Օգնության ձեռք Հալեպում մնացած հայերին

Հայաստանում ապաստանած սիրիահայերը փորձելու են սեփական ուժերով տարհանել Հալեպում մնացած հայերին:   «Ազատություն»  ռադիոկայանի հաղորդմամբ  առայժմ քննարկում են հնարավոր կոնկրետ քայլերն ու առաջիկա ամիսներին նյութապես աջակցելու հնարավորությունները։

 

Սիրիայում ապրող հայերը սոցցանցերի միջոցով շարունակում են աջակցություն խնդրել պատերազական գոտուց իրենց տարհանելու հարցում։ «Ազատության» հետ հեռախոսազրույցում Հալեպում բնակվող Հրանուշ Առաքելյանն ասաց, որ անցած գիշեր ևս Հալեպի քրիստոնյաներով բնակեցված թաղամասերը ուժգին հրթիռակոծությունների են ենթարկվել, իրենց տունը վերջնականապես ավերվել է։ Հրանուշն ամուսնու հետ այժմ հարևանների տանն է բնակվում․ – «Ուզում եմ գամ [Հայաստան], փող չունեմ, հոգիս: Դրամ չունեմ, որ կարանամ հասնեմ Հայաստան: Էս պստիկին ազատեմ, ես էլ ազատվեմ: Ամբողջ մարմինս դողում ա, այլևս չեմ դիմանում․․․»

 

Անցած 4 տարիների հակամարտությունը Հալեպում գրեթե հողին է հավասարեցրել նաև քրիստոնեական թաղամասերը։ Ավերակների մեջ, առանց սննդի, ջրի ու էլեկտրականության կյանքը շարունակող հայերից շատերը չեն ուզում ապրել մահվան ամենօրյա վտանգի տակ, բայց գումար չունեն հեռանալու։ Համայնքի ուժերով ձևավորված Սիրիահայերի օգնության միությունը այսօր էլ շարունակում է սննդով, հագուստով ու անհրաժեշտ այլ պարագաներով ապահովել նրանց։

 

Սիրիական պատերազմի պատճառով երեք տարի առաջ Հայաստան տեղափոխված Հրայր Ակվիլյանն ուշադրությամբ հետևում է սոցցանցերում սիրիահայերի հարցով ծավալվող քննարկումներին։ «Ազատության» հետ զրույցում Հրայրն ասում է, որ արդեն օգնության բազմաթիվ խնդրանքներ է ստացել։ Նա հավատացրեց, որ ամեն օր խնդրանքով իրեն դիմում են՝ «մեզի այստեղեն հանեցեք», «մենք փող չունենք», «մենք հնարավորություն չունենք»:  Ակվիլյանի փոխանցմամբ՝ Սիրիայում մնացած հայերն ասում են, որ իրենց կյանքը վտանգված է․ – «Աղաչանքները, որ ինձի կգան, իսկապես սոսկալի են․․․ Տասը րոպե առաջ նամակ կարդացած եմ, որ մարդը կարծես դժոխքեն եկած է»: Հրայրն ամեն օր հետևում է Հալեպից ստացվող լրահոսին։ Ասում է, որ այնտեղ ապրելն այլևս անհնար է, հայրենակիցների կյանքին իրական վտանգ է սպառնում:

 

 

Հայաստանի կառավարությունը, որն անցած տարիներին ընդունեց սիրիահայերին, նյութական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերեց ու շարունակում է օգնության ծրագրերը, առայժմ կոնկրետ քայլեր չի ձեռնարկել հալեպահայերին տարհանելու ուղղությամբ։ Ինչպես  «Ազատություն» ռադիոկայանին մեկնաբանեց  Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը,  քանի դեռ Հալեպի հայ համայնքը որոշում չի կայացրել, իրենք որևէ քայլ չեն ձեռնարկի։

 

Հալեպի  Հայոց առաջնորդարանի բանբեր  Ժիրայր Ռեիսյանը, երկու շաբաթ առաջ ասել էր,  որ  համայնքը պատասխանատու է իր գաղութի զավակների դժվարությունները լուծելու հարցում, իսկ ովքեր ուզում են դուրս գալ, իրենք են պատասխանատու իրենց որոշման համար։ Իսկ  «Ազատության»  հարցին, թե հեռանալու մտադրություն ունեցողներին համայնքը կարո՞ղ է դրամական օգնություն ցուցաբերել, նա պատասխանել էր․ – «Համայնքը քաղաքը պարպելու կամ համայնքը լուծարելու աշխատանքի մեջ չէ: Համայնքը պահելո՛ւ աշխատանքի մեջ է»:

 

Մինչդեռ Հրայր Ակվիլյանը՝ նշելով, որ մեծ հարգանք է տածում Ռեիսյանի նկատմամբ,  կարծում է, որ  եկել է  իրականությունը տեսնելու ժամանակը. « Երազով չապրենք: Մենք ամեն գնով հայ գաղութը պիտի պահենք․․․ Շատ լավ: Եթե հայ գաղութը պիտի պահեք, խաղաղ երկրի մեջ, որ տեղ հնարավորություն կա, որ կյանքը շարունակվի: Բայց ոչ թե պիտի պահենք Սուրիո պես, մանավանդ Հալեպի պես տեղ մը․․․ Ես կկարծեմ, որ այլևս այդ երազային Հալեպը չպիտի վերադառնա»:

 

Հրայն ու նրա մի խումբ ընկերները, հույսը կտրելով Հայաստանի կառավարությունից ու Հալեպի համայնքային կառույցներից, որոշել են սեփական նախաձեռնությամբ աջակցել պատերազմի մեջ ապրող հայրենակիցներին՝ Հալեպից դուրս գալու ու Հայաստան տեղափոխվելու հարցում։ Առայժմ քննարկում են հնարավոր կոնկրետ քայլերն ու առաջիկա ամիսներին նյութապես աջակցելու հնարավորությունները։

 

Հիշեցնենք, որ սիրիահայերին տարհանելու խնդրանքին Հայաստանի կառավարությունն նաև արձագանքել էր, թե կաջակցի դուրս բերել երեխաներին ու դպրոցականներին։ Համացանցում շատերը ողջունելով այս նախաձեռնությունը՝ միևնույն ժամանակ շեշտում են, որ առանց ծնողների երեխաներին դուրս բերելը ճիշտ չէ։

 

Հայաստանաբնակ օգտարերերից մեկն էլ հետևյալ առաջարկն է անում․ – «Թող գան Հայաստան, ամեն ընտանիք մի հալեպահայ ընտանիքի հոգ կտանի: Տանիք կունենան, խաղաղ կլինեն: Մենք բոլորս, կարծում եմ, պարտաստ ենք օգնելու»:

 

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի   հաղորդումների

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

Հալեպի հայերը Հայաստանի իշխանություններից աջակցություն են խնդրում

 

Սիրիայում մարդասիրական աղետ է

 

 

Դիտումների քանակը` 3918

Գլխավոր էջ