Արմինե Մանուկյան. «Այսօր անվտանգության հետ կապված մտահոգություններն են գերակայում»
Արցախյան պատերազմի օրերին Սյունիքի մարզն առաջինն էր, որ ընդունեց արցախցի փախստականներին, աջակցեց նրանց, իսկ որոշների համար դարձավ մշտական բնակության վայր: Արցախի զգալի մասի կորուստը զրկեց շատերին թե՛ տնից, թե՛ ապրուստից, թե՛ ապագայից: Սյունիքի մարզի Կապան համայնքի մաս կազմող Շրվենանց գյուղը ևս բացառություն չէր՝ Հադրութից, Քաշաթաղից նաև այստեղ էին շտապում պատերազմ տեսած մեր հայրենակիցները, սակայն, ցավոք, նրանցից ոչ բոլորը երկար կարողացան մնալ, իսկ թե ինչո՞ւ՝ WomenNet.am-ի հետ զրույցում ներկայացրեց Շրվենանց գյուղի վարչական ղեկավար Արմինե Մանուկյանը:
2005 թվականից տիկին Մանուկյանն աշխատում է տեղական ինքնակառավարման մարմիններում, իսկ 2017 թվականից համայնքի վարչական ղեկավար է: Քաջատեղյակ է բոլոր խնդիրներին ու առավելություններին, այս տարիների ընթացքում շատ խնդիրների է բախվել և փորձել լուծումներ գտնել: Սակայն այդ խնդիրներից շատերն արդեն իսկ հանեցրեցին նրան, որ գյուղը հետզհետե լքեցին երիտասարդները… Այսօր անվտանգության հետ կապված մտահոգություններն են գերակայում, քանզի հայտնի չէ, թե ինչ է լինելու ապագայում: Պատմում է, որ պատերազմի առաջին իսկ օրվանից արցախցիներից բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել, մարդիկ ցանկանում էին գյուղ գալ բնակվելու, բայց, ցավոք, այն խնդիրները, որոնց հետ համայնքի բնակիչները ուզած-չուզած հարմարվել են, խոչընդոտ դարձան արցախցի այդ ընտանիքների համար.
«Առաջնային խնդիրն այն է, որ մեր գյուղը չունի դպրոց և մենք չէինք կարող ապահովել երեխաների դպրոց հաճախելու հարցը: Այդ պատճառով Հադրութից, Քաշաթաղից չկարողացանք ընդունել ընտանիքներ»,- ասաց նա: Հարց է առաջանում՝ իսկ գյուղի երեխաները որտե՞ղ են հաճախում դպրոց:
Պարզվեց, որ գյուղի դպրոցը փակվել է խոշորացումից դեռ 11 տարի առաջ՝ 2010 թվականին, երբ գյուղն ունեցել է ընդամենը մեկ աշակերտ: Փակվելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Կապան: Այսօր գյուղում չորս երեխա ունեցող ընտանիք կա, դպրոց չկա և ծնողը ստիպված երեխաներին տանում է Ոխտար համայնքի դպրոցը, որը Շրվենանցից 5 կմ հեռավորության վրա է գտնվում: Դե իսկ մանկապարտեզի մասին խոսելը, հասկանալի է, լրիվ անիմաստ է՝ չկա ու առաջիկայում դժվար էլ լինի.
«Այդ ընտանիքը նոր է տեղափոխվել մեր համայնք, նաև իմ թոռնիկն է, բայց թոռնիկիս արդեն մի ամիս է տեղափոխել ենք Կապան քաղաք: Հարևան գյուղերում կան դպրոցներ, իսկ կոնկրետ մեր դպրոցը վերանորոգելը կամ վերաբացելը շատ մեծ ծախսերի հետ է կապված և մենք հասկանում ենք, որ հիմա այդ հարցով զբաղվելը ավելի է դժվարացել: Համայնքապետարանը տեղյակ է խնդրից, զբաղվել է այդ հարցով, բայց վրա հասած կորոնավիրուսը, հետո նաև արցախյան պատերազմը խանգարեցին: Բարերար էինք գտել, որը պատրաստ էր աջակցել դպրոցը վերականգնելու հարցում, բայց հիմա դրա ժամանակը չի… տեսնենք մեկ էլ երբ»,- նշեց նա:
Այդուհանդերձ, թեև գյուղը չի կարողացել ընդունել արցախցի փախստականներին, բայց անմասն չի մնացել գործընթացներից և աջակցել է հնարավորության սահմաններում: Տիկին Մանուկյանը նշեց, որ պատերազմի օրերին, երբ Դավիթ Բեկ համայնքում կրակոցներ էին ու անհանգիստ իրավիճակ էր, համայնքն ընդունել է մի երիտասարդ ընտանիքի, որոնց ապահովել են բնակության վայրով և այլ անհրաժեշտ ամեն ինչով: Աջակցել են նաև նրանց, ովքեր անասունների համար արոտավայրի խնդիր են ունեցել: Բացի այդ, թեև գյուղը փոքր է ու հիմնականում թոշակառուներ են բնակվում, բայց անգամ նրանք բոլորը իրենց մասնակցությունն են ունեցել՝ գյուղով գումար են հավաքել ու փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմանդրամին.
«Մոտավոր 45 հազար դրամ ենք փոխանցել, ու թեև քիչ է, բայց մենք մեր մասնակցությունն ունեցանք այդ գործում, այլ կերպ չէինք կարող»,- ասաց մեր զրուցակիցը:
Շրվենանցը սահմանամերձ չէ, բայց անվտանգության հետ կապված մտահոգություններ շատ ունեն: Ասում է՝ բոլորս էլ հասկանում ենք, որ այսօր մեր անվտանգությունը երաշխավորված չէ, մտահոգ ենք հատկապես Կապանի սահմանների հետ կապված խնդրով, և այդ զգացողությունն ավելի է սրվում, երբ, օրինակ, գնում ես Շիկահող համայնք ու ճնապարհին ադրբեջանական դրոշը տեսնում.
«Մենք հասկանում ենք, որ ապրում ենք մի իրողության մեջ, երբ պետք է սադրանքների չտրվենք, զգոն լինենք: Խորհրդային միության տարիներին ես տեսել եմ ադրբեջանցուն, որ ապրում էր Կապանում, 1988-ի շարժումն եմ տեսել, մասնակից եղել: Հարևանն այսօր նույնը չի, ատլությամբ է լցված, և մենք էլ ի պատասխան դրան չափազանց զարգացրել մեր պաշտպանական բնազդը… Հենց այդ պատճառով է, որ անհանգստությունը, ընդ որում՝ արդարացի անհանգստությունը, բոլորիս մոտ էլ կա, մեր ուղեկիցն է: Այս իրավիճակում ճիշտ քայլեր ու մոտեցումներ են պետք»,- ընդգծեց նա:
Արմինե Մանուկյանը հույս ունի, որ ընդհանուր իրավիճակը էլ ավելի չի սրվի և մարդիկ ստիպված չեն լինի մտածել գյուղը լքելու մասին: Այսօրվա դրությամբ, շեշտեց նա, նման մտադրություններ բնակիչները չունեն, բայց թե ինչ կլինի հետո՝ Աստված գիտի…
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 2147