Արման Թաթոյան. «Յոթ-ութ տարեկան աղջիկները խաղում են բակում, ճանապարհի մյուս կողմում Ադրբեջանի զինվորականներն են»․..
«Կին ու երեխա են անցնում իրենց պապիկի հետ, մեկ էլ տեսնում են ադրբեջանցի զինվորականները զենքով կանգնած են․ սա բավարար սադրա՞նք չէ։ Ինձ համար բավարար է անգամ, եթե բերել են իրենց «բարի գալուստ» գրառումով ցուցանակն են դրել։ Ինչի՞ են բերել «բարի գալուստ Ադրբեջան դրել», մի հատ էլ Հայաստանի տարածքը, Զանգեզուրի տարածքը ներկայացրել Ադրբեջան։ Սա էլ է սադրանք։ Ընդ որում խմբերով են հայտնվում, զենքի ցուցադրությամբ։ 7-8 տարեկան աղջիկները խաղում են բակում, ճանապարհի մյուս կողմում Ադրբեջանի զինվորականներն են», – այս մասին է ասել հունվարի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Ասուլիսը կայացել էր իր Սյունիք կատարած գործուղումից հետո, որի ընթացքում Թաթոյանը բազմաթիվ խնդրահարույց դեպքեր է բացահայտել սահմանների որոշման գործընթացի հետ կապված: Նրա խոսքով, այս իրավիճակի պատճառը սահմանների որոշման գործընթացում մեխանիկական մոտեցումների կիրառումն է, ինչի հետևանքով կոպտորեն խախտվել են խաղաղ բնակչության սեփականության իրավունքները և ուղիղ սպառնալիքի տակ են հայտնվել մի շարք իրավունքներ, այդ թվում՝ կյանքի իրավունքը։
Օրինակ, Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ գյուղը ճանապարհով բաժանվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչի հետևանքով գյուղի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի տունն ու անասնագոմը ևս բաժանվել են երկու մասի։ Առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ Մովսիսյանի տան բակում տեղակայված է Հայաստանի սահմանապահ զորքերի վերակարգը։ ՄԻՊ-ը հարց է բարձրացնում, թե այս դեպքում Մովսիսյանն ինչպե՞ս է օգտվելու իր իրավունքներից։
Թաթոյանն ընդգծեց, որ սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ մեխանիկական մոտեցումներով : « Այս գործընթացում տարբեր տեսակի քարտեզներ են կիրառվում, դրանց մեջ որպես գլխավոր կիրառվողներ՝ նշվում են GPS կամ Google քարտեզի համակարգը։ Google-ն, ինչպես հայտնի է, մասնավոր կազմակերպություն է» , – ասաց Թաթոյանը՝ նշելով, որ իրենք ուսումնասիրություններ են կատարել, և պարզվել, որ այլ մասնավոր կազմակերպությունների քարտեզներում, օրինակ՝ Apple-ով, Yandex քարտեզով, Շուռնուխ գյուղը ամբողջությամբ հայկական է երևում։
Նրա դիտարկմամբ, բացի ֆիզիկական, հոգեկան անձեռնմխելիության խնդիրներից՝ սահմանների բաժանումը մի շարք այլ խնդիրներ է առաջացնում, կան բազմաթիվ չկարգավորված հարցեր։
«Խնդիր ունենք Կապանից դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ գյուղերը տանող ճանապարհի հետ, ընդ որում՝ այդ ճանապարհը այնքան կարևոր է, որ, ըստ էության, երակի նման կենսական նշանակությամբ կապում է մեր գյուղերը Կապանին: Այդ ճանապարհով երբ բարձրանում ենք, մի քանի տեղ դարձյալ ադրբեջանական դրոշներ են: Ըստ էության՝ դրանք ադրբեջանական տարածք են համարվում, որովհետև դրոշներ են տեղակայված, և իրենց զինված մարդիկ են այնտեղ․ ինձ համար դա է չափանիշը»,- ասաց Արման Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ այցեր է իրականացրել Տեղ խոշորացված համայնքի գյուղեր՝ Խոզնավար, Խնածախ, ինչպես նաև Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրը, Կապանից՝ Ագարակ և այլն, և մեխանիկական մոտեցումների պատճառով հայտնվել են ուղիղ սպառնալիքների ներքո, վտանգված են խաղաղ բնակչության կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, ինչպես նաև այլ իրավունքները։ Այցեր կատարվել են նաև Գեղարքունիքի մարզ, և այստեղ ևս նմանատիպ խնդիր է արձանագրվել։
Տեղի ունեցած գործընթացների հետևանքով խաղաղ բնակիչները ոչ միայն զրկվել են սեփականությունից, սեփական ապրուստը հոգալու, այլ նաև տնտեսական գործունեության հնարավորությունից։ Արման Թաթոյանը նշեց, որ այժմ ադրբեջանական համարվող տարածքում մնացել են հողամասեր, հողատարածքներ և սեփական տներ, որոնց սեփականության վկայականները տրվել են Խորհրդային Հայաստանի մարմինների կամ Հայաստանի անկախ մարմինների կողմից տարբեր ժամանակահատվածներում։
Թաթոյանը նշեց, որ Հայաստանի այն քաղաքացիները, որոնք սահմանային բաժանումների հետևանքով ստիպված են եղել լքել իրենց տներն ու նրանց բնակարանի հարցը չի լուծվել, նրանք, որոնք ունեն անվտանգության խնդիր, իրավունք ունեն դիմելու դատական, այդ թվում՝ միջազգային պաշտպանության։
Նշենք, որ օրերս ՄԻՊ-ը նաև հրապարակել է նոր արտահերթ զեկույց, որը վերաբերում է Ադրբեջանում գերիների՝ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ վերաբերմունքին։
Զեկույցում հատուկ շեշտադրվում է, որ Ադրբեջանում նրանց հարցաքննությունների վրա՝ եզրահանգելով, որ հայկական կողմի գերիների հայտնած տեղեկությունները չեն կարող որևէ հիմք ծառայել նրանց նկատմամբ քրեական հետապնդման համար, ինչպես նաև չեն կարող ունենալ որևէ ապացուցողական նշանակություն միջազգային կառույցներում:
Մասնավորապես, արտահերթ զեկույցը ներկայացնում է ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները, որոնք ուղեկցվել են հայկական կողմի գերիներին խոշտանգելով, գործողություններ անել հարկադրանքով, նվաստացնելով և այլն: Այս փաստերը հիմնված են զեկույցում բերված ապացույցների ու վերլուծությունների վրա, ինչը ևս մեկ անգամ հաստատում է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերիների նկատմամբ միջազգային բացարձակ պահանջներով արգելված մեթոդների կիրառման մասին:
Զեկույցի գնահատականները հիմնված են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի սեփական փաստահավաք աշխատանքների վրա: Բացի այդ, ուսումնասիրվել են ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերմունքի և նրանց հարցաքննության հետ կապված միջազգային պահանջները և իրավական չափանիշները, օբյեկտիվ բնույթի ապացույցներ ու այլ նյութեր:
«Արտահերթ զեկույցն իմ ստորագրությամբ վաղը կուղարկվի միջազգային կառույցներին, այդ թվում` Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Թաթոյանը և շնորհակալություն հայտնել իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին զեկույցը կազմելու ու ապացույցների վերլուծության հարցում համատեղ աշխատանքի ու արժեքավոր աջակցության համար:
Դիտումների քանակը` 1158