Արմինե Պողոսյան. «Համայնքում լուրջ փոփոխություններ կատարելու համար պետք է լինել որոշում կայացնողների շարքերում»

 

Արմինե Պողոսյանը 2021թ.-ի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում   ավագանու անդամ է ընտրվել Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում: Ներկայացնում  է «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը: Ի դեպ, նորընտիր ավագանու 21 անդամներից 7-ը կամ մոտ 33 %-ը կանայք են:  

 

 

Արմինե Պողոսյանը 2018թ.-ից  «Լույսի կանչ» հասարակական կազմակերպության նախագահն է: Վերջին չորս տարիներին զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ: Ասում է՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել, երբ հասկացել է՝ համայնքում լուրջ փոփոխություններ կատարելու համար պետք է լինել որոշում կայացնողների  շարքերում:Այո որոշմանը հանգելուն նպաստել են նաև արցախյան 44-օրյա պատերազմն ու համագյուղացիների հորդորները:

 

 

– Պատերազմից հետո ամաչում էի, որ ապրում եմ: Մտածում էի՝ վերջ,  սա մեզ դաս է լինելու, որ ազգովի այլ կերպ ապրենք, բայց այդպես չեղավ: Մտածում էի՝  ավելի ազնիվ պիտի լինեմ, ավելի պայքարող, ավելի մտածող, որ գոնե այդ կերպ կարողանամ իմ ներդրումն ունենալ այս երկրի համար, որ գոնե այդ կերպ  փորձեմ իմ պարտքը հատուցել զոհված հերոսների առաջ…

 

 

  Երբ համայնքային տարբեր հարցերում բնակիչներին աջակցողից աստիճանաբար դարձա կազմակերպող, համախմբող, շատերը սկսեցին հորդորել, որ անպայման մասնակցեմ առաջիկա ՏԻՄ ընտրություններին:Չնայած նրան, որ ես համայնքային շահի համար էի պայքարում,  համայնքապետն  ու համայնքապետարանն ինձ ոչ միայն չէին աջակցում, այլև հաճախ նաև խանգարում էին: Այդ պատճառով էր նաև, որ ես չէի կարողանում լիարժեք հաջողել իմ նախաձեռնություններում:Եկավ մի պահ, որ  հասկացա՝ ես չեմ հաջողում, որովհետև լծակ չունեմ:Ու որոշեցի անպայման մասնակցել ընտրություններին:

 

 

 ՏԻՄ ընտրություններին մասնակցող  երեք ուժերից էլ նախընտրական ցուցակներում ընդգրկվելու  առաջարկ ստացա: Երկար մտածելուց հետո որոշեցի մասնակցել «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ցուցակով, սակայն ակուսակցականի կարգավիճակով:

 

 

– Ո՞րն է Ձեր և Ձեր թիմի առաջիկա 5 տարիների տեսլականը և որո՞նք են լինելու  Ձեր առաջիկա  քայլերը՝ ուղղված  այդ տեսլականի իրականացմանը:

 

-Մեր տեսլականն է՝ համայնքը զարգացնել տարբեր ուղղություններով՝ առաջնորդվելով  համայնքների միջև հավասարություն պահպանելու  սկզբունքով: Մեր ծրագրային դրույթներից է  համայնքում սոցիալական ձեռնարկությունների հիմնմանն ուղղված  աջակցության ծրագրերի իրականացումը, ինչը շահավետ կլինի թե՛ բնակիչների, թե՛ համայնքի համար:

 

 

Փորձելու ենք դրամաշնորհային ծրագրեր ներգրավել համայնքային տարբեր խնդիրների լուծման համար: Աշխատելու ենք համայնքի երիտասարդների ակտիվացման ուղղությամբ,  նրանց ներուժն օգտագործելով  նաև համայնքի զարգացման հարցում:

 

 

-Ըստ ձեզ, որո՞նք են համայնքային կարևորության առաջնահերթ լուծում պահանջող  խնդիրները համայնքի կանանց համար և ի՞նչ քայլեր եք նախատեսում Ձեր համայնքում կանանց ձայնը լսելի դարձնելու ու նրանց կողմից բարձրաձայնվող խնդիրները լուծելու համար:

 

 

– Արաքսում ընդունված է ջերմոցային տնտեսություններով զբաղվելը: Այս առումով համայնքի կանանց  գերակշիռ մասն ինքնազբաղված է: Կարծում եմ, մեր համայնքի կանանց համար առաջնային է տարբեր հզորացման ու զարգացման ծրագրերի իրականացումը, որպեսզի նրանք իրենց ավելի վստահ զգան: Իմ նպատակը համայնքի կանանց համար հզորացման, բիզնես նախագծերի կազմման, տարաբնույթ ծրագրերի ու հնարավորությունների մասին տեղեկացվածության  բարձրացմանն ուղղված  դասընթացների անկցկացումն է:  

 

 

 Առաջիկայում համայնքապետին կից ոլորտային հաձնաժողովներ կստեղծվեն: Նախ պետք է քարտեզագրենք համայնքների կանանց թիվը, կարգավիճակը, կրթական ցենզը, հմտությունները, որպեսզի կաողանանք  հասկացալ, թե հատկապես  ի՞նչ ծրագերում ներգրավվելու անհրաժեշտություն կա:

 

 

  -Ինչպիսի՞ աշխատանք եք ակնկալում ներկայիս ավագանու կողմից: Կկարողանա՞ արդյոք այս ընտրակարգը լինել արդյունավետ ՏԻՄ մակարդակում, թե քաղաքական շահերը կխանգարեն:

 

 

-Մինչ այսօր որևէ կուսակցական մոտեցում չեմ նկատել, կարծես ավելի շատ ձևական բնույթ է կրում այդ կուսակցականացումը: Այժմ,  երբ համայնքը խոշորացված է, ամենատարբեր խնդիրներով 13 բնակավայր է ներառում, ավագանին ստիպված է լինելու ավելի շատ  աշխատել: Ես, օրինակ, օրական 4-5 ժամ կարդում եմ: Եվ եթե ես ինչ-որ կերպ հասցնում եմ, փորձում եմ կարդալ, տեղեկանալ,  շատերի համար  բարդ է լինելու ավագանու աշխատանքը հիմնական աշխատանքի հետ համատեղելը: Մտավախություն ունեմ, որ ավագանու անդամների  մի մասը նիստերին մասնակցելու է ուղղակի՝ ձեռք բարձրացնելու համար, առանց կարդալու, առաց տեղեկանալու օրակարգային հարցերին:

 

 

 -Ինչպե՞ս եք ապահովելու ավագանի-բնակիչ արդյունավետ կապը ներկայիս բազմաբնակավայր համայնքի ձևավորման պարագայում:

 

 

-Արդեն նստավայր ունենք, ընդունելության օրեր կան: Քանի որ ինձ նախկինում ևս՝ մինչ ավագանի դառնալս էլ,  մարդիկ անընդհատ տարբեր հարցերով դիմում էին,  կարծում եմ, հիմա նույնպես այդ ակտիվ կապը կպահպանվի: Բնակիչների հետ կապը պետք է փորձենք  ամրապնդել նաև սոցիալական ցանցերի,  համայնքի ֆեյսբուքյան էջի միջոցով:

 

 

Ես ինքս պետք է հետևողական լինեմ, որ տարբեր համայնքներից ներգրավված ավագանու անդամներով ակտիվ աշխատենք, որպեսզի մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրանա:

 

 

-Որքանո՞վ  արդարացրեց իրեն համամասնական ընտրակարգը՝ ՏԻՄ-երում  կանանց ներգրավվածության  բարձրացման առումով:

 

 

-Կարծում եմ, շատ բանիմաց կանայք դուրս մնացին այս ՏԻՄ ընտրություններից, որովհետև կամ քաղաքական ուժերի կազմում ներգրավվելու առաջարկներ չստացան,  կամ ուղղակի ցանկութուն չունեցան այս կամ այն քաղաքական ուժի կազմով մասնակցելու ՏԻՄ ընտրություններին: Հատկապես այն համայնքներում, որտեղ մեկ կամ երկու կուսակցություն էր առաջադրվել, շատ կանայք ուղղակի հայացքների ոչ մի ընդհանրություն չգտան ու  չցանկացան  մտնել որևէ քաղաքական ուժի  ցուցակ, որպեսզի  այդ ուժի նկատմամբ վերաբերմունքը չտարածվի նաև իրենց վրա:   Եղան նաև  կանայք, ովքեր առաջադրվեցին  զուտ քվոտայով նախատեսված տեղերը լրացնելու համար: Ձևական առաջադրվելու պատճառով էր նաև,  որ մենք այդքան մեծ թվով ինքաբացարկներ ունեցանք կանանց կողմից:

 

 

Այս ամենի արդյունքում ստացվեց,  որ համամասնական ընտրակարգը մասամբ արդարացրեց, որովհետև նաև այդ քվոտայի ապահովման պահանջի շնորհիվ էր, որ շատերս ընդգրկվեցինք ավագանու կազմում: Գուցե եթե այդ քվոտավորման պահանջը չլիներ, իմ կամ մյուս կանանց մասին չհիշեին էլ: Այդ առումով քվոտավորված համամասական ընտրակարգն իրապես աջակցեց կանանց:

 

 

-Կնպաստի՞ արդյոք այս ընտրակարգը կանանց իրական ակտիվացմանը ՏԻՄ   մակարդակում:Ի՞նչ կփոխի կանանց թվի ավելացումը ավագանու աշխատանքում:

 

 

– Կնոջ ներկայությունն ինքնին մթնոլորտ է փոխում և կանանց մասնակցությունը ՏԻՄ կառավարման հարցում շատ բան կարող է փոխել: Կանայք ավելի պարտաճանաչ են, երևույթներին շատ ավելի  բազմակողմանի են նայում, ավելի հետևողական են ցանկացած հարցում, կանանց ներկայությամբ զգաստանում են նույն միջավայրում աշխատող  տղամարդիկ:

 

 

Ճիշտ է, ընտրված  կանանց զգալի մասն անփորձ է, որոշները՝ ակտիվ չեն, բայց կան նաև ակտիվները: Աշխատանքի ընթացքում կանայք փորձ ձեռք կբերեն, որոշները՝ կակտիվանան ու գուցե առաջիկա հինգ տարիների ընթացքում այնքան աճեն,  որ հաջորդ ընտրություններին ավելի համարձակ առաջադրվեն ու ավելի ակտիվորեն  ներգրավվեն քաղաքական գործընթացներում:      

 

   

                                                                                     Գայանե Սարգսյան

 

 

Հ..Գ. Անցած  տարվա դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում  Արաքս համայնքում  ավագանու 21 մանդատները բաժին են հասել երեք քաղաքական ուժերի։ «Զարթոնք» խմբակցությունն ունի 6 անդամ, որոնցից 2-ը կին են։ «Հանուն Հանրապետության պաշտպանների դաշինք»-ն  ունի 6 անդամ, 2-ն են կին։ «Քաղաքացիական պայմանգիր»-ն ունի 9 անդամ,  որից 3-ը կին են։ Ընդհանուր առմամբ,  ավագանու 21 անդամներից 7-ը կամ մոտ 33 %-ը կանայք են։ Մինչ խոշորացումը Արաքսի կազմի մեջ մտնող համայնքների  ավագանին ունեցել է 74 անդամ, որից 8-ը կամ մոտ 10 %-ն են  եղել կանայք։

 

 

 

Դիտումների քանակը` 1288

Գլխավոր էջ