«Լիլոյի կողքը մի տղամարդ չպիտի լինի, նույնիսկ որձ թռչուն»…

Երեկ Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած դեպքից հետո, երբ Արգամ Հովիկյանը 3-ամյա երեխայի էր պատանդ վերցել, գործունեությունը ժամանակավոր կասեցվել է:  Մեր այցելության պահին մանկապարտեզը փակ էր, այնտեղ ոստիկաններն էին հսկողություն իրականացնում, գրում է «Առավոտ»-ի լարագրող Նելլի Բաբայանը ՝ ներկայացնելով  մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանի պատմած  մանրամասները  միջադեպից ու իր թոռնուհու՝ Լիլիթի ու նրա նախկին ամուսնու՝ պատանդառուի մասին:  

 

Տիկին Ռոզայի պատմելով՝ երբ Արգամ Հովիկյանը ներս էր մտել մանկապարտեզ, երեխաների մի մասին ծնողները տուն էին տանում, մի մասն էլ՝ 3 տարեկանների խումբը, դեռ ճաշում էին՝ «Դա որ մտավ ներս, երեխեքը փլավ էին ուտում: Էրեխեքի կեսին, լավ է, ծնողները տարել էին: Թոռս՝ Լիլիթը մեր մանկապարտեզում դաստիարակ է աշխատում, Մանկավարժականի 5-րդ կուրսում է սովորում: Սա մտել էր ու Լիլիթիս ասել՝ պիտի գաս հետս: Լիլոս էլ ասել էր՝ չեմ գա: Սա հարձակվել էր, ձեռը գցել մազերից ու քաշել, աստիճաններով տարել, որ հանի դուրս: Էրեխես ձեռքը գցել էր ճաղավանդակներից բռնել ու գոռացել: Էդ պահին ես խոհանոցից դուրս եկա, տեսնեմ էրեխես գոռում ա: Դա էլ մի ձեռով Լիլիթիս ա բռնել, մի ձեռով էլ խանչալը վզին էր դրել Լիլոյի, թե՝ վիզդ կկտրեմ, պիտի գաս: Դե հետո էդ խանչալը գցեց երակները փրթեց»:

 

Տիկին Ռոզայի պատմելով՝ երբ նախկին փեսան թոռանը բռնել էր, եւ սպառնում էր, մանկապարտեզի աշխատակիցները հաջողացրել են սաներին դուրս հանել, այդ պահին Արգամ Հովիկյանը ձեռքը գցել է ու իր մոտով դուրս փախչող 3 ամյա փոքրիկին բռնել, որն էլ մի քանի ժամ պատանդ էր մնացել Հովիկյանի մոտ: Այդ ընթացքում Լիլիթի հորեղբայրն է ներս մտել ու Լիլիթին Հովիկյանի ձեռքից ազատել: «Էդ 3 տարեկան էրեխու հերն երեկ ստեղ էր, էդ ժամանակ խեղճի ուշքը 2 անգամ գնաց: Բա վախեցել էր, միակ էրեխեն էր: Հետո ոստիկանները շրջապատեցին դրան: Լիլիթին ոստիկաներն ասեցին՝ զանգի ասա՝ քեզ սիրում եմ, կգամ հետդ, Լիլիթս զանգեց՝ ասաց, էրեխեն ասում էր՝ նա հայհոյում էր: Նույնիսկ Լիլիթին ներս տարան Արգամի մոտ, որ համոզի, ասի՝ սիրում եմ, որ էրեխուն բաց թողնի, էլի չընդունեց: Էդ Արգամն ասում էր՝ էս երեխուն պիտի մորթեմ, որ ամբողջ կյանքումդ մռմռաս, էս էրեխու մեղքը քո վրա լինի»,-պատմեց տիկին Ռոզան:

 

 Լիլիթի տատի պատմելով՝ Արգամը Լիլիթին փախցրել էր վարսավիրանոցից դուրս գալիս, իրենք համաձայն չէին, որ նրանք ամուսնանային. «Տեգրս մահացել էր, մենք խառն էինք, որ հաջողացրեց փախցնել էրեխուս: Հետո որ եկան բարիշելու, ես որ դրա վիճակը չտեսա՞, ասեցի՝ մամա ջան, էս ուր ենք հասել, էդի կաղ, 36 տարեկան, իմ Լիլոս 22 տարեկան, սիրուն: Որ փախցրել էր, հերը զանգեց ասաց՝ Լիլիթ, գամ քեզ հետ բերեմ: Բայց էդ Արգամի բերանը նենց լեզու կա, մագնիսի պես ուղեղը քաշում ա, աֆերիստ ա: Նա վախեցրել էր Լիլոյին, ասել էր՝ հետ գնաս՝ քեզի կփախցնեմ, հորդ կվնասեմ: Էրեխեն վախեցավ, ասեց՝ ջհանդամ, մնում եմ, մենակ թե հորս բան չանի»: Տիկին Ռոզայի պատմելով, նրանք պաշտոնապես ամուսնացած չեն էլ եղել, բայց Լիլիթը փորձում էր տուն-տեղ դնել, ընտանիք ստեղծել ու երբեք տատուն չի էլ բողոքել իր կյանքից. «Ինձ բան չէր ասում, գիտեր, որ դա սրտովս չի: Բայց մորը բողոքում էր: Ուզում էր հետ գար, հերն ասել էր՝ գնացել ես՝ պիտի հարմարվես, ապրես, անունդ մի գցի, դե թասիբի հարց էր: Էդ ընթացքում Լիլոյին չի ծեծել, բայց շատ էր լինում, որ խմած էր տուն գնում: Ուղղակի չէր աշխատում, պարտքեր էր վերցնում: Լիլիթի «կալցոն» էլ գրավ էր դրել, հետո Լիլիթս գնաց հանեց, էլի եկավ մատից հանեց տարավ ծախեց: Էրեխու անունով վարկ էր վերցրել 1.5 միլիոն դրամի, թե ինչի վրա էր ծախսել, չգիտենք: Մի օր էլ, անցյալ տարի էր, էրեխուս հետ մտել էինք բանկ, մեկ էլ էրեխուս ասին, որ ձեր հաշիվը կալանքի տակ է: Լիլոս ցնցվեց, ու ասեց՝ էս վերջն ա, ես էլ հետ գնամ: Հերն եկավ տուն տարավ Լիլոյին: Էդ Արգամն էլ միշտ ինձ էր մեղադրում, թե ընտանիքը քայքայել եմ, որովհետեւ ճիշտն երեսին ասում էի՝ չէր աշխատում, խմում էր, սաղիս «քցել էր»:

 

 Տղու հերն էլ մի օր ասաց՝ բա տունը ծախեց, փողերը տարավ լցրեց ապարատների մեջ: Վարձով են ապրում: Երեկ հերը ստեղ գնում-գալիս, խփում էր գլխին»: Ամուսնալուծությունից հետո էլ, տիկին Ռոզայի պատմելով՝ Արգամը Լիլիթին հանգիստ չէր թողնում, սպառնալիքներով հաղորդագրություններ էր ուղարկում Լիլիթին: Տատի պատմելով՝ «Ահաբեկում էր, էրեխուն վախեցնում էր, «sms» էր գրել՝ «դու քեզ վերացրու, թե չէ՝ ես քեզ կվերացնեմ: Գրել էր՝ «հիշում ես՝ Արմավիրում ամուսինը կնոջը սպանեց, նայի էդ օրը չընգնես, նույն ձեւ քո հետ չվարվեմ»: Հորն էլ էր վախեցնում»:

 

 Տիկին Ռոզայի վստահեցմամբ՝ իրենք մշտապես դիմել են ոստիկանություն՝ մեկ կեղծ փաստաթղթերի առթիվ, մեկ՝ ծեծի ու սպառնալիքի.«Մի անգամ դա եկել էր մեր տուն, տղայիս հետ կռվեցին, գիշեր էր, զենք էր հանում, որ կրակեր տղուս վրա: Ոստիկանություն կանչեցինք, բան չարեցին: Էդ ժամանակ ինձ էլ վնասել: Դատախազին էդ ժամանակ՝ օգոստոսին, ասեցի՝ ինչո՞ւ չեք ձերբակալում, զենքը հանել էր, որ խփի, սպասում եք էդ մարդը մի վատ բան անի՞: Դատախազն ասել էր՝ փաստերը հիմնավոր չեն, ու գործը կարճեցին: Երեկ նույն դատախազը այստեղ էր, ասեցի՝ սրա՞ն էիք սպասում, հիմա փաստերը հիմնավո՞ր են: Մենք ամեն անգամ ոստիկաններին էինք դիմում, դա երեւի գնում էր դրանց հետ լեզու գտնում, բան չէին անում: Սա պիտի լիներ, Արգամն ասում էր ՝ «ես իմ վերջին վատությունն անելու եմ, ես կորցնելու բան չունեմ: Լիլոյի կողքը մի տղամարդ չպիտի լինի, նույնիսկ որձ թռչուն էլ պիտի չերեւա»:

 

 Նշենք, որ Ռոզա Վարդանյանն էլ երեկվա միջադեպից տուժել է, Հովիկյանը հասցրել է դանակով վնասել նրա պարանոցն ու ականջը: Իսկ նրա թոռը՝ Լիլիթն այժմ հիվանդանոցում է, Հովիկյանը դանակով վնասել է նրա ձեռքի ջլերն ու նյարդաթելերը: Ինքը  Հովիկյանը ոստիկանական գործողությունների ընթացքում ինքնավնասվել է, որի հետո տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Դիտումների քանակը` 2963

Գլխավոր էջ