվ  հետո, շփվելով աշակերտների ու նրանց  ծնողների  հետ քաջատեղյակ էր ընտանիքների սոցիալական վիճակին:

 

 

 

-Լինելով կին,  մայր, մանկավարժ ինձ միշտ  մտահոգել է Արտաշատ  քաղաքի պայմանները, որում ապրում են  մեր երեխաները,  այդ  թվում  նաև  իմ երկու դուստրերը, թե ինչպիսին է  լինելու  նրանց  կյանքը  խնդիրներով  լի  քաղաքում: Ուստի ես  մտածեցի, որ  իմ  պարտականությունը  միայն  Արտաշատի  մատաղ սերնդին կրթելը չէ, այլև իմ  գիտելիքներով և ունակություններով անմիջական  մասնակից  լինել  առկա  խնդիրների  լուծմանը, նպաստել սիրելի քաղաքի  զարգացմանը,-ասում է Արմինեն:

 

 

 

Նրա  համոզմամբ համայնքային  իշխանությունների ամենօրյա  հետևողական աշխատանքի արդյունքում կզարգանա համայնքը, իսկ համայնքի զարգացման առաջին  գրավականը բնակչի  կյանքի  որակի,  բարեկեցության ապահովումն է, չէ՞ որ  բնակիչը  մարդկային  այն  ռեսուրսն է, որով էլ զարգանում է քաղաքը,  հանրապետությունը: Համաչափ զարգացած ու հզոր  համայնքները  նաև ամուր  պետության  գրավականն են:

 

 

 

Արմինե Սարգսյանի  նախընտրական  ծրագրում կարևորվում են բնակիչների  հետ  մշտական  շփումների  միջոցով  քաղաքային  իշխանություն-բնակիչ  կապն առավել ամրապնդելու, բնակչի  ձայնը հասանելի դարձնելուն  միտված քայլերը: Վերոնշյալ  խնդիրներից  բացի  պակաս  կարևոր չեն  նաև բակերի բարեկարգումը,  ցայտաղբյուրների քանակի ավելացումն ու  խաղահրապարակների  կառուցումը:

 

 

 

Լինելով  մանկավարժ Արմինեն գտնում է, որ մատաղ սերնդի  կրթության  և դաստիարակության համար  միայն  գիտելիքները  քիչ են,  հարկավոր է  դրանք  համալրել  նաև բարոյական դաստիարակությամբ: Նա  որոշել է  քայլեր ձեռնարկել հասարակական աշխատանքերում  երիտասարդներին ու պատանիներին ներգրավելու ուղղությամբ: Դրանցից  են սոցիալապես անապահով  ընտանիքներին,  հաշմանդամություն ունեցող  մարդկանց  համար  կազմակերպվող հանգանակությունը, բազմաբնույթ միջոցառումները:

 

 

 

Արտաշատի  նախկին  գործող ավագանու աշխատանքը Արմինե Սարգսյանի  համոզմամբ տեսանելի չէ, եթե  գործ արվեր, ապա  խնդիրները համեմատաբար  քիչ  կլինեին: Ինչ վերաբերում է  ավագանու  կազմում  կանանց  ներգրավվածությանը, ապա  Արմինեն  գտնում է, որ ավագանու  կազմում  կանայք  պետք է  շատ  լինեն: Նա վստահ է, որ կանանց թվի ավելացմամբ բազմաթիվ  հարցեր  կլուծվեն, քանի որ  կանայք ավելի  շրջահայց ու  նպատակասլաց են,  նրանք  նկատում են անգամ ամենաչնչին  թերությունը, որը  տղամարդկանց  աչքից  վրպիում է, սրտացավ են, ու քաղաքի մաքրության, նրա զարգացման  համար մտահոգ են  ինչպես  սեփական  օջախի հանդեպ:

 

 

 

Ընտրություններում  կհաղթի՞, թե ո՞չ, կախված է  ընտրողի քվեից, սակայն Արմինեն համոզված է, որ մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը  նվիրված մանկավարժի  իր աշխատանքին քաջատեղյակ  ընտրողը այնուհանդերձ  կնտրի  իր խղճի մտոք: Ուստի  համաքաղաքացիներին հղած ուղերձում Արմինե Սարգսյանը նշում է.

 

 

 

-Սիրելի արտաշատցիներ,  ցանկացած  ընտրություն ազատ  կամարտահայտություն է,  ընտրությունների  միջոցով դուք  ընտրում եք իշխանության  կազմում  ձեր  ներկայացուցիչներին, ուստի ձեր  ճիշտ ընտրությունից  է  կախված, թե  ինչպիսին է  լինելու  բոլորիս  կողմից  սիրված քաղաքը,  հայրենի Արտաշատը, մեր  հայրենիքը: Հաջողություն  մաղթելով  բոլոր  թեկնածուներին, միաժամանակ  մաղթում եմ  մտքի պայծառություն  և արևշատություն: Թող Աստված պահի  պահպանի  Հայոց աշխարհն ու համայն  հայությանը…

 

 

 

Անուշ Ներսիսյան

 

 

Դիտումների քանակը` 1806

Գլխավոր էջ