«Թորքի դուխը չի հերիքի, գա Ղարաբաղը վերցնի»…/ տեսանյութ

Երբ ոտք ես դնում Ստեփանակերտ, անմիջապես ասում են. «Բա չգնա՞նք մի հատ Ժինգյալով հաց ուտենք, դե, Ղարաբաղի Ժինգյալն ուրիշ է, էլի՜»: Մի քանի ամիս առաջ, երբ կրկին Արցախում էի, նույն ցանկությունը մեջս արթնացավ: Ծանոթներիցս մեկը մատանցույց արեց Ստեփանակերտի ամենահամով ժինգյալով հաց պատրաստողի տեղը: Զանգահարեցինք այդ համարով, և տիկինը արցախցուն բնորոշ համ ու հոտով, գեղեցիկ բարբառով բացատրեց իր գտնվելու վայրը, վերջում էլ չմոռացավ նշել. «Պալա Քոչարյանենց փողոցի վրա ենք, մատա՛ղ» (նկատի ուներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին.-խմբ):

 

Ծնունդով ստեփանակերտցի Ռիտա Պետրոսյանին քաղաքում գրեթե բոլորն են ճանաչում, քանի որ ամենահամով ժինգյալով հացը հենց նա է պատրաստում: Չնայած մենք գնացել էինք ժինգյալով հաց առնելու, բայց մեր այսպես ասած առևտուրը վերածվեց զրույցի, որն էլ հետո դարձավ նյութի թեմա:

 

Պատերազմի դժվարին տարիներին տիկին Ռիտան րոպե անգամ չի մտածել հայրենի քաղաքը լքելու մասին:

 

«Ընտանիքով մնացել ենք Ստեփանակերտում. ամուսինս կռվում էր ճակատում, ես էլ թիկունքն էի պահում:  Կռվի տարիներին ապրում էինք այն հույսով, որ մի օր Արցախը լինելու է ազատ ու անկախ, ու մեր հույսերն արդարացան,- ասում է տիկին Ռիտան ու արագ-արագ վառարանից հանում հերթական ժինգյալով հացն ու ավելացնում,- մեր աշխարհի նման ոչ մեկը չունի, չկա մի երկիր, որի հետ կարող եմ Արցախը համեմատել»:

 

Տիկին Ռիտան ասում է, որ 22 տարի առաջ իր աչքի առջև ռմբակոծվում էր սիրելի քաղաքն ու ավերվում, սակայն այսօր էլ իր աչքի առաջ Ստեփանակերտը շենանում է ու վարդի նման բացվում:

 

Զրուցակիցս լսել անգամ չի ուզում տարածքների վերադարձի մասին խոսակցությունները. «Թորքը էդքան դուխ չունի, որ ասի` քինամ Ղարաբաղը վերցնեմ:  Չի կարա, մեր հայոց բանակը, մեր ուժն ո՞վ ունի»:

 

 

Արմինե Գեւորգյան

Դիտումների քանակը` 4912

Գլխավոր էջ