«Աշխատել շատ։ Ստեղծել շատ։ Կրթվել շատ։ Սիրել շատ». ապրելու և ապրեցնելու բանաձևը
Հասմիկի ու Մարգարիտայի ընտանիքներն Արցախից տեղահանված այն հազարավոր ընտանիքներից են, որոնք 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրեցին իրենց հայրենիքը: Ինչպե՞ս են նրանք ապրում այսօր… Ասում են՝ գրեթե ամեն օր հիշում են իրենց տունը, բակի ծառերը, ծաղիկները, դպրոց, վանք տանող ճանապարհը… Հադրութի, Շուշիի, Բերձորի ու կորսված այլ բնակավայրերի լուսանկարներ են հրապարակում սոցցանցերի իրենց էջերում՝ դրանց կից գրառումներում ներկայացնելով իրենց հիշողությունները, տուն վերադառնալու մասին երազանքները, իրենց բաժին ընկած ցավն ու կորուստները վերապրելու ու նոր կյանք ստեղծելու ջանքերը…
«Պատերազմի հետևանքով ես ինձ էի կորցրել…»
Հասմիկ Հակոբյանի կրտսեր եղբայրը՝ Իլյան անմահացավ նոյեմբերի 9-ին Շուշիում՝ հրադադարի պայմանագիրը ստորագրելուց ժամեր առաջ։ Մարտակերտցի տղային հողին են հանձնել Աբովյան քաղաքում։
Պատերազմի օրերին պայթեցրել էին Հակոբյանների՝ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում գտնվող տունը, որտեղ կամավորներ էին պատսպարվում։ Կանանց տեղափոխել էին Հայաստան։ Մի բարի կին՝ Աշխեն անունով Աբովյանում գտնվող իր տունն ամիսներ շարունակ տրամադրել էր արցախցիներին, հոգացել նրանց բոլոր ծախսերը։
Ինչպես Հասմիկն է WomenNet.am-ի հետ զրույցում պատմում ՝ Իլյայի մահից հետո չգիտեին, եղբորը որտեղ հուղարկավորել, համոզված չէին, որ հայրենի գյուղը կմնա հայկական, բացի այդ Ստեփանակերտ հասնելն այդ օրերին բարդ էր։
Իլյան, որ կենդանության օրոք ընդամենը մի քանի անգամ է եղել Աբովյանում, հիմա ննջում է այնտեղի գերեզմանատանը՝ աբովյանցիների կողքին…
Պատերազմի ավարտից հետո Մաղավուզը մնաց հայկական, Հասմիկի հայրը, մայրը վերադարձան տուն, ապրում են գետնահարկում, որը համեմատաբար քիչ է վնասվել։ Հասմիկը, որ մասնագիտությամբ բանասեր է, որոշել է՝ ոչ մի դեպքում եղբորից չի հեռանալու։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ստացած գումարով Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում մի փոքրիկ բնակարան է գնել, գումարն այլ բնակավայրում տուն ձեռքբերելուն չէր հերիքում։
Մինչ Աբովյան հասնելը երեք ուրիշ ընտանիքների հետ Հասմիկենք էլ տեղավորվել էին Արցախի Ղազարահող գյուղում։ Հետո այստեղից դուրս գալն էլ դարձավ հրամայական։
«Մենք մտածում էինք, այս ամենը մի քանի օր է տևելու։ Ոչ մի բան չենք վերցրել։ Ամեն օր սպասում էինք, որ այսօր պատերազմն ավարտվելու է։ Աբովյանում էինք, երբ հայրս զանգեց, ասեց՝ տունը չկա։ Ինքն էլ դրսում կանգնած է եղել։ Երկու եղբայրներս էլ պատերազմի դաշտում էին՝ ավագը որպես կամավոր, կրտսերը՝ Իլյան՝ ժամկետային»,-ասում է Հասմիկը։
Մինչ պատերազմը, Մաղավուզի տանն ապրում էին Հասմիկը, կրտսեր եղբայրը, ծնողները։ Հասմիկը 2020-ի հոկտեմբերի 1-ից պետք է աշխատանքի անցներ Արցախի Հանրային ռադիոընկերություն, որոշել էր սեպտեմբերի 28-ից Ստեփանակերտ տեղափոխվել։
«Միշտ մեղադրում էի իմ ծնողներին, ինչո՞ւ են առաջին պատերազմից հետո գյուղ վերադարձել։ Մարտակերտը միշտ էլ տուժել է բոլոր պատերազմների ժամանակ։ Բայց նոր եմ հասկանում, թե ինչ է հողի քաղցրությունը…Պատերազմից հետո շատ դժվար էր, մի կերպ եմ կարողացել հաղթահարել այդ հոգեվիճակը, կյանքը կորցրել է իր բոլոր գույները»,-աչքերը լցնում է 35-ամյա Հասմիկը։
Ծանր դրությունը հաղթահարելու համար Հասմիկը դիմում է աջակցության ծրագրերին, օրինակ, արցախցիներին տրամադրվող պետական սոցաջակցության ծրագրի շրջանակում դիմահարդարում է սովորել։
«Թեև բարձրագույն կրթություն ունեմ, բայց որոշեցի արհեստ սովորել, չգիտեի, ինչ կլինի վաղը, կորցրել ենք ամեն ինչ… Հետո արդեն իմ միջոցներով շարունակեցի դիմահարդարման դասընթացները, դա ինձ օգնեց դուրս գալ ծանր հոգեվիճակից։ Այս ընթացքում ես ամեն օր աշխատանք էի փնտրում, ռեզյումեներ էի ուղարկում տարբեր տեղեր, հարցազրուցների էի մասնակցում… Եղել են դեպքեր, երբ հաղթահարել եմ այդ փուլը, գնալ-գալն է խնդիր եղել տրանսպորտի, ժամի առումով։ Այնպես ստացվեց, որ Հրազդանի համայնքապետարանում աշխատանք առաջարկեցին լրատվության բաժնում, ես էլ սիրով համաձայնեցի»,-պատմում է նա։
Հասմիկը նաև նպատակ ունի՝ սեփական գեղեցկության սրահը կամ էսթետիկ կենտրոն ունենալ, հայտեր է ուղարկում դրամաշնորհային տարբեր ծրագրերի։ Կարմիր Խաչի կազմակերպությունն օգնել է նրան ձեռք բերել անհրաժեշտ մի քանի սարքավորումներ ու նյութեր։
«Պատերազմի հետևանքով ես ինձ էի կորցրել… Ես լրիվ ուրիշ մարդ էի, ինչքան էլ վատ վիճակում եմ եղել, ժպտացել եմ։ Հիմա ես ապրելու ուժ եմ ստանում իմ եղբորից՝ Իլյայից։ Ես մտածում եմ, որ նա ինձ վերևից նայում է, ես իր առջև հաշվետու եմ։ Ես մտածում եմ, որ Իլյան չի ընկրկել ոչ մի բանի առջև, ես նույնպես պետք է այդպես անեմ։ Մայրս… Մայրս էլ է շատ փոխվել, շատ հաճախ արցունքները խեղդում է վերմակի տակ՝ ուժեղ երևալու համար, չի լքում Արցախը, աշխատում է համայնքապետարանում։ Ասում է՝ գամ, նստեմ կողքդ, ի՞նչ անեմ։
Ես մտքում մի նպատակ ունեմ՝ մեր տունը պետք է կանգնի, կանգուն լինի։ Պետք է ձևակերպել նպատակ ու պայքարել հանուն դրա… Պետք է շատ աշխատել, լավ աշխատել, ես մտածում եմ, եթե եկա աշխատանքի ու իմ գործը վատ արեցի, ուրեմն արժանի չեմ իմ եղբորը»,-ասում է Հասմիկը։
Հասմիկը շատ շնորհակալ է այս ընթացքում իր կողքին կանգնած, իր ձեռքը բռնած մարդկանց, որոնք օթևան տրամադրեցին, ամենածանր պահին իր ընտանիքի կողքին եղան, օգնեցին իր տունը կահավորել։
«Գիտեք, ով ինչ ուներ, տվեց… Շնորհակալ եմ բոլորին։ Ինձ ասում են, դու ուժեղ ես, բայց այդ ուժեղ լինելն ինձ վրա թանկ է նստում…»,-անկեղծանում է նա։
«Պատերազմի վերքերը «բուժելու» միակ բանաձևը»…
«Աշխատել շատ։ Ստեղծել շատ։ Կրթվել շատ։ Սիրել շատ։ Սա է պատերազմի վերքերը «բուժելու» միակ բանաձևը։ Պինդ մնացեք…», – այս կարգախոսով է շարժվում Հադրութի Տող գյուղում ծնված, մեծացած Մարգարիտան։
Ֆեյսբուքում նա ներկայանում է նաև «Անտող աղջիկ» անունով։ Ասում է՝ Տողում երջանիկ էին ապրում, գյուղի դպրոցում անգլերեն էր դասավանդում։ 2020-ին, երբ համավարակով պայմանավորված դասերն առցանց էին, սարերն էր գնում ամուսնու ու երեխաների հետ, բույսեր հավաքում՝ թեյի փնջեր պատրաստելու ու վաճառելու համար։ Հիմա փոքրիկ փաթեթներում Հայաստանի այլ վայրերից հավաքած բույսերն են։
Սեպտեմբերի 27-ի երեկոյան դուրս եկան գյուղից, ամուսինը Մարգարիտային ու դուստրերին Երևան բերեց ու Արցախ գնաց՝ մի քանի օրից վերադառնալու ակնկալիքով։
«Փաստաթղթերով թղթապանակաը վերցրեցի ու երեխաներին մի քանի շոր։ Մտածում էի՝ մի քանի օրից վերադառնալու ենք։ Հետո պատերազմում ամուսինը վիրավորվեց… Երբ վիրավոր ամուսնուս տեսա , հասկացա, որ երեք երեխաները ինձ են նայում, պետք է ուժերս հավաքեմ, հակառակ դեպքում կկործանվենք։ Հասկացա՝ պետք է ուժեղ լինեմ»,-ասում է Մարգարիտան։
Նա մոր, երեք երեխաների հետ նախ ապրում է Լուսակերտում ապրող քրոջ տանը, ապա տեղափոխվում Հրազդան, հետո՝ Էջմիածին, ավելի ուշ Ավանի հանրակացարան, Զովունի։
«Հետո սոցապ նախարարությունը մեզ վերցրեց իր հովանու տակ։ Մեզ գումար տրամադրեցին, որը բացառապես ծախսվեց Լուսակերտում մեր հայրենակիցների աջակցությամբ ձեռք բերված տան վերանորոգման համար»,-նշում է նա։
Մարգարիտան պրպտող կին է։ Թեյի պատրաստած փաթեթները ներկայացնում է տարբեր միջոցառումների, ցուցահանդեսների ժամանակ, ծանոթանում մարդկանց հետ։
«Իրականում մեր կողքին շատ մարդիկ կանգնեցին՝ անհատներ, կազմակերպություններ։ Բայց եղել են դեպքեր, երբ աջակցության ծրագրերի շրջանակում գնացել եմ, օրինակ, երեխայի հագուստ ստանալու, երկար հերթ կանգնելուց հետո ինձ ասել են՝ քեզ չի հասնում, 4-5 երեխա ունեցողների համար է։ Մի դեպք էլ եղավ, երբ ասացին, ապրանքը վերջացել է, ձեզ օգնություն չենք կարող տալ։ Ես դրանից հետո շատ նեղվեցի, բայց նաև հասկացա, որ ոչ թե պետք է օգնություն սպասեմ, այլ պետք է հասնեմ մի վիճակի, երբ ես կկարողանամ հոգալ սեփական կարիքներն ու օգնել ուրիշներին»,-պատմում է հադրութցի կինը։
Ավանի հանրակացարանում ապրելու ընթացքում պետությունը հոգացել է տեղահանված ընտանիքների սննդի, կոմունալ ծառայությունների ծախսերը։ Այդ ընթացքում Մարգարիտան թեյերի վաճառքից հավաքված գումարով մի կարի մեքենա է գնել, կտորներ, թեյերի պարկերը կարելու համար։ Հայրենազրկված ընտանիքներին օգնելու մարդկանց ցանկությունը թեյերի պահանջարկ ապահովեցին։ Թեյերն անգամ Ֆրանսիա հասան։
«Երբ ինձ ասում էին, ինչով օգնենք, ես ասում էի՝ աջակցեք, որ թեյերըս վաճառվեն։ Երազանքս էր իմ սեփական անկյունն ունենալ։ Լուսակերտում այդ ժամանակ մի սենյականոց բնակարան էր շտապ վաճառքի դրված։ Երբ հասկացա, որ տան գումարի կեսն ունենք, դրամահավաք կազմակերպեցինք, այդպես հավաքվեց ողջ գումարը։ Փոքր տուն է, բայց ես գոհ եմ, տնից հանելու վտանգի առաջ կանգնած չեմ, շնորհակալ եմ մեր կողքին կանգնած յուրաքանչյուր մարդու»,-ասում է Մարգարիտան, ով այսօր փորձում է « գոհ լինել եղածով, կիսել ունեցածը կարիքավորի հետ ու առաջ շարժվել..».
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 924