Աշխատանք, որ անսահման ուժ էր հաղորդում և վստահություն. Արմինե Կարապետյան

25–ամյա Արմինե Կարապետյանը անգլերենի թարգմանիչ է, սակայն պատերազմի ողջ ընթացքում կամավոր ուսուցչությամբ է զբաղվել Արցախից տեղահանված երեխաների հետ․

 

 

«Պատերազմի առաջին մի քանի օրը փորձում էի հասկանալ, թե ինչ կարող եմ անել։ Չեմ կարող ասել, թե պատրաստ էի ուժերի գերլարումով աշխատել, որովհետև բառացիորեն օրեր առաջ պարտվել էի հորս կյանքի համար հիվանդության դեմ մղվող անձնական պատերազմում։  Պատերազմի սկզբում մտածում էի որևէ աշխատանքով օգնել երեխաներին։ Նախ որոշել էի դասավանդել անգլերեն, սակայն հասկացա, որ դպրոցական առարկայի դասավանդման նոր մեթոդները կարող են երեխաներին նոր սթրեսի ենթարկել։ Ընկերուհիս այդ ժամանակահատվածում կավագործության դասեր էր անցկացնում։ Հոկտեմբերի առաջին շաբաթվանից հաճախ լինում էի իր մոտ և սովորում հմտություններ, որոնք կօգնեն երեխաներին կավագործություն սովորեցնել։ Ինքս չգիտեի, թե երբ պատրաստ կլինեմ, երբ մի օր ընկերուհիս հասկացրեց, որ առանձնանալու ժամանակն է։ Ինձ համար շատ բարդ ընթացք սկսվեց»,– պատմում է Արմինեն։

 

 

Երեխաների հետ դասընթացները կազմակերպելու համար տարածք գտնելու խնդրանքով Արմինեն բազմաթիվ կազմակերպությունների և արվեստի կենտրոնների է դիմել, սակայն ապարդյուն։ Պատերազմի ավարտից ավելի քան կես տարի անց էլ փորձում է դրա համար արդարացումներ գտնել, բայց չի կարողանում․

 

 

«Հոկտեմբերի վերջին ընկերներից մեկը պատրաստակամություն հայտնեց իր հյուրատուն–սրճարանի տարածքը տրամադրել մեր դասընթացների համար։ Ես, հիմնականում, հատուկ ստեղծված խմբերում մանրամասն գրառումներ էի կատարում և թողնում հեռախոսահամարս։ Եղել են դեպքեր, երբ ինքս եմ կապ հաստատել ծնողների հետ և առաջարկել իրենց երեխաներին կավագործություն սովորեցնել։ Շաբաթական 3-4 դաս էի անցկացնում, և շուտով դասընթացների նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծացավ, որ սկսեցի աշխատել երկու խմբերով՝ յուրաքանչյուրում 10-15 աշակերտ»,– հիշում է նա։

 

Արմինեն ասում է, որ դասընթացների մեկնարկից մեկ ամիս անց աշակերտների և նրանց ծնողների հետ փոքր ընտանիք էին դարձել, որտեղ յուրաքանչյուր ցավ և ուրախություն  իրար հետ էին կիսում․

 

 

«Խմբերում շուտով ներառվեցին նաև ծնողները, ովքեր օգնում էին իրենց երեխաներն և ընթացքում հմտանում։ Նրանց շարքում մի ընտանիք կար, որի հայրը վիրավորում էր ստացել մարտի ընթացքում և Երևանում բուժում էր անցնում։ Լուրջ վիրավորում ստացել էր աջ ձեռքից, սակայն դա չէր խանգարում նրան ձախ ձեռքով, երեխայի օգնությամբ պատրաստել կավե արձանիկ և նուռ»,– ասում է Արմինեն ու խոստովանում՝ դրանցից մի քանիսն իր հետ տարել է աշխարհի մյուս ծայրը՝ Նեպալ, որտեղ այսօր ժամանակավոր ապրում է։

 

 

Արմինեն ասում է, որ երեխաների հետ աշխատանքը նման է ինքդ քեզ հետ առերեսվելուն։ Հատկապես անձնական կորստից հետո, ըստ Արմինեի, երեխաների հետ աշխատանքն իրեն անսահման ուժ էր հաղորդում և վստահություն, որ փորձությունները հաղթահարելի են․

 

 

«Իմ կամավորության ընթացքում հասկացա, որ երեխաների հետ աշխատանքը թևաթափ չլինելու միակ հնարավորությունս է։ Այժմ ինձ մոտ է երեխաներիցս մեկի աշխատանքը, որը նախատեսված էր իր հոր համար։ Դա կավից ափսե է՝ երեխայի հոր անունով փորագրված։ Կարծես, սա ինձ սթափվելու կարողություն է տալիս։ Երեխաների հետ աշխատանքը սովորեցրեց ինձ ուրախություն տեսնել ամենաչնչին բաների մեջ․ ես տեսնում էի երեխաների, ովքեր հաճույք էին ստանում թաց կավին դիպչելուց, ձեռքերը կավով շփելուց։ Կարծես ականատես էի փոքր ուրախությունների՝ դառնության և ցավի միջից»,– ասում է նա։

 

 

Այժմ՝ Նեպալում, Արմինեն շարունակում է կապ պահպանել իր աշակերտների հետ։ Խոստովանում է՝ մինչև օրս էլ անհանգստանում է նրանցից յուրաքանչյուրի համար, հատկապես նրանց, ովքեր վերադառնալու տեղ այլևս չունեն․

 

 

«Անցնելով այս պատերազմի միջով, որն ինձ համար դեռ ավարտված չէ, ես կարևորել եմ մարդկանց ունակությունը՝ թևաթափ չլինելու։ Ահռելի թվով կանայք ամեն օր աշխատում էին, և վստահ եմ, բոլորն էլ կոծկել են անձնական ցավերը։ Ես չեմ վախենա ասել, որ հիացած եմ կանանցով, ովքեր հստակ գիտեին՝ այլևս չէին վերադառնալու իրենց տուն, բայց իրենց երեխաներին ատամներով հետ են պահել պատերազմի դառնությունից։ Իրենց երեխաները խնամված ու կերակրված էին։ Սա անասելի ուժ է, երբ ամուսինդ առաջնագծում է, իսկ դու պայքարում ես միայնակ»,– ասում է Արմինեն։

 

 

Շուշանիկ Փափազյան

 

 

 

Դիտումների քանակը` 984

Գլխավոր էջ