Արմենուհի Առաքելյան. «Համավարակի դեմ պայքարում պետք չէ կորցնել զգոնությունը»

-Նախորդ տարվա մարտի մեկից, երբ Covid-19 վարակ ունեցող մարդկանց հետ կոնտակտավորները սկսեցին տեղափոխվել Ծաղկաձորի հյուրանոցներ, մեր քաղաքը, կարելի է ասել, դարձավ փակ քաղաք,- պատմում է Ծաղկաձոր քաղաքի ավագանու անդամ Արմենուհի Առաքելյանը, իսկ միջանձնային հարաբերությունները տեղափոխվեցին on-line  կամ հեռախոսային տիրույթ:

 

 

Սկզբում նոր կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը խուճապ և վախ էին առաջացրել մարդկանց մի մասի մոտ, մյուսներն էլ ընդհանրապես չէին հավատում, որ «կորոնավիրուս» կոչված վարակիչ հիվանդությունը իրականում գոյություն ունի, ուստի մարդկանց երկու խնբին էլ պետք էր ճիշտ ուղղորդել, հենց այս նպատակով էլ Արմենուհին ձեռնարկել է իր համայնքի բնակիչներին իրազեկելու և տեղեկացնելու միջոցառումներ: Դրան օգնեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ միասին համայնքում իրականացվող կանանց կարիքների գնահատումը:

 

 

– Այնպես ստացվեց, որ ծրագրի սկիզբը համընկավ կարանտինի հետ և բնականաբար սկսեցինք աշխատել on-line: Ծրագրի շրջանակում  հանդիպում կազմակերպեցի քաղաքի ակտիվ 37 կանանց հետ,  մասնակիցներից մեկն էլ Ծաղկաձորի ամբուլատորիայի բժշկուհին էր, նա եղել էր հիվանդների մոտ և մեզ ներկայացրեց նոր կորոնավիրուսի ախտանշանները,  նա սովորեցրեց ինչպես կարելի է Covid-19 գրագետ պաշտպանվել: Իսկ ծրագրի յուրաքանչյուր մասնակից իր հերթին պետք է իր ստացած գիտելիքները և տեղեկությունը փոխանցեր իր ընտանիքի անդամներին, ծանոթներին, և այդպիսով իրազեկումը ծավալվեց ամբողջ Ծաղկաձորում,- ասում է Արմենուհին:  

 

 

  

Եթե ուզում ես հաջողություն ունենաս համավարակի դեմ պայքարում, համոզված է զրուցակիս, ապա այդ պայքարի մեջ պետք է ներգրավված լինեն հասարակության բոլոր շերտերը և տարիքային բոլոր խմբերը: Դպրոցահասակ երեխաներին էլ պետք է ունենեն ճիշտ ինֆորմացիա և կարողանան պաշտպանվել և դրսում, և դպրոցում .

 

 

-Հաջորդ հանդիպումը կազմակերպել եմ դպրոցում, բոլոր դասարանների  ծնողկոմիտեների հետ, խոսել եմ համավարակի թեմայի շուրջ, այս քննարկման յուրաքանչյուր մասնակիցն էլ իր հերթին  պետք է խոսեր իր երեխայի դասարանի ծնողների հետ, նրանց տեղեկություններ տար վարակի ախտանշանների և ճիշտ պաշտպանվելու մասին, իսկ այդ ծնողներն էլ, իրենց ստացած գիտելիքները պետք է կիրառեին իրենց կենցաղում և տարածեին իրենց շրջապատում. Մասնակցել եմ նաև Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում Քովիդի համաճարակային կանոնների վերաբերյալ ծրագրին և մասնակիցներին փոխանցել եմ այն գիտելիքները, որոնք ձեռք եմ բերել իմ կազմակերպած միջոցառումների ժամանակ և մեր բժշկուհու հետ մշտական քննարկումների արդյունքում, – պատմում է նա:  

 

 

Նրա խոսքով,  մինչև սեպտեմբեր ամիսը Ծաղկաձորում նույնիսկ մեկ Covid-19-ով վարակված հիվանդ չեն ունեցել:

 

 

-Քաղաքը շատ լավ էր ախտահանվում, նույնիսկ շենքերի մուտքերն էին  ամեն առավոտ մանրակրկիտ մշակվում ախտահանիչ լուծույթներով: Մարտ ամսին, քաղաքապետարանը քաղաքի բնակիչներին տրամադրել է ալկոգելեր և դիմակներ, անգամ բերել են բաժանել տներում` քանի անձ եղել է այդ ընտանիքում,  այդքան պաշտպանիչ միջոցներ է տրամադրվել: Ես բաժանել եմ մեր շենքի բնակիչներին: Անգամ դիմակները և ալկոգելերը  բաժանել հենց փողոցներում` բոլոր անցորդներին: Ցավոք  սեպտեմբերից հետո շատ հիվանդներ ենք ունեցել: Պատերազմի օրերին, երբ բոլորս միայն Արցախի համար էինք մտածում, թուլացավ համավարակի դեմ պայքարը, և այդ պատճառով վարակման դեպքեր շատ ունեցանք  քաղաքում,- պատմում է նա,- կորուստները, փառք աստո, շատ չէին` ընդամենը երկու հոգի, 86 և 89 տարեկան հիվանդները ցավոք չկարողացան հաղթահարել հիվանդությունը, – պատմում է նա: 

 

 

Պատերազմի օրերին Արմինեն եղբոր հետ միասին օգտագործելով իրենց հնարավորությունները ներգրավել են ամբողջ համայնքի բնակիչներին և օգնել առաջնագծում կռվող զինվորներին և Արցախի բնակչությանը.

 

 

-Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հոկտեմբերի 4-ին եղբայրս, որպես վարորդ զինկոմիսարիատի կողմից գնաց Ստեփանակերտ, – պատմում է նա,-  այնտեղ նա տեսավ, որ շատերը դուրս են եկել տներից և պատսպարվել անտառներում, օգնության կարիք ունեն նաև մեր զինվորները, պետք է ասեմ եղբորս որդին էլ ժամկետային զինծառայող էր` առաջնագծում հրետանավոր:  Վերադարձավ տուն,  խորհրդակցեցինք, հասկացանք ինչի կարիք ունեն, այդ պահին և որոշեցինք մեր հնարավորությունների չափով օգնենք:  Եղբայրս իր ընկերների հետ գումար հավաքեցին, անգամ եղբորս արտասահմանում ապրող ընկերներն են գումար ուղարկել, իսկ ես ընկերուհիներիս հետ  միասին տաք ծածկոցներ, հագուստներ,  վերմակներ, ներքնակներ էինք հավագում, դասավորում և ծանրոցներ պատրաստում: Առաջնագիծ տանելու համար գնել ենք նաև  գազաբալոններ, հաց, փոխնորդ սպիտակեղեն և այլ անհրաժեշտ իրեր: Եղբայրս իր ընկերների հետ միասին անձամբ են տարել այս ամենը  դիրքեր, որտեղ որ կարողանում էին հասնել, հացն էլ բաժանում էին անտառներում պատսպարված մարդկանց: Ամբողջ պատերազմի ընթացքում այսպիսի ծանրոցներ  6 անգամ տարել են առաջնագիծ:

 

 

 

Պատերազմի օրերին Ծաղկաձորում 3000-ից ավել արցախցի է ապաստան գտել:  Հիմա հյուրանոցներում են ապրում այն ընտանիքները, որոնց տները մնացել են ադրբեջանցիներին: Մի քանի արցախցիների հետ հանդիպել, խոսել եմ, նրանք ասում են, եթե Ստեփանակերտում կացարաններ պատրաստ լինեն կգնան այնտեղ: Իսկ հիմա կանանցից մի քանիսը հյուրանոցների խոհանոցներում են աշխատում, մյուս մասի համար էլ բարեգործ-անհատի կողմից բացվել է կարի արտադրամաս, որտեղ աշխատում են միայն  արցախցի կանայք` ժիլետներ են կարում:  

 

 

 

Արմենուհին  նշում է, որ ճիշտ է նոր կորոնավիրուսով վարակման դեպքերը քչացել են, բայց վարակը չի վերացել, իսկ մարդիկ կարծես թե կորցրել են իրենց զգոնությունը.

 

 

-Այս պահին հանգստացողներ շատ ունենք, այսօր շրջում էի քաղաքում և նկատեցի, բացի չնչին բացառություններից, ոչ ոք դիմակ չի կրում,- պատմում է Արմենուհին,- հավանաբար  հյուրերը քաղաքը  ընկալում են զուտ որպես հանգստի գոտի և անհոգ հանգստանում են, չգիտեմ, բայց մտադրություն կա մի ծրագիր սկսել, ձեռք բերել կարի մեքենաներ և դիմակներ կարելու համար անհրաժեշտ  պարագաներ, որպեսզի կարողանանք մի քանի կանանց հետ դիմակներ կարել և բաժանել  հյուրանոցներում, դպրոցներում, զբոսաշրջիկներին, մանկապարտեզում, նույնիսկ տներում: Միգուցե այսպիսով ստիպեմ մարդկանց պահել իրենց զգոնությունը:  Որպեսզի Հայաստանի համար այս դժվարին պահին քովիդից մահացության նոր դեպքեր չունենանք:

 

 

 

                                                                                       Կարինե Պետրոսյան

 

 

 

Դիտումների քանակը` 1413

Գլխավոր էջ