Արաքսյա Ստեփանյան. «Երբ պատրաստ ես քո ողջ ներուժը ներդնել ի նպաստ ծննդավայրիդ»

 

Սեպտեմբերի 29-ին  Արտաշատում կայանալիք  ՏԻՄ ընտրություններին առաջադրված յոթ կին թեկնածուների թվում է  Արաքսյա Ստեփանյանը, ով առաջին անգամ է մասնակցում ընտրություններին, իսկ իրեն առաջադրած «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության համար սա թվով երկրորդ ընտրություններն են, որոնց  մասնակցում է 2016 թվականին ստեղծված  այս քաղաքական ուժը:

 

 

Արաքսյա Ստեփանյանը մասնագիտությամբ իրավաբան է,  մինչ կուսակցության անդամ դառնալը  աշխատել է հասարակական տարբեր կազմակերպություններում։ Ասում է, այդ գործունեության ընթացքում է ձևավորվել  քաղաքականություն մտնելու գաղափարը:

 

 

 

-Ինչպե՞ս որոշեցիք դառնալ կուսակցական:

 

-Երկար տարիներ կուսակցության հիմնադիր նախագահի հետ հասարակական ակտիվ գործունեություն ենք ծավալել, այնուհետև, երբ  2016 թվականին ձևավորվեց քաղաքական ուժը՝ «Հանուն սոցիալական սրդարության» կուսակցությունը, անդամակցել եմ  դրան ի սկզբանե, կարելի է ասել հենց կուսակցության ակունքներում եմ եղել։

 

 

-Նախկինում մասնակցե՞լ եք ընտրություններին:

 

-Քաղաքականությամբ միշտ հետաքրքրված եմ եղել և անցկացված տարբեր ընտրություններում հանդես եմ եկել որպես անկախ դիտորդ, սակայն որպես թեկնածու երբևէ առաջադրված չեմ եղել։ Սա իմ առաջին փորձն է։

 

 

-Ինչպե՞ս կայացրեցիք որոշումը մասնակցել ընտրական գործընթացներին, արդյոք Ձեր ընտանիքը դեմ չէր:

 

-Իմ հարազատ քաղաքում հասարակական գործունեություն ծավալելու ընթացքում ականատես եմ եղել բազում խնդիրների և, ի վերջո, եկա այն եզրահանգման, որ պետք է ներգրավված լինեմ քաղաքական կյանքում, որպեսզի առկա խնդիրները համակարգված լուծում ստանան։  Իսկ  ընտանիքիս անդամները դեմ չեն եղել իմ որոշմանը, ընդհակառակը՝ ես ունեմ նրանց մեծ աջակցությունը։

 

 

–Ի՞նչն է, որ առաջնահերթ լուծում է պահանջում Արտաշատում և որպես ավագանու անդամ Դուք պատրաստվում եք բարձրաձայնել:

 

– Արտաշատում առկա են խնդիրներ, որոնք տարիների ընթացքում դարձել են գերխնդիր և դրանց լուծումն օրհասական է։ Դրանցից են, օրինակ, աղբահանությունը, երկրորդական փողոցների լուսավորությունը, երիտասարդների ներգրավածության ակտիվացումը մշակութային կյանքում, շենքերի մուտքերի լուսավորության, մաքրության, անվտանգության, բարեկարգման ապահովումը եւ նման շատ այլ խնդիրներ, որոնց լուծումն, իմ կարծիքով, կբարելավի իմ հարազատ քաղաքի բնակիչների առօրյան։  Այս  բոլոր խնդիրներն էլ պետք է բարձրաձայնվեն, քանզի դրանցից յուրաքանչյուրն առաջնահերթ լուծման կարիք ունի։

 

 

-Ինչպե՞ս կգնահատեք  կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին:

 

-Մեր երկրում կանանց ակտիվությունը միշտ էլ նկատելի է եղել տարբեր ոլորտներում։ Այդ թվում նաեւ քաղաքական։ Գալիս է մի տարիք, երբ հասկանում ես, որ պատրաստ ես քո ողջ ներուժը ներդնել ի նպաստ ծննդավայրիդ։

 

 

-Արդյոք կարծրատիպերը, թե քաղաքականությունը կնոջ տեղը չէ, վերջնական վերացել են մեզանում, թե՞ դեռ ունենք անելիք:

 

-Իմ կարծիքով այդ կարծրատիպերն արդեն վաղուց արդիական չեն։

 

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 1991

Գլխավոր էջ