Գայանե Խաչատրյանի «Apricot» -ը՝ նոր հույսերի և հնարավորությունների հարթակ

Gayane-Vanadzor

Դեռ  երկու տարի առաջ մասնագիտությամբ  տնտեսագետ Գայանե Խաչատրյանը Վանաձորից՝ ոգևորված իր հիմնադրած «Apricot» ՍՊԸ-ի արտադրանքի վաճարքից, որոշեց  ընդլայնել  տեսականին՝ ներգրավելով նոր աշխատակիցների: Նոր գաղափարի հիմքում հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքով ապահովելու ցանկությունն էր:

 

apricot-1

 

Գայանեի խոսքով Վանաձորում  շատ  մարդիկ  կան, ովքեր թեև ունեն  տեղաշարժման  խնդիր, սակայն զուրկ  չեն ստեղծագործական ձիրքից և մեծ  պատասխանատվությունից,  պարզապես  նրանց տանից դուրս  գալու հնարավորություն  և առիթ  է  պետք: Կազմակերպության  գլխավոր աշխատուժը  հաշմանդամություն ունեցող մարդիկ են, ովքեր ունեն  ձեռքի շնորհք և  հասարակությանն  օգտակար լինելու  ձգտում:

 

abricort-3

 

Ամեն  օր նրանք  շտապում են աշխատանքի, արագ  տեղավորվում են  իրենց  աշխատասեղանների շուրջ ու կենտրոնանում այս  կամ այն  զարդեղենի հղկման,  մշակման  վրա,  մեկ-մեկ էլ  կատակում են,  ծիծաղում: Սա նրանց երկրորդ  ընտանիքն է, որտեղ  բոլորը  հավասար են, հարգում են  մեկմեկու և ընդունում վարպետի խորհուրդն ու նկատողությունը:

 

abricot-12

 

Գայանեն  պահանջկոտ է,  բայց ոչ խստապահանջ.

 

-Իմ  նպատակն է աշխատանքով  ապահովել  հաշմանդամություն  ունեցող  մարդկանց: Հայկական էսքիզներով ձևավորված փայտե հուշանվերներ, արծաթյա  զարդեր, ահա այն  տեսականին, որոնք  ստեղծվում են նրանց  երևակայության  և վարպետության  շնորհիվ,- ասում է  Գայանեն:

abricot-5

 

Սակայն «Apricot» -ի արտադրանքի տեսականին միայն հուշանվերներով ու զարդերով  չի սահմանափակվում: Գայանեն իր աշխատանքում  ներգրավում է  նաև  սահմանամերձ համայնքների  կանանց, ովքեր սեզոնին  հավաքում են հայկական  դեղաբույսեր, որոնք  էլ  հետագայում սովորական թեյերին  իրենց  համային  և բուժական  հատկանիշներով  գերազանցող ու  նաև փայտե  և կավե գեղեցիկ փաթեթավորմամբ մեծ  պահանջարկ են  վայելում շուկայում, հատկապես  զբոսաշրջիկների  շրջանում:

 

abricot-10

«Apricot»  ՍՊԸ-ի բրենդի հաջողության  գործում  Գայանեն կարևորում է  նաև  գործընկերների՝ Վահե Դերձյանի և Ադա  Էնֆիաջյանի ներդրումը, ովքեր իր  հետ միասին ձևավորում  են արծաթյա զարդերի և  հուշանվերների նրբաճաշակ դիզայնը:

abricot-9

 

Գայանեի խոսքով Վանաձորում իրենց  արտադրանքի պահանջարկը  չկա, սակայն Երևանի քաղաքապետարանում, Հյուսիսային  պողոտայում  երբեմն  կազմակերպված  ցուցահանդես-տոնավաճառներում  հաճախ կարելի է  հանդիպել այցելուների ուշադրությունը  գրավող «Apricot»-ի արտադրանքին: Իսկ երբ վաճառքը հաջող է անցնում, կարելի է  նաև մոռանալ դրան   հասնելու համար  հաղթահարած բոլոր դժվարությունները: Իսկ  դրանք  քիչ չեն:

abricot-11

-Այն, ինչի հասել ենք, , հասել ենք  առանց որևէ  մեկի աջակցության՝  սեփական  ուժերով, թեև  նման առաջարկ  չի էլ եղել: Վաճառքից ստացված շահույթը բավարարում է  միայն  հումքի, աշխատավարձի և տրանսպորտային  ծախսերի վճարման համար: Պատահել է, որ վարկ եմ վերցրել  աշխատավարձը վճարելու համար, ես  չեմ  կարող  մարդկանց սպասեցնել տալ, այդ  պահին  պետք է տեսնել  նրանց  հպարտ ու կենսուրախ դեմքերը, որ կարողանում են  ինչ-որ բանով օգնել  իրենց  ընտանիքներին,  ինքդ էլ ես  լավ զգում: Այդ  վարկով նաև հումք եմ  գնել, որ աշխատանքը  կանգ  չառնի: Հումքի՝  փայտի հայթայթումը նույնպես  ծախսատար է, սակայն  գտնվում են  մարդիկ, ովքեր  իրենց  հողամասում  կտրած  ծառը բերում են  մեզ,  իմանալով թե  ում  և ինչի համար է: Ցանկանում եմ  նոր  սարքավորումներ  ձեռք  բերել, -ոգև որված շարունակում է Գայանեն, ում դեմքից  ողջ զրույցի ընթացքում ժպիտն անպակաս էր…

 

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 4104

Գլխավոր էջ